Ադրբեջանում գերեվարված զինծառայողի մայրն ահազանգում է. երեք ամիս է տղայիցս լուր չունեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի օգոստոսի 12-ին ադրբեջանական սահմանը հատած հայազգի ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի հանձնման հարցը այդես էլ շարունակում է մնալ օդում կախված: Դեպքից գրեթե մեկ տարի է անցել, սակայն մինչ օրս զինծառայողի մասին հստակ որևէ նորություն չկա:

Համենայն դեպս, պաշտոնական վերջին հայտարարությունը 19-ամյա զինծառայողի գերեվարման մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից արվեց: Նախարարը կարճ էր խոսել. «Ադրբեջանական սահմանն անցած զինվոր Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մեր մտահոգության առարկան լինել»:

Ինչպես հայտնի է, Բաքուն հայտարարել էր, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին , Արցախում գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիեւի հետ: Իսկ հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել էր Բաքվի՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակելու այդ առաջարկը: Վարչապետ Փաշինյանը պնդում էր. «Փոխանակում չի կարող լինել, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»:

ArmLur.am-ի հետ զրույցում Արայիկ Ղազարյանի մայրը՝ Կարինե Ղազարյանը, բավականին նեղսրտած պետական կառույցներից, հայտարարեց, որ որդու մասին վերջին տեղեկությունը ստեցել են 2019թ. փերվար ամսին  Կարմիր խաչի միջոցով, ու ալևս ոչ մի նորություն չունեն։

«Արդեն երեք ամիս է ոչ մի լուր չունեմ տղայիցս, չգիտեմ՝ ինչ վիճակում է… Դիմում եմ Կարմիր խաչին, ասում են լուր չունեն այս կարանտինի պատճառով, թե երբ կունենան, իրենք էլ չգիտեն»,- պատմեց ռազմագերի Արայիկ Ղազարյանի մայրը:

Կարինե Ղազարյանը նաև մեզ հետ զրույցում հավելեց.

«Երկու անգամ վարչապետին նամակ եմ գրել, չի ընդունել: Առհասարակ բոլորից եմ դժգոհ, շուտ են մոռանում իրենց զինվորներին»։

Հիշեցնենք, որ Արայիկ Ղազարյանը Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքից է։ Ունի մեկ եղբայր, ով պայմանագրային զինծառայող է, ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս