Երեւանի կենտրոնի հագուստի, կոշիկի եւ կոսմետիկայի խանութները հայտնվել են ճգնաժամային վիճակում: Կորոնավիրուսի հետեւանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ այս խանութները չեն աշխատել, փակված են մնացել եւ կրել են ֆինանսական մեծ կորուստներ: Նույն պատկերն է նաեւ Երեւանի մյուս վարչական շրջանաներում, ՀՀ մարզային քաղաքներում: Ավելին, այս օրերին հաճախակի կարելի է հանդիպել «Փակ է», «Տրվում է վարձով», «Վաճառվում է» փակցված գրություններ: Անգամ կան խանութներ, որոնց պատուհաններին փակցված են «Լիկվիդացիոն գներ» գրություններ, ինչը հուշում է այն մասին, որ խանութը ունեցած ապրանքատեսակները պատրաստ է վաճառել սահմանվածից ցածր գնով:
Օրինակ, տեղեկություններ կան, որ Փոքր կենտրոնում հագուստի, կոշիկի խանութներին տարածք տրամադրող սեփականատերերը չեն պատրաստվում զիջել եւ նվազեցնել վարձավճարի չափը: Իսկ տվյալ տնտեսվարողները քանի որ երեք ամիս չեն աշխատել, հետեւաբար չեն կարող տարածքը շարունակել վարձակալել այդ գներով: Ի դեպ, տեղեկացնենք, որ իսպանական Zara հագուստի խանութների ցանցի սեփականատերը մտադիր է ամբողջ աշխարհում մոտ 1200 խանութ փակել եւ փոխարենը խթանել առցանց առեւտուրը: Պատճառը կորոնավիրուսի հետեւանքով փետրվար-ապրիլ ամիսներին կրած ֆինանսական մեծ կորուստներն են:
Մանրամասները՝ տեսնանյութում
Սյունէ Համբարձումյան