ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես է հայկական կողմն արձագանքում Ալիևի և Էրդողանի հայտարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահի երեկվա ելույթներում ատելության ու թշնամանքի այն նույն շեշտադրումներն ու խոսքերն էին, որոնք ադրբեջանական զինվորականներն այս պատերազմի ընթացքում օգտագործում են հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, նրանց դաժանաբար սպանելիս կամ բացառիկ ցինզիմով անմարդկային վերաբերմունք դրսևորելիս, երեկ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Պաշտպանի համոզմամբ՝ նման ելույթներն են, որ տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել են հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ, անպատժելիության բացահայտ խրախուսում ու այդ ամենի պետական ամենաբարձր մակարդակով հովանավորում:

Երեկ Բաքվում տեղի ունեցավ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված ռազմական շքերթ։ Շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, հասավ նաև Հայաստանի տարածք՝ պնդելով, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ, ով ներկա էր շքերթին, հայտարարեց՝ «ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է»։ Թուրքիայի առաջնորդը Երևանին կոչ է արել ջանքեր գործադրել Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու համար՝ միևնույն ժամանակ Հայաստանին սպառնացել «Ադրբեջանի երկաթյա բռունցքով», եթե շարունակի ագրեսիվ վարքագիծը Հարավային Կովկասում:

Իսկ ահա ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը նշում է. Այս հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին: Սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է և չի կարող բերել Հարավային Կովկասում տեւական կայունության: Խիստ դատապարտելի է նաեւ Հայոց ցեղասպանության ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից։ Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները՝ այդ թվում տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ»:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս