Լուսանկարն արվել է Երեւանում
Ձյան տեղումներից հետո Երեւանի մայթերն ու բակային տարածքները մնում են ձնառատ եւ սառույցով պատված, իսկ մայթերի, բակային տարածքների ձնամաքրման աշխատանքների մասին ավելորդ ենք համարում խոսել։ Անմխիթար վիճակում են շենքերի բակերն ու երկրորդական փողոցները։
ԱՎԱՆԴՆԵՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ հերթականությամբ են հաշվարկվում երաշխավորված ավանդները:
Ալբերտ Հունանյան (67 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում, առաջին հերթին հաշվարկվում եմ ավանդների հիմնական գումարները (ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վճարման ավանդատուին, ավանդատուի բանկում բացված հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները եւ բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները), իսկ երկրորդ հերթին՝ վերը նշված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է բանկային ավանդի եւ խնդրահարույց պարտավորության հաշվարկված դրական պարտավորության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ավանդները երաշխավորվում են հիմնադրամի միջոցների հաշվին:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Եթե անձը անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ է, ապա ինչպե՞ս կարող է դիմել համապատասխան մարմին կենսաթոշակ ստանալու համար: Խնդրում եմ ասել՝ ով կարող է դիմել կենսաթոշակ նշանակող մարմին:
Էլմիրա Հայրապետյան (61 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն): Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը: 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում դիմողը լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը: Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները: