ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանն արդարացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել Աշոտ Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ արդարացնող հիմքով: ԱԱԾ-ում շուրջ մեկ տարի տևած նախաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվել է Աշոտ Մարտիրոսյանի կողմից Ներինա Պինխասովայից կաշառք պահանջելու փաստը, ավելին՝ պարզվել է, որ Ներինա Պինխասովան սուտ մատնություն է կատարել, վերջինս զղջացել է կատարածի համար, խնդրել է իրեն ներել ու իր նկատմամբ մեղմ պատիժ կիրառել:

Սակայն մինչ օրս այդպես էլ շատ հարցեր մնում են անպատասխան, մասնավորապես, ում դրդմամբ և ինչու Ներինա Պինխասովան որոշեց Աշոտ Մարտիրոսյանի վերաբերյալ սուտ տվյալներ հայտնել ԱԱԾ-ին 2023թ. փետրվար ամսին, հենց այն ժամանակ, երբ դատախազ Աշոտ Մարտիրոսյանը դիմել էր ՀՀ դատական դեպարտամենտ՝ դատավոր դառնալու քննություններին մասնակցելու համար, որի համար շատ կարևոր էր դատավորի թեկնածուի բարեվարքությունը, այսինքն՝ կաշառքի փաստով հարուցված քրեական վարույթի առկայությունը միանշանակ խոչընդոտելու էր դատավոր դառնալուն:

Ինչու բազմաթիվ խարդախություններ կատարած և քրեակատարողական հիմնարկներում տարիներ անցկացրած Ներինա Պինխասովայի կողմից հայտնած տեղեկությունները հիմք հանդիսացան ոչ միայն քրեական վարույթ նախաձեռնելու համար, այլև իր ուսադիրները շուրջ 20 տարի պատվով կրած փորձառու քննիչ ու դատախազ Աշոտ Մարտիրոսյանի նկատմամբ այդ սուտ վարույթի ընթացքում կիրառվեց գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ողջ գործիքակազմը:

Ինչու այդ գործողություններից հաջողվեց իրականացնել միայն հեռախոսային գաղտնալսումը, ինչու Աշոտ Մարտիրոսյանին հեռախոսազանգով հարցաքննության կանչած ԱԱԾ քննիչի կանչելու ձևն ու տոնը դուր չեկավ Մարտիրոսյանին, լեզվակռիվ եղել է արդյոք դատախազի ու ԱԱԾ քննիչի միջև, ինչու վերադաս դատախազները չպաշտպանեցին Մարտիրոսյանի դիրքորոշումն այդ հարցում, ինչն էլ առաջացրեց Մարտիրոսյանի արդարացի դժգոհությունը վերադասներից, որն էլ արտացոլվեց գաղտնալսման ձայնագրություններում, մասնավորապես Մարտիրոսյանի համագյուղացի, մտերիմ դատախազ ու արդեն նույն վերադասների կողմից իր բնակավայրից Կոտայքի մարզի դատախազություն տեղափոխված Ապրես Գրիգորյանի հետ խոսակցության ընթացքում:

Ինչու դատախազները քննիչի կանչով չգնացին ԱԱԾ հարցաքննության և ինչու ԱԱԾ քննիչները մտան դատախազների աշխատասենյակ ոչ միայն օպերատիվ աշխատակիցների, այլ նաև ԱԱԾ դիմակավորված և զինված սպեցնազի ուղեկցությամբ: Համոզված ենք, որ այս բոլոր հարցերի սպառիչ պատասխանները գիտեն հիշյալ դատախազները, ովքեր մինչ օրս հրաժարվում են որևէ լրատվամիջոցի հետ կապ հաստատելուց:

Ի վերջո հարց է առաջանում՝ արդեն արդարացված Աշոտ Մարտիրոսյանը, ով ներկայումս իրականացնում է փաստաբանական գործունեություն, կամ մյուս դատախազը կցանկանան նորից աշխատել դատախազության ներկա համակարգում:




Լրահոս