Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ: Զոհերի թիվը ճշտվում է, ու ամենայն հավանականությամբ, կաճի, հազարավոր մարդիկ վիրավորվել են, քաղաքի մի մասը փլատակների է վերածվել:
Պայթյունը տեղի է ունեցել նավահանգստում, ենթադրաբար, պահեստում, բայց դեռ ճշգրիտ տվյալներ չկան: Երկրում երեք օր սուգ է հայտարարվել:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական գրառում է կատարել Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։
«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից: Սգում եմ բոլոր զոհերի մահը եւ ցավակցում զոհերի հարազատներին եւ մտերիմներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին։ Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին»,- գրել է Փաշինյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ։ Իր զորակցությունն է հայտնել Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը և ժողովրդին:
Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ 3 հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:
Մանրամասները՝ տեսանյութում