Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս հերոսաբար զոհվել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նորայր Պետրոսյանը: Մերօրյա հերոսը ծառայության էր անցել Ջաբրայիլում, որտեղ թշնամու դեմ ծանր մարտեր մղելուց հետո տեղափոխվել էր Հադրութ, սակայն Հադրութում վիրավոր 4 ընկերների հետ երկար ժամանակ շրջափակման մեջ է եղել եւ գիտակցելով, որ հնարավոր է՝ գերի ընկնի, հերթական ծանր մարտերից մեկի ժամանակ ասել է. «Կամանդի՛ր, դու գնա, մենք վիրավոր ենք: Ես ինձ կպայթեցնեմ ու չեմ հանձնվի թուրքին: Հանձնվողի էլ մերը..»: Վճռական պահին նա պայթեցրել է նռնակը:
ArmLur.am-ը այցելել է զոհված Նորայրի բնակարան: Հերոսի մայրը՝ տիկին Արուսյակը, մեզ հետ զրույցում, արցունքն աչքերին, բայց մեծ հպարտությամբ խոսել է Նորայրի անավարտ երազանքների եւ որդու նկատմամբ անասելի կարոտի մասին:
«Իմ Նորոս շատ բարի, աշխարհի բարի տղան էր, շատ բարի սիրտ ուներ: Նորս երբ գնաց ծառայության Ջաբրայիլում, շատ բան չէր պատմում, միայն ասում էր. «Մա՛մ ջան, լավ եմ, ամեն ինչ նորմալ է, ինձ համար մի՛ անհնագստացիր»: Տղաս մի օր չբողոքեց ծառայությունից, մի օր չգանգատվեց. երբ խոսում էինք, ասում էր. «Լավ է, դուք ասեք, ո՞նց եք»: Միայն ասում էր. «Մա՛մ, ե՞րբ պետք է այս վիրուսն անցնի, որ կարողանամ տուն գալ»: Սեպտեմբերի 11-ին հնարավորություն եղավ այցելելու Նորայրիս: Երբ Նորայրիս տեսա, այնքան նիհարած էր, այնքան գունատ, նշաձեւ աչքերը կախվել էին: Ասացի. «Նո՛ր ջան, ինչի՞ ես այսքան նիհարել»: Ասաց. «Մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, մի՛ անհանգստացիր»: Այդ ամբողջ ընթացքում մեզ հետ այնպես չշփվեց, ինչպես սովորաբար էր անում, շատ տխուր էր, աչքերը թախծոտ էին, միայն իր տեսանյութերն էր նայում բանակի քեֆի: Երբ արդեն իրենից լուր չունեինք պատերազմի ժամանակ, սիրտս զգում էր, պայթում էր ցավից: Ես եւ ամուսինս ընկանք անկողին, ամեն տեղ փնտրում էինք, բոլոր դիահերձարաններում, բոլոր վայրերում, բայց Նորոս չկար: Հերոսաբար զոհվեց բալես»,-պատմում է մայրը:
Իսկ Նորայրի մանկության եւ բակային ընկերները մեզ հետ զրույցում խոսել են նրա տեսակի մասին:
«Նորայրի հետ մի ամբողջ մանկություն ենք անցկացրել: Նորայրը շատ էր սիրում դհոլ նվագել, ամբողջ դասամիջոցների ժամանակ նվագում էր: Իր հետ կապված հիշողություններն անգին են, շատ դժվար է առանց իրեն, իր պես նվիրված ընկերներ այս աշխարհում շատ քիչ են»,- նշում են ընկերները:
Իսկ, ահա, Նորայրի համակուրսեցիները մեծ ոգեւորությամբ էին հիշում Նորայրի անցկացրած ամեն մի պահը, նրա աշխույժ եւ ճարպիկ կերպարը:
«Նորայրն առաջին իսկ օրվանից աչքի է ընկել իր համեստությամբ եւ պարզությամբ, շատ պարտաճանաչ էր, շատ արագաշարժ: Ամեն հարցում պատրաստակամ էր օգնելու բոլորիս անխտիր: Շատ պարզ ու անկեղծ մարդ էր»,-թախծոտ աչքերով ասում են համակուրսեցիները:
Հավերժ փա՛ռք ու պատի՛վ մերօրյա բոլոր զինվորներին. նրանք զոհվեցին, որ մենք շարունակենք ապրել եւ ժպտալ:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Forbes-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ՝ ՀԱՅԱԶԳԻ ԿԻՆ ՄԱՐԶՉԻՆ
Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է հայազգի 15-ամյա Նատալի Ասատրյանի հաջողության պատմությունը, որին 13 տարեկանում հաջողվել է դառնալ ԱՄՆ պատմության մեջ յոգայի ասպարեզում իգական սեռի ամենաերիտասարդ մարզիչը:
Հոդվածի հեղինակ Հոլի Իվը կիսվել է իր պատմությամբ: Նա նշել է, որ տրավմատիկ փորձն է Իվին ուղղորդել Նատալի Ասատրյանի մոտ։
2019 թվականին Հոլին ավտովթարի պատճառով հայտնվել է հիվանդանոցում, ու երբ կրկին կարողացել է ոտքի կանգնել ու քայլել, բժիշկներն առաջարկել են յոգա, մեդիտացիա ներառել իր ամենօրյա ռեժիմում:
«Ես ապշել էի՝ իմանալով, որ Նատալի Ասատրյանը՝ իմաստուն յոգը, որն ինձ օգնեց երկարատեւ տագնապալի ամիսներից հետո զարգացնել իմ խաղաղ միտքը, ընդամենը 13 տարեկան էր», – կիսվել է հեղինակը:
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ այն պատմությանը՝ ինչպես է Նատալի Ասաստրյանը դարձել ԱՄՆ-ում յոգայի իգական սեռի ամենաերիտասարդ մարզիչը:
«Ինձ միայն այդ առաջին դասն էր անհրաժեշտ, որպեսզի հասկանայի՝ ես միանգամայն կլանված եմ այդ ամենով: Ես չէի համբերում, թե երբ է գալու հաջորդ երեքշաբթին, որ նորից վերադառնամ պարապմունքի»,- ամսագրի հետ զրույցում նշել է աղջիկը:
8 տարեկանում նա սկսել է հաճախել յոգայի դասերի, որոնց մայրն էր հաճախում: Որոշ ժամանակ անց, երբ նրա սերը յոգայի նկատմամբ ավելի է մեծանում, Նատալին դիմում է մորն ու ասում, թե ինքը ցանկանում է յոգայի մարզիչ դառնալ: Սկզբնական շրջանում նրանք դիմել են յոգա դասավանդող տարբեր հաստատությունների, բայց աղջկա տարիքի պատճառով մերժում են ստացել: Այնուամենայնիվ, երեք տարի անց աղջկա մայրիկին հաջողվել է գտնել այնպիսի մեկին, որը ցանկություն է հայտնել հանդիպել աղջկա հետ, բայց խոստումներ չի տվել: Ի զարմանս բոլորի՝ վերջինս շատ է հավանել Նատալիին ու հիացած է եղել նրանով: Այդ ամենից հետո էլ Նատալին սկսել է ավարտին հասցնել 200-ժամյա դասավանդման կուրսը՝ յոգայի մարզչի որակավորում ստանալու համար:
Forbes-ը նշում է նաեւ, որ դեռահաս յոգը եւ բարերարը խորապես ներգրավված է նաեւ Քենիայի գյուղերից մեկում կրթության, առողջապահության, մաքուր ջրի եւ սանիտարական պայմանների ապահովմամբ զբաղվող Unstoppable հիմնադրամի ջանքերում:
Վերջին երեք տարիների ընթացքում Նատալին շրջագայել է ամբողջ երկրով՝ անկացնելով յոգայի դասընթացներ (COVID-19-ի պատճառով նրա դասերն այժմ առցանց են): Շրջագայությունից ստացված հազարավոր դոլարներն ամբողջությամբ փոխանցվել են տարբեր բարեգործական կազմակերպություններին, այդ թվում՝ Կարմիր խաչին:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը: «Սպեցիայի» դեմ գավաթային հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագն ունի մկանային խնդիրներ, ինչի պատճառով «Ռոմայի» նախորդ մարզմանն աշխատել է անհատական ծրագրով: Մխիթարյանի հետ է եղել նաեւ իսպանացի կիսապաշտպան Պեդրոն: «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 18:00-ին: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի եւ դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
ԴԱԺԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Բարնլիից» կրած տնային պարտությունը նվազագույն հաշվով: «Սա իսկական հարված էր դեմքին: Այդ ամենի պատասխանատուն ես եմ, ահա եւ ամենապարզ բացատրությունը: Մենք վերահսկում էինք գնդակը, ստեղծեցինք մի քանի պահեր, սակայն չիրացրեցինք դրանք: Դրա պատճառով այս խաղում ոչինչ չորոշվեց, իսկ մրցակիցը վաստակեց 11-մետրանոց: Սա դաժան պարտություն է, որը բացատրելը հեշտ չէ: Իմ խաղացողներն այնպիսին չեն, որ 7:0 հաշվով հաղթելուց հետո թուլանային: Նրանք ջանասիրաբար աշխատում էին, բայց արդյունքի չհասան: Եթե ինչ-որ բան չի ստացվում, պետք է աշխատել ավելի ջանասիրաբար, ավելի շատ ու երկար: Խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկին մեղադրես: Պետք է աշխատել խնդիրների հետ, ինչը մենք անում ենք: Ֆուտբոլում շատ ժամանակ չի տրվում: Այս պահին մենք չենք էլ մտածում չեմպիոնական մրցավազքի մասին»,- ասել է մասնագետը: Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն Անգլիայի առաջնությունում հաղթանակ չի տանում արդեն 5-րդ խաղում անընդմեջ (3 ոչ-ոքի, 2 պարտություն) եւ 34 միավորով չորրորդ տեղում է:
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ
Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն ու կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին իրենց դժգոհությունն են հայտնել թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի աշխատանքից: Նախորդ մարզման ժամանակ ֆուտբոլիստների ու մարզիչի միջեւ տեղի է ունեցել լարված խոսակցություն: Ջեկոն ու Պելեգրինին ամբողջ թիմի անունից խոսել են տակտիկական խնդիրների մասին, ինչպես նաեւ պահանջել են վերադարձնել մարզիչ Ջանլուկա Գոմբարային: Իտալացի մասնագետը «Ռոմայից» հեռացվել էր Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Սպեցիայից» 2։4 հաշվով պարտությունից հետո: