Արայիկ Հարությունյանն այցելել է Ամարասի հովիտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին այցելել է Ամարասի հովիտ և ծանոթացել բերքահավաքի ընթացքին ու մի շարք այլ աշխատանքների:

Երկրի ղեկավարը նախ եղել է Ամարասի վանական համալիրում և ծանոթացել «Լույս» հիմնադրամի միջոցներով տեղում ծավալվող վերականգնման գործընթացին: Այնուհետև Հանրապետության նախագահը գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ եղել է դաշտերում, որտեղ ակտիվ ընթանում են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներ: Արայիկ Հարությունյանը մենատնտեսներից հետաքրքրվել է բերքատվության ցուցանիշներով և անընդունելի համարել միևնույն տարածքում ու կլիմայական պայմաններում տարբեր հողօգտագործողների ստացած բերքի արդյունքների անհամեմատ տարբերությունը: Նա գյուղոլորտի պատասխանատուներին հայտնել է իր նկատառումները՝ հանձնարարելով խնդրի լուծման ուղղությամբ տեսական և գործնական միջոցներ կիրառել:

Անդրադառնալով տարածքում ոռոգման ջրի խնդիրներին՝ նախագահը հանձնարարել է կարճ ժամանակում ուսումնասիրել նախկին արտեզյան ջրհորների վերագործարկման և նորերի կառուցման հնարավորությունները՝ ընդգծելով, որ խնդրի համապարփակ լուծման համար կառավարությունը պատրաստ է միջոցներ հատկացնել:
Նախագահ Հարությունյանն այցելել է նաև Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գտնվող և Շուշիի տեխնոլոգիական համալսարանին պատկանող տոհմային կայան, որի շինաշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է միջոցներ հատկացնել համապատասխան գլխաքանակի խոշոր եղջերավոր տոհմային անասունների ներկրման համար:




Լրահոս