Վարձու մարդասպան Սերժ Սարգսյանի դե՞մ. ինչով է պայմանավորված ուժեղացված հսկողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ դեռեւս 2015 թվականից ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀՀ պետական կառույցներում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` այս օրերին այդ հսկողությունը առավել խստացվել է, քանի որ ԱԱԾ-ն մի նոր բացահայտում է արել, որն ուղղված է եղել Սերժ Սարգսյանի դեմ:

Այն, որ մեր երկրում մարդու դեմ ուղղված հանցագործություններն աճել են, անգամ վիճակագրական տվյալներն են փաստում: Գրեթե ամեն օր մեր երկրում արձանագրվում են աղմկահարույց կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ: Սոցիալ-տնտեսական, կրթական ու կենցաղային մի շարք պատճառներով պայմանավորված ագրեսիան հասնում է բոլորին, եւ ոտնձգություններից զերծ չեն մնում նաեւ իշխանությունները:

Եվ այսպես՝ դեռեւս 2015 թվականին ազգային անվտանգության ծառայությունը Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծեց «հանցավոր խումբ», որի պարագլուխն էր «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը: Ըստ ԱԱԾ-ի` Արթուր Վարդանյանի գլխավորած խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, ՀՀ կառավարության եւ Սահմանադրական դատարանի շենքերը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: ԱԱԾ տվյալներով՝ խումբը փորձել էր վերահսկել Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայողների աշխատանքի կազմակերպումը: Ավելին՝ Արթուր Վարդանյանին հաջողվել է գաղտնի նկարահանել Սերժ Սարգսյանի այցերից մեկը:

Դեռես 2016 թվականի մարտի 30-ին ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հաստատել էր մեր այն տեղեկությունը, որը Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խումբը քննարկել է Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու հարցը. «Խոսքը գնում է դեկտեմբերի 1-ին նախագահի ինքնաթիռը, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մեկնելիս, նման գործողություն կատարելու հավանականության մասին:

Ընդ որում, քննարկվել է կոնկրետ տեղը, թե որտեղից է դա հնարավոր իրականացնել. իհարկե, «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքների մասին է: Մենք այդ տարածքը ուսումնասիրել ենք, կարող եմ ասել, որ դա ֆիզիկապես հնարավոր էր իրականացնել, քանի որ վայրէջք կատարելիս, թռչելիս ինքնաթիռը բավականին ցածր բարձրության վրա է գտնվում եւ հասանելի է»:

Սակայն այսքանով գործող իշխանության նկատմամբ գոյացած ագրեսիան ու կոշտ գործողությունների պլանավորումները չավարտվեցին: 2016 հունիսի 21-ին, երբ Հայաստան այցելեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, նախորդ օրը ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ պարզվել էր, թե Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը:

Սակայն այս բացահայտումը եւս չհանդարտեցրեց գործող իշխանության նկատմամբ կուտակված ագրեսիան: Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավեցին ոստիկանության ՊՊԾ գունդը, զոհվեցին ոստիկանության 3 աշխատակիցներ, վիրավորվեցին նաեւ խմբի անդամները: Նրանք եւս իրենց հերթին մի շարք պահանջներ ներկայացրին, որոնցից առաջնայինը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը… Իհարկե, պահանջներից որեւէ մեկն այդպես էլ չիրականացվեց, եւ 14 օր ՊՊԾ գունդը իրենց տիրապետության տակ պահելուց հետո խումբը հանձնվեց:

Թվում է, թե այլեւս վտանգը չեզոքացված է, եւ Սերժ Սարգսյանի իշխանությանը ոչինչ չի սպառնում, բայց ոչ: Լուրեր են պտտվում, թե ՀՀ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն է ստացել այն մասին, որ Սերժ Սարգսյանի դեմ մի նոր հարձակման փորձ է ծրագրվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Բաղրամյան 26-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը առավել ուժեղացվել է: Ու երբ այս տեղեկությանը գումարվում է հունվարի 5-ին Սերժ Սարգսյանի անսպասելի արձակուրդ մեկնելու տեղեկությունը, իրավիճակն ավելի է լրջանում:

Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վերջին տեղեկության մասով պարզաբանումներ ստանալ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ, Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյանից:

-Պարո՛ն Հարությունյան, ինչո՞վ է պայմանավորված ՀՀ պետական կառույցների եւ, առհասարակ, Սերժ Սարգսյանի անվտանգության ուժեղացված հսկողությունը:

-Մեզ մոտ նորմալ աշխատանքային պրոցես է, ո՛չ մտահոգվելու, ո՛չ անհանգստանալու առիթներ չկան, մենք մեր ամենօրյա գործառույթները իրականացնում ենք ամբողջ ծավալով, ինչպես որ պետք է:

-Լուրեր են պտտվում, որ վարձու մարդասպան` քիլլերի են փնտրում իրավապահները, որը պատվեր է ստացել Սերժ Սարգսյանի դեմ:

-Եթե նման բան բացահայտվեր, ապա այն հայտնի կլիներ բոլորին:

-Իսկ գուցե չի հրապարակվում խուճապ չառաջացնելու համա՞ր:

-Համենայնդեպս խուճապի մատնվելու կարիք չկա, ուղղակի մենք մեր գործառույթները իրականացնում ենք ամբոջ ծավալով: Մեկին կարող է դա դուր չգա, բայց մենք նորմալ մեր աշխատանքային պրոցեսը իրականացնում ենք:

Քնար Մանուկյան




Լրահոս