Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական ու ռազմական վերնախավի նախաձեռնած լայնածավալ ռազմական ագրեսիան ուղղակիորեն սպառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) բնակչության կյանքին ու գոյությանը։

 

Շաբաթներ տեւող եւ հրադադարի երկու անհաջող փորձից հետո առայսօր շարունակվող Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով սպանվել են չորս տասնյակ քաղաքացիականներ եւ երեխաներ։ Ադրբեջանի դիվերսիոն խումբը, ներխուժելով անպաշտպան բնակիչների բնակավայրեր, գնդակահարել է նրանց տներում, ռմբակոծել փողոցներում:

Գրանցվել է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառում, մասնավորապես՝ կասետային ռումբեր, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու եւ երկարաժամկետ վնաս հասցնելու համար: Հայ ռազմագերիների նկատմամբ դրսեւորվել է անմարդկային վերաբերմունք՝ գլխատում եւ Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշների մեջ փաթաթված գնդակահարումներ: Ադրբեջանի զինվորներն այս բարբարոսությունները տեսանկարահանել եւ հրապարակել են սոցիալական ցանցերում, ուղարկել զոհերի հարազատներին:

Պաշտպանական գործողությունների ընթացքում հարյուրավոր հայ զինվորականներ են զոհվել, իսկ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության մի մասը ստիպված է եղել դուրս գալ իր բնակության վայրից՝ հետեւում թողնելով չընդհատվող հրետանակոծություններից ավիրված քաղաքներ ու գյուղեր, սահմանագծում պայքարող հարազատներ, իսկ առջեւում բախվելով վաղվա օրվա հանդեպ անորոշությանն ու տնից ու կյանքից զրկվելու իրական վտանգին։

Այսօր ավելի, քան երբեւէ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում են միջազգային հանրության հրատապ եւ հստակ քայլերը։ Աշխարհի մի շարք տեղական եւ պետական կառավարման մարմիններ, առերեսվելով պահի հրամայականին եւ գիտակցելով իրենց դերն Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան զսպելու, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի, որպես նրանց անվտանգության եւ կյանքի իրավունքի երաշխիքներից մեկը ճանաչելու գործում, ընդունել են որոշումներ։

Մասնավորապես՝ տեղեկանում ենք, որ.

l հոկտեմբերի 1-ին Չիլիի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող որոշում,

l հոկտեմբերի 6-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը դատապարտող որոշում,

l հոկտեմբերի 7-ին Ժնեւի քաղաքային խորհուրդն ընդունել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտող եւ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք ճանաչող որոշում,

l հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը քվեարկել է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օգտին,

l հոկտեմբերի 8-ին Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է հռչակագիր, որի համաձայն՝ հարցի լուծումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների մեծամասնության կամքի ազատ արտահայտման վրա,

l հոկտեմբերի 9-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ Թուրքիայի նեգրավվածությունը դատապարտող բանաձեւ,

l հոկտեմբերի 13-ին Բելգիայի ֆլամանական խորհրդարանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատերազմական գործողությունները դատապարտող բանաձեւ,

l հոկտեմբերի 14-ին Ավստրիայի խորհրդարանը ընդունել է Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձեւ,

l հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, Թուրքիայի աջակցությունը եւ վարձկանների ներգրավվածությունը դատապարտող բանաձեւ,

l հոկտեմբերի 15-ին իտալական Միլան քաղաքի խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը,

l հոկտեմբերի 15-ին Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին,

l հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձեւ,

l հոկտեմբերի 21-ին Կալիֆոռնիայի Ֆոուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման եւ անկախության իրավունքը, նաեւ միաձայն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ եւ ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ արել միանալ Արցախի ազատությանն աջակցելու հարցում,

l հոկտեմբերի 21-ին Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Խորհրդարանականները դատապարտել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ,

l հոկտեմբերի 21-ին Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները եւ սատարում է կողմերի միջեւ կառուցողական բանակցություններին՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա,

l հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Ֆորտ-Լի քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան եւ ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը։

Ն.Հ.

 

 

ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միեւնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը եւ բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը: Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլեւ ազգային անվտանգության հարց է, որովհետեւ լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար: Նման իրավիճակն անհանդուրժելի է: Ոստիկանությունն այս ուղղությամբ անցնել է ուժեղացված ծառայության ռեժիմի: Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները: Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով:

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար  Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գլխավոր տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը, «ՅՈՒՔՈՄ» հեռահաղորդակցության ընկերություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Խաչատրյանը, «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պյատախինը եւ «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ իրավաբանական բաժնի պետ Մ. Կալեջյանը: Նախարարը, կարեւորելով համագործակցությունը այս ոլորտի ընկերությունների հետ, ընդգծել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Ա. Հարությունյանը մասնավորեցրել է 911 ծառայության թվայնացման, ազդարարման համակարգերի արդիականացման, ինչպես նաեւ բնակչության իրազեկման գործընթացում նորագույն լուծումներ կիրառելու խնդիրները:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԵՂԲԱՅՐԸ

«Անմահացավ հերոս եղբայրս՝ Սեւակ Լեւոնի Սերոբյանը»,- հայտնել է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սեւա՛կ ջան, իմ հարազա՛տ, բառերը խեղդվում են կոկորդումս, չգիտեմ՝ ինչպես արտաբերեմ բառեր, որոնք հնչելու են անցյալով ու կապվելու են քեզ հետ: Անսահման է ցավս, սակայն անսահման է նաեւ հպարտությունս, որ հանուն Հայրենիքի մղվող սուրբ պատերազմում գլուխդ վայր դրեցիր հայոց եզերքի, տան ու օջախի խաղաղության ու հավերժի համար»:

 

 

 

ՆՈՒՅՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Ստամբուլում հայտարարել է, որ Անկարան եւ Մոսկվան ղարաբաղյան բանակցային գործընթացում ունեն նույն իրավունքները: «Թուրքիան ունի ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը մասնակցելու այնպիսի իրավունք, ինչպիսին ունի Ռուսաստանը»,-ասել է Էրդողանը: «Եթե Ռուսաստանը ցանկանում է մասնակցել ղարաբաղյան բանակցային գործընթացին, ապա Թուրքիան էլ ունի դա անելու նույն իրավունքը, համենայնդեպս, ինձ չեն հասել դրա վերաբերյալ Ռուսաստանի բացասական դիրքորոշման մասին վկայող տեղեկություններ»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, թե հուսով է, որ Անկարան եւ Մոսկվան կկարողանան միասին գտնել լուծումը:

 

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեկովի փոխանցմամբ՝  Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Պեսկովի փոխանցմամբ՝ նախագահը մշտական կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  «Ես միայն կարող եմ ավելացնել, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն անում է ամեն բան՝ պատերազմը դադարեցնելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար»,-ասել է Պեսկովը: «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Ալիեւը եւ Փաշինյանն ասել են, թե պատրաստ են մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու համար: Ալիեւը, սակայն, նշել է, որ նման այց կատարելու հրավեր Մոսկվայից չի ստացել:

 

 

8-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ժնեւում տեղի է ունեցել ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության եւ սպառողների պաշտպանության վերաբերյալ 8-րդ համաժողովը, որին հեռավար ձեւաչափով մասնակցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես մասնակցություն է ունեցել համաժողովի շրջանակում կազմակերպված Անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ կլոր սեղանին եւ ելույթով հանդես եկել «Սահմանափակող գործարար պրակտիկայի վերահսկման՝ բազմակողմ համաձայնությամբ ընդունված սկզբունքների եւ կանոնների ներքո  հիմնարար քաղաքականության եւ գործընթացների ընդունման» թեմայով նիստին:




Լրահոս