ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։

 

19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը: ԱՄՆ-ից բերված հայկական գորգարվեստի նմուշների այս ընտրանին ավելի քան 400 քմ ցուցադրական տարածքում առաջին անգամ ներկայացվելու է հանրությանը՝ բացահայտելով ուրույն մի ժառանգություն, համադրվելով բնօրինակ լուսանկարների ու այլ ցուցադրական միջոցների հետ։

«Դեռեւս նախորդ տարվանից Հայաստանի պատմության թանգարանում բացված ազգային հավաքածուին զուգահեռ՝ ներկայացվող նմուշները նորովի են բացահայտելու մեր հավաքական անցյալը։ Ցուցահանդեսի նպատակներից է գորգարվեստի վերածնունդը, որի ուղղությամբ «Թուֆենկյան գորգեր» ընկերությունը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում»,- ցուցադրության մասին ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Նշենք, որ Թուֆենկյան ընկերության սեփականատեր, գորգերի փորձագետ եւ հավաքորդ Ջեյմս Թուֆենկյանի խոսքով՝ նա իր առջեւ խնդիր չէր դրել հավաքելու հայկական ամենահին, հազվագյուտ ու պատմականորեն ամենանշանակալի գորգերը. «Ընդհակառակը, ես ցանկանում էի հավաքել, պահպանել եւ աշխարհին ցույց տալ հայկական տնայնագործ գորգերի ամենագեղեցիկ, հմայիչ ու խորհրդավոր նմուշները: Ես հիացած եմ արվեստի այս պատկերավոր նմուշներով եւ այն հանգամանքով, որ այս գորգերը ստեղծել են ոչ թե հայտնի վարպետներ, որոնք հարստություն են կուտակել՝ դրանք վաճառելով, այլ 150 տարի առաջ հեռավոր լեռնային վայրերում բնակված հասարակ ջուլհակներ: Նրանք ստեղծել են այս նմուշները, քանի որ սիրել են իրենց արհեստը, հպարտացել իրենց գործով եւ միաժամանակ ցանկացել ընտանիքի անդամներին այսպիսի իրեր ունենալու բերկրանք պատճառել»,- նշեց նա։

Նշենք, որ Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուն համադրվել է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրագետների կողմից դաշտային աշխատանքների ժամանակ արված 20-րդ դարասկզբի արխիվային լուսանկարների եւ լուսանկարիչ Դիմիտրի Երմակովի արհեստանոցում ստեղծված դիմանկարների հետ: Վերջիններս ազգագրական կարեւոր վկայություններ են հայկական գորգագործական ավանդույթների եւ դարեր շարունակ առօրյայում դրանց ունեցած նշանակության մասին: Արցախում եւ Հայաստանի այլ բնակավայրերում արված ժամանակակից լուսանկարները, ինչպես նաեւ «Թուֆենկյան գորգեր» ընկերության մասին պատրաստված ֆիլմը, որոնք ընդգրկվել են ցուցադրության մեջ, օգնում են ավելի լավ հասկանալ հայկական գորգագործության համատեքստը երեկ, այսօր եւ վաղը:

Հավելենք, որ ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մեկ տարի, որի շրջանակում նախատեսվում են տարբեր միջոցառումներ։

 

 

 

 

ՓՈԽԵԼ Է ԱՆՈՒՆԸ

Մեկ տարի առաջ Քլոեն եւ Տրիստան Թոմփսոնը փոխնակ մոր օգնությամբ որդի են ունեցել։ Սկզբում աստղերը երեխային թաքցնում էին հետաքրքրասեր աչքերից, սակայն շուտով The Kardashians-ի թողարկումներից մեկում երկրպագուներին ծանոթացնում էին փոքրիկի հետ։ Դուք կհարցնեք՝ ինչ է նրա անունը, եւ պատասխանն այնքան էլ պարզ չի լինի, որքան կարծում եք…

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ծնվելուց անմիջապես հետո Քլոեն եւ Տրիստանը չեն իմացել՝ ինչ անվանեն երեխային, ուստի ծննդյան վկայականում նրա անունը նշված էր որպես Baby Kardashian: Բայց անցել է ավելի քան մեկ տարի (մասնավորապես՝ 13 ամիս), եւ աղջիկը պաշտոնապես փոխել է որդու անունը։ Հիմա նա Տատում Թոմփսոն է։

Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանը հարաբերությունների մեջ էր Թրիստան Թոմփսոնի հետ։ Նրանք բաժանվել են 2019թ.: Բասկետբոլիստը մեկ անգամ չէ, որ խաբել է ռեալիթի հեռուստաաստղին։ Անցյալ ամառ՝ ընտանիքում համալրման լուրերից հետո, շատերը սկսեցին խոսել զույգի հնարավոր վերամիավորման մասին: Պարզվել է, որ Տրիստանը երեխա է ունենալու մեկ այլ կնոջից այն բանից հետո, երբ թվում էր, թե Քլոեն վերջապես խզել է հարաբերությունները մարզիկի հետ։ Վերջին շրջանում նրանց հաճախ կարելի է միասին տեսնել։ Վերջերս Քլոեն խոստովանել է, որ նրանք կրկին միասին են ապրում։ Բացի որդուց, նրանք միասին մեծացնում են իրենց դստերը՝ Թրուին։

 

 

 

 

ՏՎԻՉ՝ ՔԱՐԱՐԾՎԻ ՎՐԱ

Հայաստանում առաջին անգամ արբանյակային տվիչ է տեղադրվել քարարծվի վրա, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել նրա տեղաշարժը, վարքագծային առանձնահատկությունները. այս մասին հաղորդագրություն է տարածել Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։

Վերջերս ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին զանգ էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի հարակից հատվածներում հյուծված, երիտասարդ քարարծիվ են գտել։ Տեսչական մարմնի աշխատակիցները քարարծվին տեղափոխել էին «Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ, որտեղ նա ստանում է համապատասխան խնամք։

«Մեր մասնագետները քարարծվի վրա հաջողությամբ տեղադրել են արբանյակային տվիչ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու չուն, լոկալ տեղաշարժերը, վարքագծային առանձնահատկությունները, տեսակների էկոլոգիային եւ կենսաբանությանը վերաբերվող այլ հետաքրքիր փաստեր, վեր հանել սպառնացող վտանգների մի մասը, օրինակ՝ թռչնի համար վտանգավոր էլեկտրասյուներն ու լարերը եւ այլն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ թռչունը մի քանի օրից բաց կթողնվի վայրի բնություն։

 

 

 

 

ՀՐԱՎԵՐԸ ՄԵՐԺԵՑ

Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» 22-ամյա հարձակվող Էդգար Սեւիկյանը չի ընդունել  Ռուսաստանի հավաքականի հրավերը։

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկանում է ֆուտբոլիստի տարածած հայտարարությունից։

«Շատ հաճելի է, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ուշադրություն է դարձել եւ գնահատել է իմ աշխատանքն ու արդյունքները։ Ռուսաստանն ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի եւ կարիերայի համար, սակայն ես չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Հույս ունեմ, որ երկրպագուները ըմբռնումով կընդունեն իմ ընտրությունն ու ինքնուրույն որոշումը»,- նշել է Էդգար Սեւիկյանը։

Հայաստանի հավաքականը Թուրքիայի եւ Խորվաթիայի հավաքականների դեմ առաջիկա ընտրական հանդիպումներին չի հրավիրել Սեւիկյանին, որը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, 2017-ին տեղափոխվել էր իսպանական «Լեւանտե»։ Այս ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակում միացել է «Պարի Նիժնի Նովգորոդին»։

 

 

 

 

«ՉԵԼՍԻԻ» ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

21-ամյա անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր  «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի». հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Չելսին» 7 տարվա պայմանագիր է կքնել Փալմերի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի գումարը կկազմի 40 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նախատեսված է նաեւ 5 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուս։

Փալմերը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Գլխավոր թիմում մասնակցել է 41 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

 

 

 

 

ԿԱՐԵՎՈՐ ՖԻԳՈՒՐԸ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության արդյունքները։ A խմբում «Բավարիայի» մրցակիցները կլինեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», դանիական «Կոպենհագենը» եւ թուրքական «Գալաթասարայը»։

«Շատ ուրախ ենք, որ Չեմպիոնների լիգան վերադառնում է։ Կունենանք մի քանի մեծ դիմակայություններ երեք թիմերի հետ մեծ քաղաքներից։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարեւոր ֆիգուր է համաշխարհային ֆուտբոլում։ Նրանց մարզում է «Բավարիայի» պահեստային թիմի նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։

«Կոպենհագենն» ու «Գալաթասարայը» նույնպես հրաշալի թիմեր են։ Շաբաթվա կեսի հանդիպումները առանձնահատուկ են մեր օրացույցում»,- Մյուլերի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

 

 




Լրահոս