ՖՈՏՈ․ Փոքրիկ Յաննան՝ բլոգեր․ Մանո Գրիգորյանը՝ նոր նախագծի եւ դստրերի նախասիրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է դստրերի հետ շփվելու իր յուրահատուկ մեթոդի, փոքրիկ Յաննայի՝ նոր նախագծում, որպես բլոգեր հանդես գալու մասին: Մանո Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշել է, որ այս կարանտինային ամիսներն իր համար ամենեւին ձանձրալի եւ սթրեսային չեն եղել, ինչպես նշում են շատերը, քանի որ նա այդ ժամանակահատվածն օգատգործել է դստրերի հետ ավելի մտերմանալու եւ նրանց հետ ավելի երկար ժամանակ անցկացնելու վրա:

«Այս կարանտինային պայմաններում Յաննի հետ կապված մի քանի ծրագրեր ստոպ եղան, նոր բավականին հետաքրքիր նախագիծ ենք ուզում սկսել, քանի որ նա սկսել է ավելի լուրջ զբաղվել բլոգեր դառնալու ուղղությամբ, եւ հուսով եմ, շատ շուտով արձագանքները, նորությունները կտեսնեք համացանցում, չնայած, որ հիմա իր ինստագրամյան էջի հետ ինչ-որ խնդիրներ են առաջացել, չենք հասկանում գողացել են, թե փակել են էջը, մի խոսքով ` հիմա փորձում ենք այդ խնդիրը լուծել, տեսնենք, թե ինչպես կարող ենք էջը հետ վերադարձնել»,-ընդգծում է Մանո Գրիգորյանը:

Դերասանուհու կարծիքով` իր փոքրիկ աղջիկը, ով արդեն բավականին հայտնի է,  շատ լավ լեզվի ճկունություն ունի, եւ մանկական բլոգի միջոցով կարող է լավ եւ հետաքրքիր միջոցառումներ լուսաբանել:

«Բլոգում ոչ թե իր մասին ինչ-որ պատմություններ պատմի, քանի որ կարծում եմ իր մասին բոլորն արդեն գիտեն, այլ փորձում ենք մտնել ավելի պրոֆեսիոնալ բլոգերի դաշտ, քանի որ իր տարիքի հետ կապված դեռ հստակ ուղղվածություն չունի, դեռ չի կողմնորոշվել, թե իրականում ինչն է ավելի իրեն հոգեհարազատ, երգարվեստը, թե բլոգեր լինելը, բայց որ արվեստասեր է, դա միանշանակ է։ Մենք՝ որպես ծնողներ , փորձում ենք նրա համար ազատ դաշտ ստեղծել, որպեսզի նա կարողանա ընտրություն կատարել, ոչինչ առանց իր ցանկության չի կատարվում, այնպես չէ, որ մենք այս ոլորտի մեջ ենք, եւ իրեն պարտադրում են, թե անպայման դու պետք է երգես, նման բան չկա։ Պարզապես իր բախտը բերել է այնքանով , որ մենք այդ ամեն ինչին լավ տիրապետում ենք, եւ իր մոտ ավելի արագ է ստացվում»,-նշում է նա:

Սակայն, խոսելով մեծ դստեր` Էվայի մասին, մեր զրուցակիցը միանգամից ընդգծում է, որ նա ուրիշ երեխա է. «Ես նրան միշտ այդպես եմ ասում, նա յուրահատուկ երեխա է իր ներաշխարհով, եւ ես որպես մայր նկատել եմ, որ իր մեջ ահավոր մեծ ստեղծագործական ոգի կա, նա միշտ իրեն ավելի դժվար է գտնում, ի տարբերություն Յաննայի, նա ավելի խորն է, ամեն ինչ ուրիշ հայացքով է տեսնում, կարելի է ասել ռեժիսորի աչքեր ունի, ավելի խորը, ավելի դիտող է, տեսակով փակ է, եւ մենք դեռ  փնտրում ենք նրան»:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանո Գրիգորյանը հատուկ շեշտում է, որ երեխաների դաստիարակության մեջ նա առաջնահերթությունը տալիս է «մարդ» լինելու հանգամանքին, որպեսզի նրանք երբեք, իրենց կյանքի ցանկացած պարագայում չմոռանան լավ մարդ մնալ:

«Ես ուզում եմ, որպեսզի նրանք լինեն հասկացող, բարի, օգնող ու պատասխանատու մարդիկ: Երբեք չդավաճանեն լավ մարդ լինելու արժեքները»,-հավելում է մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս