Երեկ դերասանուհի Անի Լուպեն նշում էր ծննդյան 38-րդ տարեդարձը: Օրվա մանրամասների մասին դերասանուհին կիսվել է ArmLur.am-ի հետ: Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմեց, որ օրվա հետ կապված հատուկ պլաններ չունի, բայց համոզված է, որ անմոռանալի է անցնելու, ինչպես միշտ:
«Իմ ծննդյան տարեդարձը շատ եմ սիրում, դա ինձ համար կախարդական եւ հրաշքներով լի օր է: Ինձ թվում է՝ այդ օր ես ինչ ուզում եմ, լինում է: Իսկապես իմ ծնունդի օրը ես շատ եմ սիրում եւ ամեն տարի անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան: Առավոտյան, երբ արթնացա, արդեն իսկ շատ հաճելի էր, քանի որ անկողինս պատած էր գեղեցիկ ծաղկեփնջերով, իմ սիրելի երիցուկներով, իսկ մայրս պատրաստել էր իմ ամենասիրելի ելակով տորթը: Ծնունդս սկսել եմ նշել թատրոնում. փորձի ժամանակ բեմի վրա ընկերներս շնորհավորեցին, եւ շատ լավ նշեցինք: Իսկ օրվա հետ կապված անակնկալներ, հատուկ նվերներ, որպես այդպիսին, ես չեմ սպասում: Անկեղծ կլինեմ, ես շատ եմ սիրում նվերներ ստանալ, բայց հատուկ մտածված նվերներ չունեմ, թանկ են ինձ համար բոլոր այն նվերները, որոնք մարդիկ հատուկ մտածելով գնում են ինձ համար. կարեւորը նվերի մեծությունը չէ, այլ այն հոգին է, որ նրանք դրել են այն ինձ համար գնելու համար, եւ իսկական անակնկալը հենց դա է»,-ընդգծեց Անին:
Դերասանուհու խոսքով՝ շատ երազանքներ ու նպատակներ ունի, բայց դրանց մասին այժմ չի ցանկանում բարձրաձայնել. «Ուղղակի այս օրերին ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն կյանքում իմ ունեցած լավ ու վատ օրերի համար»:
38-ամյա գեղեցկուհին տարիքային կոմպլեքսներ չունի, սակայն միակ բանը, որ նա իսկապես ցանկանում է, չմեծանալն է, որպեսզի մայրն իր հետ միասին չմեծանա:
Խոսելով կյանքի զուգընկեր ունենալու մասին՝ Անին նշեց, որ այս պահին իր սիրտը ազատ է. «Այս պահին կյանքի կողակից դեռ չունեմ, դեռ ոչ մեկին չեմ սիրում, չեմ սիրահարվել»:
Նշենք, որ Անի Գրիգորյանը ծնվել է Հայաստանի մայրաքաղաք Երեւանում 1984 թվականի հունիսի 15-ին։ 2001 թվականին ավարտել է Երեւանի թիվ 117 միջնակարգ դպրոցը։ 2001-2006 թվականներին սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական համալսարանում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում` որպես դերասանուհի։ 2009 թվականից աշխատում է Երեւանի կամերային թատրոնում։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿՄԵԿՆԱՐԿԻ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ ՖԻԼՄՈՎ
Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
2022 թվականին եւս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր՝ ամենահեղինակավոր կինոփառատոններից։ «Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստան-ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է։ Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակը Մայքլ Գյուրջյանն է, օպերատորը՝ Գասեմ Էբրահիմյանը, երաժշտությունը գրել է Անդրանիկ Բերբերյանը։ Մոնտաժը կատարել են Մայք Սոլեմը, Մայքլ Գյուրջյանը։
Դերերում՝ Մայքլ Գյուրջյան, Հովիկ Կեուչկերյան, Նելլի Ուվարովա, Միխայիլ Տրուխին։ Ֆիլմի հերոսը փոքրիկ Չարլին է, որը փախել ու մազապուրծ փրկվել է Հայոց ցեղասպանությունից՝ թաքնվելով Միացյալ Նահանգներ ուղեւորվող բեռնատարում: Նրա ընտանիքի բախտը, սակայն, չի բերել: Չնայած ողբերգական մանկությանը՝ Չարլին, չափահաս դառնալով, մանկան պես հիանում էր աշխարհով: Շատ փախստականների եւ որբերի պես Չարլիի մեծ սրտում անդունդ էր գոյացել…
Ֆիլմում պատմությունը սկսվում է 1947-ին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան, եւ նրան դիմավորում է Խորհրդային Միության դաժան իրականությունը: Հայաստանի հոգին խեղդվում է երկաթե վարագույրի տակ: Չարլիին տեղնուտեղը ձերբակալում եւ բանտարկում են՝ փողկապ կապելու անհեթեթ մեղադրանքով: Համոզվելու համար, որ Չարլին մյուս բանտարկյալների վրա չի ազդի իր «աշխարհաքաղաքացիական» հովերով, նրան մենախուց են տեղափոխում: Երբ Չարլին ուր որ է անձնատուր է լինելու տարաբախտ դրությանը, պարզում է, որ երկրաշարժից վնասվել է բանտի պատը, որը հենց իր խցի պատուհանի դիմաց է:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԽՈՍԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Շոտլանդիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակ Վահան Բիչախչյանն իր կարծիքն է ասել հանդիպման մասին: «Սա այն հաշիվը չէր, որ պետք է գրանցվեր, բայց եղավ այն, ինչ եղավ: Շատ բան չկա ասելու: Մենք միասին ենք թիմ: Այդ սխալը կարող էր ցանկացածս թույլ տալ, ես՝ նույնպես: Այս դժվար պահերին պետք է միասին լինենք: Փորձենք սա մոռանալ եւ շարժվել առաջ»,- ասել է Բիչախչյանը:
ՄԱՐԶԻՉԸ ՀՈՐԴՈՐԵԼ Է
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, բրիտանացի ֆուտբոլային մեկնաբան Գարի Լինեկերը ազգային թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին հորդորել է խաղալ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլի» խաղաոճով։ «Անգլիայի հավաքականն իր առաջատարներին պետք է թույլ տա լիարժեք հանգստանալ, որպեսզի մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը լինեն առույգ եւ լավ մարզավիճակում։ Նաեւ խորհուրդ կտայի օգտագործել «Լիվերպուլի» խաղաոճը, որը կատարյալ կլինի ազգային թիմի համար»,-գրել է Լինեկերը։ Ազգերի լիգայի չորրորդ տուրում Անգլիան տանը 0։4 հաշվով պարտվել է Հունգարիայի թիմին։ Նախորդ անգամ Անգլիայի ազգային թիմը տնային խաղում 4 գոլի տարբերությամբ պարտվել էր 1928 թվականին։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Շոտլանդիան այն ժամանակ հաղթել է 5։1 հաշվով։
ՊԱՀԱՆՋԵԼ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Ամերիկացի ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթը adidas-ից փոխհատուցում է պահանջել։ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու խոսքով՝ Adilette 22 Slides կոշիկի նոր հավաքածուն գրեթե ամբողջությամբ կրկնում է Yeezy-ի հողաթափերի դիզայները։ Sostav-ի հաղորդմամբ՝ Yeezy-ի հիմնական արտադրանքը Adidas-ի հետ համագործակցության շրջանակներում է ստեղծվել։ «Ես չեմ հանդուրժի այս բացահայտ կրկնօրինակումը։ Դիմում եմ սպորտային կոշիկների բոլոր սիրահարներին, յուրաքանչյուր մարզիկի, ռեփերի կամ պարզապես խանութի աշխատակցի։ Յուրաքանչյուրի, ով ցականում է դրսեւորել իրեն, բայց վախենում է կորցնել պայմանագիրը կամ խելագարանի խարան ստանալ»,- իր միկրոբլոգում գրել է երաժիշտը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վաճառքի սկզբնական շրջանում Adilette 22 Slides-ի, ինչպես եւ ռեփերի հողաթափերի արժեքը կազմում էր 55 դոլար, սակայն հետագայում դրանց արժեքը հասել է 60 դոլարի։