Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը՝ հնչեցված մեղադրանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի փոխթաղապետ Վարդան Բեկչյանը վստահեցնում է անհեթեթ մեղադրանքեր են հնչում թաղապետարանի եւ իր հասցեին.

«Մենք պաշտոնական հաղորդագրություն կտարածենք ու կտեսնեք, բայց մեկ բան պետք է ասեմ, քանի որ շատ զայրացել եմ: Անհեթեթ մեղադրանք է, չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էի լսել նման անհեթեթ մեղադրանք : Շատ ցավում եմ, որ մենք դեռ մարդկային որակական այն զարգացվածության փուլում ենք գտնվում, որ ինքնահաստատվում ենք ոչ թե մեր արած աշխատանքի, այլ դիմացինի վրա ցեխ շպրտելու հաշվին: Մենք հարգում ենք մեր յուրաքանչյուր աշխատակցի և, առհասարակ, քաղաքացու իրավունքը, որովհետև ամեն մարդ ունի իր խոսքի ազատությունը, սկզբունքներն ու այս կամ այն պետական ուժին հարելու իր իրավունքը, և դա ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ նրա մասնագիտական որակների վրա: Եվ հետո, ՔՊ-ն չունի նման քայլերի գնալու կարիք, մենք չունենք գլխաքանակ ապահովելու և մարդկանց ստիպողաբար մեր կողմը քաշելու միտում: Ասեմ ավելին, մենք միշտ դեմ ենք եղել այդ սկզբունքին և աշխատանքի ենք ընդունել մարդկանց իրենց մասնագիտական հմտությունների, և ոչ թե կուսակցությանը հարելու համար»:

Նշենք, որ այս օրերին ահազանգ ենք ստանում, որ թաղապապետարանի աշխատակիցներին ստիպում են անդամակցել ՔՊ-ին կամ ազատման դիմում գրել: «Հրապարակ» օրաթերթն էլ գրել էր, որ «Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններից առաջ իշխող ուժը պետական կառույցները ՔՊ-ականացնելու խնդիր է դրել։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս գործընթացն իրականացվում է առանց ձեւականությունների։ Աշխատակիցներից ահազանգ էին ստացել, որ փոխթաղապետ Վարդան Բեկչյանը նրանց կանչում է իր մոտ եւ պայման դնում՝ կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ: Ահազանգած աշխատակիցն ասաց, որ վերջերս ազատված թաղապետ Կարեն Հակոբյանն էլ էր դա անում, բայց անում էր զգուշորեն»:

Ք.Մ




Լրահոս