ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վաղն առավոտյան ԱԺ ՔՊ խմբակցությունը ողջ կազմով մեկնում է Դիլիջան:
«Best Western Plus Paradise hotel Dilijan» կոչվող համալիրում իշխանության ներկայացուցիչները կլինեն ուրբաթ օրվանից մինչև կիրակի օրը` պատրաստվում են առաջիկա իրենց անելիքները քննարկել:
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան այցը օրակարգից դուրս է եկել, քանի որ կորոնավիրուսով վարակված է ու մեկուսացած:
ՔՊ-ականներն էլ բացառում են, որ Փաշինյանը կմիանա իրենց, բայց նաև սպասում են, գուցե կիրակի օրը ինքնազգացողությունը լավ լինի, կարճ քննարկում ունենան:
Բանն այն է, որ պետք է հստակեցվի ՀՀ նախագահի իրենց թեկնածուի հարցը. բոլորը սպասում են վարչապետի վերջնական «խոսքին»:
Կառավարության մեր աղբյուրները նշում են, որ Դիլիջան կգնան նաև գործադիրի անդամներն ու ՔՊ վարչության անդամները: Հանդիպման օրակարգում դեռ շատ հարցեր կան, կքննարկեն ու կսպասեն, թե վարչապետ Փաշինյանը ինչ ազդակներ կուղարկի իրենց` հետագա անելիքների վերաբերյալ: