«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ չի մասնակցել Հռոմի ստատուտի հարցի քվեարկությանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Գուրգեն Արսենյանը հատուկ չի մասնակցել քվեարկությանը, քանի որ առաջիկայում Արսենյանին պետք է նշանակեն ՌԴ-ում Հայաստանի դեսպան: Ըստ մեր տեղեկությունների՝ Արսենյանը հույս ունի, որ առաջիկայում պետք է հաստատվի իր ագրեմանը, ինչի նպատակով անգամ իր ամերիկաբնակ որդուն, հարսին եւ թոռներին տեղափոխել է Երեւան, որպեսզի ՌԴ-ն որեւէ խնդիր չտեսնի դեսպան նշանակելու հարցում:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Գուրգեն Արսենյանի հետ վերը նշված տեղեկությունների վերաբերյալ զրուցելու համար: Արսենյանը շատ ագրեսիվ էր տրամադրված, ավելին՝ հայտարարեց, թե մենք «ագենտ» ենք, որ այդպիսի տեղեկությունների ենք տիրապետում:
-Պարո՛ն Արսենյան, ինչո՞ւ երեկ ԱԺ-ում չմասնակցեցիք Հռոմի ստատուտի քվեարկությանը:
-Բարձր ճնշումս… Ես ինձ այնքան էլ լավ չեմ զգում, երեկ խորհրդարան չեմ ներկայացել, որովհետեւ բժշկի թուղթ ունեմ, որ ինքնազգացողությունս լավ չէ:
-Իսկ եթե մասնակցեիք քվեարկությանը, ո՞րն էր լինելու Ձեր դիրքորոշումը:
-Քանի որ չեմ մասնակցել,հետախուզական հարցեր մի՛ տվեք:
-Հետախուզական հարցեր չեն, ընդամենը փորձում ենք պարզել Ձեր դիրքորոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ:
-Եթե լինեի ԱԺ-ում, իմ դիրքորոշմանը կծանոթանայիք:
-Ըստ մեր տեղեկությունների՝ Դուք չեք մասնակցել Հռոմի ստատուտի քվեարկությանը, քանի որ առաջիկայում Ձեզ պետք է նշանակեն ՌԴ-ում Հայաստանի դեսպան, իսկ այս քվեարկությունը կարող է խաթարել այդ գործընթացը. այս պահին դրված է Ձեր ագրեմանի հարցը: Որքանո՞վ է այս տեղեկությունը իրական:
-Ո՞վ է Ձեզ այդ առաջադրանքը տվել, որ նման բաներ փորփրեք, նման բաներ ճշտեք:
-Մեզ ոչ ոք որեւէ առաջադրանք չի տալիս, կա տեղեկություն, փորձում ենք Ձեզանից ճշտել:
-Ո՛չ, Դուք ակնհայտ առաջադրանք եք կատարում: Սա հերթական տարօրինակ վարքագծի դրսեւորումն է: Ես հիվանդ եմ եղել, չեմ մասնակցել քվեարկությանը: Ես արդեն պատասխանեցի Ձեր առաջին հարցին:
-Բայց մենք տեղեկություն ունենք՝ որպեսզի Ձեր՝ դեսպան նշանակվելու հետ կապված որեւէ խնդիր չառաջանա, Դուք Ձեր ամերիկաբնակ որդուն, հարսին ու թոռներին բերել եք Հայաստան: Չկա՞ նման բան:
-Ես իմ տղային, հարսին չեմ բերել, իրենք են որոշել ու եկել: Ես իրենց որեւէ տեղում գտնվելու որոշման վրա ազդեցություն չունեմ: Ձեր այս հետաքրքրությունը շատ նման է ուրիշ երկրների ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական հարցման: Ես այդպես եմ մտածում:
-Ո՛չ, որեւէ հետախուզական ծառայության հարցեր չեն, ընդամենը ունենք տեղեկություններ եւ ուզում ենք Ձեզնից ճշտել:
-Դուք լրագրող եք, բայց Դուք հատուկ հանձնարարություններ եք կատարում:
-Դուք հիմա մեղադրանքներ եք հնչեցնում, որի համար կարող ենք Ձեզ դատի տալ: Մենք ընդամենը փորձում ենք մեր ունեցած տեղեկությունները ճշտել Ձեզանից:
-Կարող եք դատի տալ: Դատարանում ես կպատասխանեմ այս հարցերին: Ես Ձեզ տեղեկացնում եմ, որ Ձեր հնչեցրած հարցերը հետախուզական ծառայության հարցեր են:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ Է
Ադրբեջանի դատախազը հետեւողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում եւ կալանավորում: Իսկ ի՞նչ քայլեր է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ադրբեջանի կողմից ձերբակալված ու կալանավորված Արցախի երեք նախագահների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու համար։ Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին. «Անձանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվել է ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում։ Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը կիրառում է օրենքով նախատեսված գործիքակազմը անձանց իրավունքները պաշտպանելու եւ վերականգնելու նպատակով»։
Իսկ թե Աննա Վարդապետյանը կոնկրետ ինչ գործիքակազմ է կիրառում, դատախազությունը չի մանրամասնել՝ նշելով, որ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է: Դատելով իրավիճակից՝ դատախազությունում եւս ՀՀ քաղաքացիների պես հանդիսատեսի նման հետեւում են, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հայրենակիցներին մեկիկ-մեկիկ կալանավորում: Խոշտանգումների մասին դեռ տեղեկություն չունենք:
ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
«Հայաստանում որոշումների կայացման գործընթացում հաշվի չի առնվում հասարակական կարծիքը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կայացվում են որոշումներ, որոնք ունեն համազգային նշանակություն ոչ միայն այսօր, այլեւ ազգի պատմության համատեքստում։ Իշխանությունները կայացնում են այդ որոշումները՝ չհիմնվելով հասարակական կարծիքի վրա, առանց հենվելու արդյունքների վրա»,- ասել է Զախարովան Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։
Նա հավելեց, որ Հայաստանում իշխանության ներկայացուցիչների վերջնական գործողությունները հակասում են այն ամենին, ինչ նրանք խոստացել էին ընտրություններից առաջ։
Ո՞Վ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՊԱՐԵՏԸ
Արդեն հայտնի է, որ Սարգիս Գալստյանը Ալիեւի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ. նա ժամանակին աշխատել է Արցախի ԱԱԾ-ում, Բակո Սահակյանի հետ բարեկամություն է արել, երբ Բակո Սահակյանը դարձել է Արցախի ԱԱԾ տնօրեն (2001-2007):
Սարգիս Գալստյանը մասնագիտությամբ արեւելագետ է, ԵՊՀ շրջանավարտ, Շուշիի հյուրանոցում տնօրեն է աշխատել, ապա միջին կարգի պաշտոններ զբաղեցրել Արցախի կառավարությունում, բարեկամություն արել Արցախի նախագահի հետ:
Կասկած չունենաք, որ նա դեռ 90-ական թթ. է հավաքագրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից: Սարգիս Գալստյանը լավ հարաբերություններ է ունեցել նաեւ Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի հետ:
Երբ 2020թ. ընտրություններից հետո Սամվել Շահրամանյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից տանում են Արցախի ռազմահայրենասիրության նախարար, Սարգիս Գալստյանը դառնում է այդ նախարարության աշխատակազմի ղեկավար:
Սարգիս Գալստյանի քրոջ որդին՝ Վահե Հարությունյանը, Ստեփանակերտից լրագրող էր աշխատում Երեւանի թերթերից մեկի համար՝ հիմնականում վարկաբեկելով արցախցի այն պաշտոնյաներին, որոնք աշխատում էին նվիրումով եւ կոռուպցիայի մեջ չէին թաթախված:
Սարգիս Գալստյանը Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է եւ Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր:
Սարգիս Գալստյանը եղել է Արցախի կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա, «Շուշի պլազա» հյուրանոցի տնօրեն:
Գալստյանը Facebook-ում հանդես է գալիս Սարար Շուշի կեղծանունով, իբր, բնակվում է Սանկտ Պետերբուրգում:
Նա Ստեփանակերտից զանգում է իր բարեկամներին եւ հորդորում վերադառնալ Ստեփանակերտ՝ ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու:
Վերջին ժամերի ընթացքում Սարգիս Գալստյանի մասին շրջող լուրերը հակասական կարծիքների պատճառ են դարձել։ Նրան որակում են կա՛մ ծախված, ինչպես ներկայիս իշխանություններին, կա՛մ ազնիվ մարդ, ով չի ցանկանում լքել Արցախը եւ ստիպված է այդ քայլին գնացել։ Սակայն կոչելով իրերն իրենց անուններով՝ նա դավաճանների շարքում համարվում է համար առաջին դավաճան, որը գործարքի գնաց թշնամու հետ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ