«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի» գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութերին և հայտնել, որ Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացվեն Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ:
«Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ ներկայացուցիչների զանգերի և հաղորդագրությունների.
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է:
Տեղեկացնեմ, որ այս պահին աշխատում ենք համապատասխան կառույցների հետ: Փաստերի համադրմամբ և հստակ ապացույցներով ուղեկցված նյութերով առավոտյան Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացնենք Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ»,- գրել է նա:
Նշենք՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որը, ըստ ֆեյսբուքյան օգտատերերի, ամենայն հավանականությամբ արվել է Ադրբեջանի՝ վերջին հրահրած ագրեսիայի ժամանակ: Տեսանյութում նկատելի է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողները գնդակահարում են գերեվարված հայ զինծառայողներին: