«Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է», – կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միևնույն ժամանակ արձանագրելով՝ «Շարունակում ենք միջադեպեր եւ զոհեր ունենալ սահմանին»։ Կառավարության ղեկավարը կրկին շեշտեց երկրի եւ տարածաշրջանի խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար ամուր նյարդերի անհրաժեշտությունը։
«Մեր հռչակած, մեր երկրի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետեւ շատ-շատերը մեզ անընդհատ փորձելու են ապացուցել, կամ ցույց տալ, կամ մղել այն մտքի, որ դա հնարավոր չէ, մենք հետեւողականորեն շարժվելու են այս ճանապարհով եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի շուրջ ձեւավորվի կայուն եւ անվտանգ միջավայր, եւ սա մեր քաղաքական ամենակարեւոր անելիքն է առավել եւս 2020 թվականի պատերազմից եւ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, մենք այս օրակարգն առաջ ենք մղելու», – եզրափակեց Հայաստանի կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ի կեսօրից սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ադրբեջանական կողմը հաղորդում է մեկ զոհի մասին, կան նաեւ վիրավորներ։
Միեւնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ, հայտնում են կառավարությունից:
Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին եւ զորամիավորումների դուրս բերման գործընթացին:
Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ երեկ հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 6-ի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ «իրավիճակը կայունացնելու եւ կարգավորելու համար»։ Խմբավորման կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։
Այսօր սկսվել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ զորախմբի աստիճանական դուրսբերումը, որը կտեւի մի քանի օր։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն էր հայտնել, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:
«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է, այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով», – գրել էր նա:
Հունվարի 11-ի կեսօրից սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ հայկական կողմի երեք զոհ ունի` ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) եւ կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Եվս երեք զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Ն.Հ.
ՄԱՐԶՊԵՏՆԵՐ ՆՇԱՆԱԿՎԵՑԻՆ
Կառավարությունը՝ չզեկուցվող հարցերի շրջանակներում աշխատանքից ազատել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանին եւ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին։ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Սերգեյ Մովսիսյանը, որը պատգամավոր է եղել եւ ՔՊ անդամ է։ Արարատի մարզպետ է նշանակվել Սեդրակ Թեւոնյանը:
ԿԵՆՏՐՈՆ ԿՍՏԵՂԾՎԻ
Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Երեւանի Կենտրոն համայնքի Արշակունյաց պողոտայի 4-րդ հասցեում գտնվող տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ազգային կամուրջ ենթակառուցվածքների հզորացման եւ մարդկային ներուժի զարգացում» ՀԿ-ին: Կազմակերպության նպատակն է զարգացնել ու փորձարկել գիտակրթական ծրագրեր եւ ուսուցման նորարարական մոդելներ, ստեղծել «Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն» շնորհալի երեխաների եւ երիտասարդների համար: Բացի այդ, ՀԿ-ի ներկայացրած ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ԱՄՆ-ից ՀՀ շտապօգնության, հրշեջ ծառայության մեքենաների եւ ավտոբուսների որոշակի քանակի ներկրում։
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Նախօրեին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում եւ ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ազատ Վշտունու փողոցի գարեջրատանը մի տղամարդ հրազենային վնասվածքներ է պատճառել մատուցողուհուն: Նույն օրը՝ ժամը 23:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 39-ամյա կնոջ: Վշտունու փողոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել են մատուցողուհուն հրազենային վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, որը դիմել էր փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 7,62 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ եւ գնդակ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Նազարբեկյան փողոցում հայտնաբերվել ու հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու եւ մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բաժին բերման է ենթարկվել 31-ամյա տղամարդ։ Նրան ձերբակալել են:
ԿՓՈԽԱՐԻՆԻ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվելու է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին։
ՉՎԵՐԹՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ
Հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը թուրքական իշխանությունների կողմից Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթներ իրականացնելու իրավունք են տվել: Ավելին՝ առաջին չվերթը պլանավորված է փետրվարի 2-ին: Նշենք, որ փետրվարից սկսած՝ Երեւան-Ստամբուլ ուղղությամբ չվերթներ կիրականացնի նաեւ թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը: Ի դեպ, թուրքական «Պեգասուս»-ը միայն փետրվար ամսվա թռիչքների համար է հայտ ներկայացրել:
ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Հայաստանում ոչ պարենային ապրանքները մեկ ամսվա ընթացքում թանկացել են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5 տոկոս գնաճ: Օրինակ, թանկացել են մաքրող, լվացող միջոցները, կենցաղային փոքր էլեկտրական սարքերը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կոշիկն ու հագուստն են թանկացել: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հագուստի շուկայում դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 2.3 տոկոս գնաճ, իսկ կոշիկը թանկացել է 0.7 տոկոսով: Եվ սա այն դեպքում, երբ ողջ դեկտեմբեր ամսին հագուստի եւ կոշիկի խանութներում համատարած զեղչեր էին: Սրան զուգահեռ արձանագրենք, որ ոսկերչական զարդերն են 1.3 տոկոսով թանկացել: Իսկ դեղագործական ապրանքների գները նվազել են 0.1 տոկոսով:
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն: Եվ ահա, արդեն դատական նիստի օրը նշանակված է, եւ ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ ինչպես իրավապահ համակարգում, այնպես էլ դատական համակարգում, քննարկվում է դատական նիստերը դռնփակ անցկացնել՝ հայտարարելով, թե պետական գաղտնիքի, ազգային անվտանգության խնդիր կա, ուստի, անհրաժեշտ է այն դռնփակ անցկացնել: Իսկ թե որքանով այս քննարկումները իրականություն կդառնան, հետեւենք զարգացումներին: