Նոր մանրամասներ. ինչ ցուցմունք են տվել Աշտարակի կրակոցների գործով անցնողները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել՝ «Աշտարակի ձոր»-ի աղմկահարույց կրակոցների գործով անցնող համայնքի ղեկավարները ինչ ցուցմունք են տվել ՀՀ քննչական կոմիտեում։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ Ուջանի համայնքապետ Գրիգոր Հարությունյանն իր ցուցմունքում գրել է, որ, իբր, մեքենան խափանված է եղել Աշտարակի ձորի «Արեւիկ» ռեստորանի մոտակայքում, ինքը բեռնփոխադրող ընկերություն է կանչել, որ մեքենան տանեն։ Տարածքում լսել է աղմուկ ու տեսել է՝ քաղաքապետի տեղակալը վիրավորված է, օգնության է հասել ու մեքենայով տարել է։

Ասել է թե՝ նա իր ցուցմունքով փորձել է համոզել իրավապահներին, որ կռվի հետ կապ չունի։ Ուշիի համայնքապետ Մարտին Մարտիրոսյանը ընդհանրապես գրել է, որ դեպքի վայրում չի եղել ու դեպքի ժամանակ մասնակցել է Աշտարակ քաղաքում հիշատակի նվիրված արարողության։ Այսինքն՝ համայնքների ղեկավարները «գողական են գնում», ինչպես կասեր դասականը:

Սակայն նախաքննական մարմինը, կարծես թե, չի հավատացել նրանց, մեղադրանք է առաջադրել ու տնային կալանքի տակ է պահում։ Մինչ օրս հարցաքննված չէ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը եւ կրակոցներից վիրավորված նրա տեղակալը. վերջինս դեռ հիվանդանոցում է։ Ինչո՞ւ են իրավապահները խնայում քաղաքապետին, արդյոք հովանավորչությա՞մբ են զբաղված։

ArmLur.am-ը գրել էր՝ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին՝ վիրավորում ստացած, տարել էին հիվանդանոց:

Ավելի ուշ shamshyan.com-ը գրեց, որ իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրի Սահակյանին (որը տնային կալանքի տակ է), Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին եւ այլոց: Հիմա այն մասին, թե կոնկրետ ինչ է կատարվել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում՝ հողի վրա, աշխատանքներ է իրականացրել, եւ նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ, ՔՊ թիմակից դարձած նախկին ՀՀԿ-ամերձ Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ, այդ հողի մասով առարկություններ ներկայացրել, որից հետո հեռացել է: Ապա դեպքի վայր են հասել ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված հասցեում «մարտաֆիլմ» է լինելու: Այդպես էլ եղել է. դեպքի վայր է եկել մոտ 40-հոգանոց խումբ ու սկսել քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոստիկանների ներկայությունը չի սաստել խմբի անդամներին:

Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանել է ավտոմատը ու կրակել, որպեսզի սաստի ներկաներին, եւ կրակոցներից վիրավորվել են Աշտարակի քաղաքապետի տեղակալն ու եւս մեկ անձ։ Իրավապահ համակարգում քննությունը շարունակվում է, եւ ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ: Դատական համակարգն էլ, ըստ էության, ուսումնասիրելով նախաքննական մարմնի միջնորդությունը, հասկացել է, որ ռեստորանի սեփականատիրոջ որդին 40-հոգանոց խմբի ճիրաններից հորը փրկելու համար է կրակել։ Այսինքն՝ իրական մեղավորներին այլ տեղ պետք է փնտրել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս