Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սոցկայքի իր էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել Աշխատանքի օրվա առթիվ: Հակոբ Արշակյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
մենք՝ հայերս, երբևէ աշխատանքից խույս չենք տվել և մեծապես մեր աշխատասիրության շնորհիվ է, որ հաղթահարել ենք և շարունակում ենք հաղթահարել խոչընդոտները՝ մեր երազած Հայրենիքի կերտման ճանապարհին։
Շնորհակալ եմ ռազմարդյունաբերողներին, հեռահաղորդակցության ու փոստի աշխատակիցներին, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական համայնքին, ոլորտում ընդգրկված յուրաքանչյուր աշխատակցի և գործատուի հատկապես կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում ճկունություն և բարձր գիտակցություն ցուցաբերելու, անձնվեր աշխատանքի համար։
Անգամ հեռավար ձևաչափով, շնորհիվ Ձեզ և Ձեր կողմից ստեղծված լուծումների՝ մեր տնտեսությունը, կրթական, սոցապահովության և հատկապես առողջապահական համակարգերը կարողանում են իրականացնել իրենց գործառույթները, գործել, աջակցել ու փրկել կյանքեր։
Շնորհավոր մայիսի 1, մենք դեռ շատ աշխատանքներ ունենք միասին իրականացնելու՝ ի նպաստ մեր քաղաքացիների անվտանգության ու բարօրության, հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի»։