Քոչարյանն իրավունք չունի ազատության մեջ գտնվելու․ դեռ աչքիս առաջ է թատրոնի դիմացի մարդասպանությունը․ Լուսինե Կիրակոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Արտավազդ» մրցանակակիր Լուսինե Կիրակոսյանն է: Դերասանուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է մի շարք ներքաղաքական հարցերի:

«Ես Աստծու տված մարդ եմ, նույնիսկ ինֆորմացիաներ եմ վերեւից ստանում: Մեր երկրի վերջը շատ լավ է լինելու: Քոչարյանի ազատ արձակվելը ժամանակավոր բնույթ է կրում: Քոչարյանն իրավունք չունի ազատության մեջ գտնվելու, դեռ աչքիս առաջ է մեր թատրոնի դիմացի մարդասպանությունը: Բոլոր մարդասպանները պետք է իրենց պատիժը օրենքի առաջ կրեն»,-նշում է նա:

Դերասանուհին մեզ հետ զրույցում ընդգծում է, որ երբեք քաղաքականությամբ չի հետաքրքրվել, բայնց այն ինչ հիմա կատարվում է մեր երկրում, չի կարող անտարբերության մատնել նրան:

«Ես առաջ երբեք քաղաքականությամբ չեմ հետաքրքրվել, բայց հիմա, որ տեսնում եմ, թե ինչ վիճակ է երկրում, արդեն անկախ քո կամքից դու էլ ես մտնում դրա մեջ: Բոլորը պետք է իրենց պատիժները կրեն, եթե ժողովուրդն էլ չդատի, Աստված դա կանի, բայց այստեղ մի հատ ուրիշ փակ քաղաքականություն կա, որին մենք չենք տիրապետում, գաղտնի է, ինչ-որ նպատակների համար, ինչ-որ բաներ են կատարվում:

Կարող է պետք է սպասել: Ես գիտեմ, որ փող բաժանելով ժողովրդից ձայն են հավաքել, հենց ժողովրդից գողացած փողով, ու որոշները ոչխարի պես արածում են այդ գումարները, արդեն ամոթ է: 1988 թվականին, երբ երկրաշարժը տեղի ունեցավ, փոխվեց ամեն ինչ, Սումգայիթի ջարդ տեղի ունեցավ, հեղափոխություններ, Սովետի փլուզումը, մութ ու ցուրտ տարիների․ դա ինչո՞ւ հաշվի չեն առնում: Այդ բոլորին էլ պետք է մեջտեղ բերեն»,-նկատում է նա:

ՀՀ վաստակավոր դերասանուհու դիտարկմամբ` այսօր մեր երկրում բոլորը դարձել են քննադատողներ, մեկնաբաններ.

«Ամբողջ Հայաստանը բամբասանքով է զբաղված, ոչ մի լավ բան չենք գնահատում, ամեն լավ բանի մեջ վատն ենք տեսնում, ուտող ուրացողները շատ-շատ են: Մարդ առաջինն ինքն իրեն պետք է նայի, հետո նոր կարողանա դիմացինին քննադատել: Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ ամեն ինչ կհաղթահարենք: Ինչո՞ւ եք հարձակվում վարչապետի վրա, ինչու չեք օգնում մարդուն, որպեսզի դուրս գանք այս կեղտի միջից, ահագին դուրս ենք եկել, բայց ոտքներս շատ խրված է, թեկուզ բոբիկ պետք է դուրս գանք, ազատ ու միմյանց նկատմամբ հարգանքով ապրենք»:
Լուսինե Կիրակոսյանի կարծիքով` երկիրը այս վիճակից կարող է դուրս բերել միայն միասնությունը:

«Այսքան ժամանակ չի եղել մի դեպք, որ ես առանց դիմակ տանից դուրս գամ կամ ինչ-որ մեկին հյուր գնամ, կամ ընդունեմ, չեմ հասկանում` ինչո՞ւ չեք պահում անվտանգության կանոները: Պետք է բոլորս միավորվենք, մի բռունցք դառնանք, որպեսզի կարողանանք այս դժվարությունները հաղթահարել: Մեր հայ ժողովրդի մեծամասնությունն իրականում շատ մեծամիտ է: Օրը մի քանի անգամ աղբահանության մեքենաները գալիս են աղբը տանում, բայց էլի տեսնում եմ, որ դիմակներ, ձեռնոցներ, սպրիչներ, էլ ինչ ասես գետնին գցված են: Ախր ամոթ է, նույն անողները շենքերի շքամուտքում միզում են, բայց իրենց տուն մտնելիս ոտքերը սրբում, հանում, մաքրում են, նոր մտնում են, բայց չէ որ քո փոքր տունը ունի նաեւ իր մեծ տունը, եւ այդ մեծ տունը պետք է բոլորս միասին մաքուր պահենք»,-շեշտում է դերասանուհին:

Լուսինե Կիրակոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցն ամփոփում է լավ լուրով. «Մի լավ նորություն ունեմ, վերջերս զանգահարել էր Արմեն Խանդիկյանը, հարցրեց որպիսությունս, թե ինչի կարիք ունեմ, եւ այսքան ժամանակվա մեջ ասաց, որ ինձ համար նոր դեր է նախատեսել, եւ որ ամեն ինչ լավ է լինելու: Նրա զանգից հետո տրամադրությունս բարձրացավ, ապրելու ձգտում առաջացավ»:

Եվ մեզ հետ զրույցի վերջում հավելում է, որ մեծ ցանկություն է ունի հանդիպելու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց դեռեւս նրան չի հաջողվում :

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս