Կին զինծառայողին թիրախավորել էին ոչ միայն որովհետև զինծառայող էր, հայ, այլև կին. Քրիստինե Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Ռազմական վերջին գործողությունների հետևանքով կա 7600 տեղահանված:

Հարցին, թե ինչու էր կոչ անում չտարածել տեսանյութը, որում երևում է խոշտանգված զինծառայող կնոջ կտտանքների ենթարկված մարմինը, որի վրա գրված է «յաշմա», և արդյոք իրենք բոլոր ելույթներում հենց այդ դեպքից չպիտի՞ խոսեն, Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց, որմիջոցներ արդեն ձեռնարկել է:

«Մասնագիտական բժշկական վերլուծության ենթարկված տեսանյութը արդեն իսկ ուղարկվել է թե ՄԱԿ-ի, թե Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովներին, աշխատանքային խմբերին, և ես հետևողականորեն եմ աշխատելու այս առումով` հետևելով, որ սրան պատշաճ գնահատական տրվի:

Կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն ինքը զինծառայող է, ոչ միայն հայ էր, այլ որովհետև ինքը կին էր, և այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին»,- հավելեց նա:

Իսկ արդյոք այդ դեպքի մասին հայտնե՞լ է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ով Հայաստանում էր այցով: ՄԻՊ-ն ասաց, որ խոսնակի հետ հանդիպում չի ունեցել. «Բայց լավագույն ջանքը դրված է եղել, և մեր զեկույցը հասանելի է եղել դիվանագիտական մեր կոլեգաներին, այդ թվում` դեսպանատան անձնակազմին պատշաճ կերպով բարձրաստիճան պատվիրակությանը փաստերը ներկայացնելու համար»:




Լրահոս