ԾԱԽՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում  կինոարտադրություն համարյա չկա, դրա մասին պնդում են գրեթե բոլոր ռեժիսորները, բայց, այնուամենայնիվ, շարունակում են ֆիլմեր նկարել:   ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ վերջերս ֆիլմ նկարեց`  ռոք օպերա` «Թափառում»: Ինքն էլ հանդես եկավ  գլխավոր դերակատարի եւ բեմադրող ռեժիսորի դերում: -Ամեն մարդ իր ստեղծագործական ճաշակի վրա հիմնվելով է ինչ-որ բան ստեղծում, սխալ է փնովել ուրիշների աշխատանքները, ուղղակի ափսոսում եմ, քանի որ լավ երկիր ենք:-Երբ ստեղծում էիք ռոք օպերան, չէի՞ք մտածում, որ  Հայաստանում այն առանձնապես պահանջարկ չունի:-Գիտեի այդ մասին, պարզապես այն շատ հայտնի ժանր է ամբողջ աշխարհում`  չնայած քիչ է կիրառվում: Ռոք օպերա ստեղծելու միտքը մեզ հետաքրքրեց, երաժշտական նյութը գրվեց Արման Էլբերտի կողմից ու հետո մեծ տանջանքի ու չարչարանքի արդյունքում վերածվեց ֆիլմի: -Այսօր նույնիսկ 1 տեսահոլովակ նկարելն է մեծ գումարներ պահանջում, ուր մնաց ֆիլմ նկարելը:-Դժվար է, դա տաժանակիր աշխատանք է, մոտավորապես մի համեմատություն անեմ: Քամյուն ասում էր` «Անհնարինը հնարավոր դարձնել»: Հայաստանում կինոինդուստրիա չունենք: Ամբողջ աշխարհում կինոն արվեստ է, միայն Հոլիվուդում է այն կինոինդուստրիա:-Իսկ Հայաստանում ի՞նչ է:-Ձգտումներ ու նկրտումներ: Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին 2-3 տարիներին մենք բավականին լավ ֆիլմեր ունենք, ինչն ինձ ոգեւորում է: Կան մարդիկ, ովքեր համառորեն զբաղվում են այդ գործով, ճանապարհ են հարթում: Մենք համաշխարհային արենայում շուտով ձեռք կբերենք մեր ներկայանալի անկյունը: Այս երկրում շատ տաղանդավոր մարդիկ կան, բայց հնարավորություններն են քիչ ու սուղ: -Որքա՞ն գումար եք ծախսել Ձեր ֆիլմի վրա:-Կոմերցիոն գաղտնիք է: Մեր երկրի համար դա թվացյալ մեծ գումար է, բայց ամբողջ աշխարհի կտրվածքով եթե համեմատես, ծիծաղելի թիվ է, որով հնարավոր է ֆիլմ նկարել: Գումարը եղել է տարբեր հովանավորների կողմից, նաեւ Ազգային կինոկենտրոնի` որպես դեբյուտային ֆիլմ: Ֆիլմն ավելի շատ ծնվել է պրոդյուսերի անձնական կապերի, միջոցների ու հնարավորությունների արդյունքում:-Չե՞ք ափսոսում կատարած աշխատանքը, միեւնույն է, այդ գումարը Ձեզ հետ չի գալու:-Այնքան գումար չէ, որ հետ չգա: Ֆիլմն արդեն ապրում է իր կյանքով, մասնակցում տարբեր փառատոնների: Ես լավատես եմ, գիտեմ, որ ժամանակի ընթացքում լավ կլինի: Միշտ էլ պահանջարկն է բերում առաջարկ:Եթե Արշալույս Հարությունյանը չհամարձակվեց նշել ֆիլմարտադրության գոնե մոտավոր գումար, ապա ռեժիսոր ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ շատ պարզ ներկայացրեց մաթեմատիկական հաշվարկների տեսքով: Այն հարցին, թե Հայաստանում կան նպաստավոր պայմաններ կինոարվեստը զարգացնելու համար, նա ասաց.-Հայաստանում մոտ 3.000.000 մարդ է ապրում, որոնցից պարզ չէ, թե ինչքանն են բնակվում Հայաստանում: Մոտ երկու անգամ ավելի հայ է բնակվում սփյուռքում: Բայց եթե այդ 6.000.000-ից էլ հանենք մարդկանց, որոնք չեն խոսում հայաստանյան հայերենով կամ հետաքրքրված չեն Հայաստանով, կամ նրանց, որոնք արդեն խառնվել են այլ ազգերի, ապա ընդհանուր առմամբ կմնա 100.000-500.000 մարդ, այն էլ շատ օպտիմիստական հաշվարկներով: Գումարենք այդ 500.000-ը Հայաստանի 3.000.000-ին, հետո հանենք երեխաներին…  Ի՞նչ ստացվեց: Ինձ մոտ մնում է մոտ 50.000 մարդ: Հայաստանում կինոթատրոնների տոմսերը մոտ 4 եվրո են, դրանից 50%-ը կինոթատրոնի գումարն է: Դե բազմապատկենք 2 եվրոն մեր պոտենցիալ դիտողների թվով, կստացվի 100.000 եվրո: Այս գումարից հանենք ֆիլմի գովազդի եւ հարկայինի ծախսերը, տակն ի՞նչ մնաց: Մոտ 50.000 եվրո: Ես հաճույքով կզրուցեմ նրա հետ, ով կնկարահանի գեղարվեստական ֆիլմ, որտեղ միայն մի դերասան կլինի զբաղված: Իսկ ֆիլմը նկարահանվում է միայն մեկ տաղավարում, ռեժիսորը նաեւ գրիմյոր է, օպերատոր եւ հսկիչ: Էլ չեմ ասում կինոժապավենի մասին, միայն դրա գինը եւ այն երեւակելը կազմում է 3 անգամ ավելի շատ, քան մեր ստացված գումարը: Այդ պատճառով էլ մենք կնկարենք թվային տեսախցիկով, իսկ դա արդեն կինո չէ:   Բայց այս ամենի հետ մեկտեղ, չեմ կարող չհայտնել իմ հիացմունքն այն մարդկանց, որոնք նկարում են լավ ֆիլմեր Հայաստանում: Վերջերս «Ոսկե ծիրան»-ում հաղթեց երիտասարդ ռեժիսորի մի ֆիլմ, որը շատ համեստ ծախսերով էր արված, բայց ֆիլմ էր` իր ասելիքով ու գաղափարով: Սա կոչվում է հեղինակային կինո, որը քիչ դեպքերում է լինում շահութաբեր: Եթե դուք ուզում եք լիարժեք ֆիլմ նկարել Հայաստանում, ծախսերը երբեք չեք վերադարձնի: Իսկ ես չեմ ճանաչում մեցենատների, ովքեր պատրաստ կլինեն մեծ գումարներ զոհաբերել արվեստի համար: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս