Սեւանա լճում խեցգետին չկա։ Այս մասին ահազանգում են մասնագետները՝ նկատելով, որ Սեւանա լճում, ջրային ավազաններում կտրուկ նվազել են խեցգետնի պաշարները: Պատճառն, ըստ մասնագետների, խեցգետնի որսը սխալ կանոնակարգելն է: Ճիշտ է, որսի թույլտվություն տրվում է, բայց չի վերահսկվում, եւ որսի ծավալները գնալով ավելի ու ավելի են շատանում:
Այդ իսկ պատճառով Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է խեցգետին արտադրել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վահան Քերոբյանի ղեկավարած նախարարությունն առաջարկում է 2023-2025 թթ․ հանրապետությունում հիմնել 9 խեցգետնաբուծական համալիրներ, 3-ական՝ փոքր, միջին, խոշոր։ Ավելին, տնտեսավարողներին տրամադրվելու է փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50 տոկոսի չափով։ Իսկ փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմելու է 819 մլն դրամ, ինչի համար անհրաժեշտ կլինի Հայաստանի 2023, 2024 և 2025 թվականների պետական բյուջեից տարեկան հատկացնել 273 մլն դրամ։
Սյունէ Համբարձումյան