ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան շրջանում տեղի ունեցած ռազմական բախումներն ամենալուրջն էին, որոնք գրանցվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի կնքումից հետո: Այս մասին գրում է կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ փորձելով գտնել պատասխաններ այն հարցին, թե ինչ տեղի ունեցավ: «Սկզբում վերջինի մասին: Բախումները տեղի են ունեցել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտուց բավականին հեռու, ինչը հակամարտող կողմերին հնարավորություն է տվել մեղադրել մեկմեկու «հարձակման» մեջ: Սյունիքի մարզի յուրահատկությունն այն է, որ հակամարտող կողմերն այնտեղ դիրքավորվել են միայն արցախյան երկրորդ պատերազմից հետո: Մինչ այդ մարզով անցնող սահմանը միայն պաշտոնական բնույթ էր կրում, քանի որ դրանից արեւելք ընկած հատվածը կառավարվում էր Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության կողմից: Այժմ տեղի ունեցած բախումները, ըստ էության, մեկօրյա պատերազմ էր: Իրավիճակն անմիջականորեն պայմանավորված է սահմանազատման եւ սահմանագծման շուրջ Ադրբեջանի ստեղծած խնդրով՝ խաղաղության պայմանագրի բացակայությամբ: Իհարկե, սահմանազատման եւ սահմանագծված հարցերը յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության եւ երկկողմ հարաբերությունների հիմքն են»,- գրում է քաղաքագետը՝ նկատելով, որ հետխորհրդային տարածաշրջանում նման խնդիրները բավականին շատ են, ինչպես, օրինակ, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի միջեւ:  

 

Սակայն Բաքվի եւ Երեւանի միջեւ խնդիրները, ինչպես նշում է Տարասովը, սովորական չեն, ինչը կապված է երկարամյա հակամարտության եւ Լեռնային Ղարաբաղի չորոշված կարգավիճակի հետ: «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ալիեւը կարծում է, որ հայկական անկլավի կարգավիճակի խնդիր այլեւս գոյություն չունի, եւ Հայաստանին մնում է միայն ճանաչել Ադրբեջանի տարածային ամբողջականությունը խորհրդային սահմանների շրջանակում: Սակայն այդպես չի կարծում իր գործունեությունն ակտիվացրած ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն օրակարգից չի հանել ԼՂ կարգավիճակի հարցը: Ստեղծված իրավիճակում բաց մարտերն ու կրակոցները կանխատեսելի են: Հակամարտության՝ թեժ փուլի վերածվելուն խոչընդոտում է միայն ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը, սակայն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը դեռեւս խնդրահարույց է: Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մի մաս եւ դժվար թե առաջիկա հեռանկարում համաձայնի այդ հեռանկարին՝ հաշվի առնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ»,- վերլուծում է փորձագետը:

Անդրադառնալով սահմանային միջադեպի քաղաքական ենթատեքստին եւ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթին՝ քաղաքագետը նշում է. «Ինչու է բոլորին թվում, թե ողջ աշխարհը պետք է ապրի մեր խնդիրներով, գուցե մենք ինքներս արդեն պետք է զբաղվենք դրանցով»: Տարասովը նշում է, որ ՀՀ վարչապետի խոսքերից կարելի է ենթադրել, որ Երեւանը կարող է հրաժարվել արտաքին քաղաքականությունում որդեգրած «հայակենտրոնութան» ռոմանտիկ սկզբունքից:

Մասնագետը նշում է, որ փորձագիտական շրջանակներում նախկինում կոնսենսուս չի եղել այն հարցի շուրջ, թե  ինչպես է պետք ընկալել Հայաստանի նման արտաքին քաղաքական դիրքորոշումը՝ հաշվի առնելով երկրի շուրջ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականությունը: «Այնուամենայնիվ տպավորություն էր ստեղծվում, որ Փաշինյանն իր թիմով սկսել է վերանայել հայ-ռուսական հարաբերությունները՝ մատնանշելով այսպես կոչված պրագմատիկ մոտեցումը: Այդ ժամանակ արտաքին քաղաքականության մեջ սկսեցին դիտարկվել եվրոպամետ եւ ատլանտյան հատվածները: Բաքուն արագ որսացել է նոր հայկական միտումը եւ սկսել զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ այնպես, որ կարողացավ ճիշտ պահին Ռուսաստանի ռեսուրսն իր օգտին օգտագործել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկիրն Արեւմուտքի կողմից ստացավ միայն բառացի արձագանքներ, ինչն էլ վառ կերպով արտահայտվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ»,- հավելում է մասնագետը:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին, ապա այս ուղղությամբ եւս Երեւանը վատնեց խնդիրը քաղաքական-դիվանագիտական միջոցներով եւ իր համար առավել շահեկան պայմաններով լուծելու բոլոր նախկին ռեսուրսներն ու հնարավորությունները»,- գրում է Տարասովը՝ հավելելով, որ Հայաստանում ցավագին ընդունեցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Մինսկի խմբի կազմում մշակվող բանակցությունների մասին, որով նախատեսվում էր սկզբնական շրջանում Ադրբեջանին վերադարձնել «7 շրջանից 5-ը», այնուհետեւ հանրաքվե անցկացնել ԼՂ կարգավիճակի հարցով:

Ն. Պ.

 

 

ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ՝ ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ

Նոյեմբերի 16-ին Դիլիջանի քաղաքապետարանի շենքում տեղի է ունեցել   Դիլիջան համայնքի նորընտիր ղեկավար Դավիթ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, ներկայումս Հայաստանի Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, նախկինում բենզալցակայանի աշխատող, անձնական գործում իր սեռական պատկանելիությունը «արու» նշած Դավիթ Սարգսյանը 2021թ. փետրվարի 26-ին,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել։ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը, որի ավագանու թեկնածուների ցանկը գլխավորում էր Դավիթ Սարգսյանը, հոկտեմբերի 17-ին կայացած  Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններում  մասնակից 5 կուսակցություններից ամենաշատ թվով քվեներ  էր ստացել։ Դավիթ Սարգսյանի երդմնակալության  արարողությանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Դիլիջան համայնքի հոգեւոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը, Դիլիջան ավագանու անդամներ, Դիլիջան համայնքի մեջ ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ, Դիլիջանի համայնքապետարանի աշխատակիցներ։ Ինչպես երեւում է Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային պաշտոնական  կայքում հրապարակած լուսանկարներում, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, երդմնակալության արարողության որոշ մասնակիցներ եղել են առանց պաշտպանիչ դիմակի, միայն մի լուսանկարում նորընտիր համայնքապետը դիմակով է, երեւի այդ պահին հանկարծ  հիշել է դիմակի անհրաժեշտության մասին:

 

 

 

ՈՍԿԵՊԱՐՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանագծման եւ սահմանազատման իր պատրաստակամության մասին։ Ոսկեպարի բնակիչներից ոմանք  համացանցի «Գուգլ Մապս»  ծրագրով դիտել են  Ոսկեպար գյուղի  եւ հարակից՝ նախկինում խորհրդային շրջանում  ադրբեջանաբնակ 2 անկլավների քարտեզը երկրի արհեստական արբանյակից։  Ըստ «Գուգլ Մապս»  ծրագրի քարտեզի՝ Ոսկեպար գյուղ մտնող  հիմնական ավտոճանապարհի սկզբնամասը, Ոսկեպարի շատ առանձնատեր նշված են որպես Ադրբեջանի տարածք։ Դա խիստ անհանգստացրել է Ոսկեպարի բնակիչներին, ովքեր 1990-ական թվականների սկզբի կռիվներում  մարդկային շատ զոհեր, մեծ զրկանքներ են ունեցել՝ պաշտպանելով հայրենի գյուղի տարածքները։ Ոսկեպարի բնակիչներից ոմանք նախկինում  լրատվամիջոցներին հայտարարել են, որ գյուղի հարակից տարածքները Ադրբեջանին հանձնելու դեմ պատրաստ են զենքով պայքարել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՍԱՀՄԱՆՎԵՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը կկարգավորվի: ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

 

Փոխնախարարը նախ նշել է՝ հանրապետության օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի պատճառով ոլորտում առաջացել են խնդիրներ: «Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ: Սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին եւ տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ, սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ՝ ոլորտի իրավախախտումների համար»,- ասել է նա: Այսպիսով, սահմանվում է, որ օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ 7 տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշան ունեցող ավտոմոբիլներ: Լիցենզիաների սահմանափակ քանակ չի սահմանվելու:

ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե արդյոք այդ կարգավորումներն ավելի չեն թանկացնելու ծառայությունները, որոնք քաղաքացիները վճարում են օդանավակայանից փոխադրվելիս: Փոխնախարարն արձագանքել է. «Այդ օրենքի նախագիծը մշակվել է, որ բացառվի այն վիճակը, երբ զբոսաշրջիկը գալիս է ՀՀ եւ դեպի կենտրոն ուղեւորվելիս հասկանում է, որ այդ ծառայությունն արժե շատ ավելի թանկ, քան եվրոպական ամենաթանկ երկրներում»: Նախագծով նախատեսված չէ արգելք սահմանել տաքսիով դեպի օդանավակայան փոխադրումների համար: Խոսքը հենց օդանավակայանի տարածքից փոխադրումների մասին է, այն փոխադրումների, որոնք այսօր, ըստ փոխնախարարի, մեծամասամբ կարող են իրականացվել ապօրինի: «Խոսքն այդ մարդկանց օրինական դաշտ բերելու մասին է»,-ասել է Սիմոնյանը:

Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ ստանալով 58 կողմ ձայն:

 




Լրահոս