ՀԱՍԱՆԻ ԶԻՆԱԿԻՑԸ ԺԽՏՈՒՄ Է ԾԵԾԻ ՓԱՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունից «Ժողովուրդ»-ի թղթակցին է զանգահարել  իջեւանցի Արթուր Բաղրամյանը, ով առավել հայտնի է Աբան անունով: Նա վրդովված էր իր մասին հրապարակումից. մենք գրել էինք, որ ազատամարտիկ Սերյոժա Ստեփանյանը ծեծի է ենթարկվել իր կողմից, երբ պահանջել է վերադարձնել կերած ձկան փողը: Դեդ Հասանի` Հասան Ուսոյանի զինակից Աբանը պնդում էր, որ Սերյոժա Ստեփանյանը պատրաստ է հաստատել, որ իբր նման բան չի եղել: Այդ դեպքում ի՞նչն է ծեծի պատճառը: Այս հարցին Աբանը չցանկացավ պատասխանել: Նա նաեւ ժխտեց, թե իր ընտանիքի հետ Բագրատաշենով է Հայաստանից հեռացել` ասելով, որ «Զվարթնոց» օդանավակայանից նախօրոք պատվիրած տոմսերով են մեկնել: Աբանը համառորեն ուզում էր իմանալ, թե ով է «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկատվության աղբյուրը, որը, բնականաբար, նրան չհայտնեցինք: Հիշեցնենք, որ ծեծը տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ին: Իջեւանի ոստիկանությունից եւ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ այդ գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունները դեռ չեն ավարտվել, դրանք կարող են 10-15 օր տեւել: Իսկ երբ ավարտվեն աշխատանքները, նոր կպարզվի` կհարուցվի՞ քրեական գործ, թե՞ ոչ: Ի դեպ, Աբանը Դեդ Հասանի` 74-ամյա Հասան Ուսոյանի հետ 2010թ. սեպտեմբերի 16-ին Մոսկվայի Տվերսկոյե փողոցում վարձու մարդասպանի կրակոցից վիրավորվել էր:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս