ԾՆՈՂԵՐԸ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԻՄԱՑ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«5 օր առաջ մենք դիմում էինք ներկայացնել Արգիշտի Քյարամյանին, որ իջնի ներքեւ եւ պատասխանի մեր հարցերին։ Անվստահություն, իհարկե, ունենք»,-ՀՀ քննչական կոմիտեի դիմաց երեկ զոհված զինծառայողների ծնողների հավաքի ժամանակ հայտարարել է զոհված հերոսի մայր Լիդա Առուշանյանը։

 

Ծնողներն ակնկալում են, որ քննչական կոմիտեի ղեկավարը կհամաձայնի հանդիպել իրենց. պահանջում են բացատրել, թե ինչու է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործի քննությունը տեղափոխվել ՔԿ տիրույթ, թե ինչու մինչեւ այս պահը Նիկոլ Փաշինյանը չի  հարցաքննվել։ Մինչեւ Քյարամյանի հետ հանդիպման մասին հստակ պատասխան կլիներ, ծնողները հայտարարել են, որ իրենց վարկաբեկում են, փրփրում անցյալը։ «Մեր երեխաների արյունը հենց այնպես չի թափվել, պայքարելու ենք, մինչեւ դրական արդյունքի հասնենք։ Մենք՝ ծնողներով, շատ ուժեղ ենք, պապաներն էլ մեր թիկունքին են»,-ասել է մայրերից մեկը։ Ծնողներից  մյուսն էլ շեշտել է, որ բոլորին հայտնի է, որ օրվա կառույցները ծառայում են օրվա իշխանությանը. «Տեւական ժամանակ է, որ ծնողներին  այս ատյանից այն ատյան են տանում-բերում, իրենց գործով զբաղվելու փոխարեն՝ փրփրում են ծնողների անցյալը, իրենց կեղտոտ լրատվականներով փորձում մեզ մրոտել։ Դրանով մեզ չեն լռեցնելու, թող իրենց կեղտերը տեսնեն»։ Մայրերը նաեւ նշել են, որ Արգիշտի Քյարամյանի հետ նախորդ հանդիպումից վստահություն ձեռք չեն բերել. «Ո՞նց կարելի է իրեն վստահել, եթե պատերազմի ժամանակ ԱԱԾ պետն էր։ Պահանջում ենք հարցաքննել վարչապետին, բոլոր ատյաններն այս կողմ-այն կողմ են տանում-բերում։ Թող իջնի ու պատասխանի մեր հարցերին, թող հարցաքննության ժամկետ ասի»։ Մայրերից մեկն էլ համոզմունք հայտնեց՝ Փաշինյանի՝ ԱԺ-ում հայտնի ելույթից հետո համբերության բաժակը լցվել է. «Ճիշտ կլինի՝ նա կալանավորվի, որպեսզի գործին չխոչընդոտի։ Քանի պաշտոնին նստած է, ազդելու է քննչական մարմինների վրա»։ Ծնողներից մյուսն էլ ասել է. «Ինքն իրեն գլխավոր հրամանատար է կոչում։ Այդպիսին գոնե զենքից պետք է հասկանա, զենք քանդել, պատերազմել իմանա, իսկ ինքը չի հասկանում այդ գործից։ Ավել-պակաս բաներ են ասում ու գրում։ Թող ամեն մեկն իր անցյալի մասին մտածի։ Ինչ էլ փորփրեն, ծնողներից ոչ մեկ 5000 երեխա չի սպանել։ Մեր երեխաների թափած արյան պատասխանն ենք ուզում։ Աննա Հակոբյանն ասում էր, թե հանուն ոչնչի են տղերքը զոհվում։ Գուցե տառերը սխալ է ասել։ Հանուն ոչ թե ոչնչի, այլ հանուն իրենց պես ոչնչությունների գնացին… Այդ ոչինչները հիմա, նստած իրենց կաշվե աթոռներին, լավ են զգում»։ Մեկ այլ տիկին հավելեց. «Եթե իրենք արժեքներ ու գաղափարներ չունեն, դա իրենց խնդիրն է, իսկ մեր տղաները գիտեին, թե ինչի համար են պատերազմ գնում։ Մենք էլ հիմա գիտենք»։

Ն. Հ.

 

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների, ինչպես նաեւ անչափահասների նկատմամբ անկնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը արձանագրել եւ տեսանյութերի եւ լուսանկարների տեսքով որպես հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Գրության մեջ, մասնավորապես, նշել եմ, որ ոստիկանության աշխատակիցները հարվածել են ՀՀ Աժ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդեւանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաեւ խաղաղ ակցիային մասնակցող բազմաթիվ քաղաքացիների, ինչի հետեւանքով ունենք տուժած քաղաքացիներ: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանության ծառայողները, բռնի ուժ գործադրելով, բերման են ենթարկել 16 եւ 17 տարեկան անչափահասների։ Վերջիններս նշել են նաեւ, որ ոստիկանական մեքենայի մեջ իրենց հասցեին անձնական բնույթի հայհոյանքներ են հնչեցվել:

Բացի այս, նշված մասնաշենքի դիմաց ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած գործողությունների ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք»-ի լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը: Ծեծել, այնուհետեւ փորձել են բերման ենթարկել նաեւ Yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանին: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը անթույլատրելի է եւ հակաօրինական, ինչին արդեն բազմիցս անդրադարձել եւ դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ: Եւս մեկ անգամ կարեւոր եմ համարում նշել, որ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների եւ ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, մինչդեռ նախորդ օրերի եւ վերոնշյալ բոլոր դեպքերը վկայում են հակառակի մասին: Գլխավոր դատախազից պահանջել եմ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները նկարագրված արարքների կատարման հանգամանքները բացահայտելու եւ իրավական գնահատական տալու համար»:

 

 

ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահ համակարգը դատարան է ուղարկել ընդդիմության ակցիաների արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնված անձանց մասով քրեական գործերը: Մասնավորապես, Արթուր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2022 թվականի մայիսի 3-ին Երեւանի Սարյան փողոցում մի խումբ անձանց հետ մասնակցելով քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի երթին, Երեւանի Սարյան փողոցի 24 հասցեում գտնվող շենքի դիմացի հատվածում՝ փողոցի երթեւեկելի գոտում, դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, նշված վայրում իր ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասի ՀԿՊ 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի մարտական 1-ին խմբի հրաձիգ, կոչումով ավագ Հրաչիկ Աշոտի Հովհաննիսյանի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ վերջինիս նկատմամբ գործադրել է նրա կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

 

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

Մայիսի 26-ին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալները, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել Աբովյան քաղաքի 3-րդ Միկրոշրջանի 42 եւ 31 տարեկան երկու բնակչի։ 42-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե 7 փաթեթ, որոնցից 1-ը՝ Մարիխուանայի, 6-ը՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը Կանեփ եւ Կրիստալ թմանյութեր են։ 31-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած զանգվածով կաթուցիչ: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Աբովյանի 42-ամյա տղամարդու ավտոտնակում։ Հայտնաբերվել են 4,5 մմ տրամաչափի ատրճանակ եւ 3 գրամից ավելի քաշով կանեփի սերմերով թղթե փաթեթ։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրանյութը գնել էր Աբովյանի 55-ամյա մի բնակչից։ Ճշտվել է իրացնողի ինքնությունը, ու ձեռնարկվել միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Կոտայքի բաժնի ծառայողները 55-ամյա տղամարդուն հայտնաբերել են Աբովյանի Երեւանյան խճուղում եւ նրան ու եւս 2 անձի, իրենց «Օպելով» հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության բաժին։ 55-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով, որն, ըստ նրա, Կրիստալ թմրամիջոց էր։ Բերման ենթարկված մյուս տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած զանգվածով կաթուցիչ, որը, նախնական տվյալներով, նրան էր տվել 55-ամյա տղամարդը։ Բերման ենթարկվածներից 55 եւ 42 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են, ապա նրանցից մեկը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԵՐԵԽԱՆ ՋՐԱՀԵՂՁ Է ԵՂԵԼ

Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ջրահեղձ եղած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:  Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 2-ամյա Միքայել Ն-ն էր, որն իրենց տան բակում խաղալիս ընկել է բակում դրված, ջրով լցված երկաթյա տարայի մեջ եւ ջրահեղձ եղել։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

 




Լրահոս