ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի կիրառմանը նվիրված քննարկմանը։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ի գրասենյակը։
Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել «ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի գործողության մեջ դնելու հիմնահարցերի և դրանց լուծման օրենսդրական և ինստիտուցիոնալ հեռանկարները» թեմայով քննարկմանը։
«Պաշտպանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չափազանց կարևոր է քրեական և քրեադատավարական պատշաճ օրենսդրություն ունենալը և նշել, որ նոր օրենսդրությունն այս տեսանկյունից բավականին առաջադեմ կարգավորումներ է առաջարկում։
Միևնույն ժամանակ Անահիտ Մանասյանը նշել է, որ առանցքային նշանակություն ունի անհրաժեշտության դեպքում օրենսդրության կատարելագործումը։
Պաշտպանը նաև ընդգծել է, որ ինչպես իրավական նորմերի կիրառումը, այնպես էլ օրենսդրության ցանկացած փոփոխություն պետք է ամբողջությամբ համապատասխանի մարդու իրավունքների թե՛ ներպետական և թե՛ միջազգային չափանիշներին։
Աշխատաժողովը նախաձեռնվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Բարձրագույն դատական խորհրդի, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ և դատավորներ, որոնք ներկայացրել են իրենց գործունեության արդյունքում նոր օրենսգրքերի կիրառման առնչությամբ արձանագրված խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ։