Լուսանկարն արվել է Երեւանում
Չնայած մարդուն խոզի հետ համեմատելը հաճելի երեւույթ չէ, սակայն դեպքեր են լինում, երբ դա էլ ազդեցություն չի ունենում: Այս անգամ խոզի փոխարեն «խոզուկի» հետ են համեմատություն կատարել` մի փոքր փաղաքշելով փնթի արարքների հեղինակին:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որոնք են որդեգրելու պայմանները:
Մարինե Առաքելյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց դիմումի համաձայն, ովքեր հաշվառված են որպես որդեգրողի թեկնածուներ: Եթե միեւնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ: Անձը որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է ՀՀ մարզպետարանների, իսկ Երեւանում՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրման հնարավորության մասին եզրակացություն են տալիս եւ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացնում են ՀՀ մարզպետարանները /Երեւանի քաղաքապետարանը/, օտարերկրացիների դեպքում՝ որդեգրման հարցերով կենտրոնական մարմինը, իսկ կենտրոնացված հաշվառումը իրականացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնալուծության պետական գրանցման համար:
Լարիսա Նավասարդյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Նավասարդյանի հարցին ի պատասխան՝ տեղեկանցում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար անհրաժեշտ են՝
1) ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը,
2) ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը եւ ժամանակը,
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին,
4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին,
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ,
6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին,
7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը:
- Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է անձի լրացրած եւ սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջեւ դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը։