Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը ՄԽ համանախագահներին. ԵԱՀԿ նախագահությունը՝ Ալիևի հայտարարության առնչությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնեցին ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան:

«ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը և երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աշխատանքին», – պատասխանել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: Ալիևը մասնավորապես ասել էր. «Նրանք [համանախագահները] չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի նախագահը նաև պնդել էր, թե եթե հակամարտող կողմերից մեկը ասում է, թե հիմնախնդիրը լուծված է, ապա «միջնորդության տեղ այլևս չկա»:

Ադրբեջանի կողմից 2020 թվականին սանձազերծված 44-օրյա լայնածավալ պատերազմից հետո Ալիևը բազմիցս հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով՝ պնդելով, իբրև թե ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է լուծված, այլ առհասարակ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի և հետևաբար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց էլ չկա:

Այդուհանդերձ, չնայած Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, ԱՄՆ) և Մինսկի խմբի համանախագահները թե՛ առանձին և թե՛ համատեղ բազմաթիվ հայտարարություններով շեշտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ կողմերին կոչ անելով վերսկսել խաղաղ բանակցությունները համանախագահների հովանու ներքո: Եվ միջազգային ողջ հանրությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին և համանախագահների աշխատանքին:

2021 թ. դեկտեմբերի 7-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը իրենց լիակատար աջակցությունն էին հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Համանախագահող պետությունները վերահաստատել էին իրենց հանձնառությունը աշխատելու կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած բոլոր խնդիրների համապարփակ լուծումը իրենց մանդատի համաձայն գտնելու նպատակով:




Լրահոս