ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՆՈՋ Freenews-Ը ՉԻ ՄԱՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հեռուստաընկերության՝ Freenews-ի նկատմամբ։ Այս տեղեկությունների հետեւից գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն՝ հասկանալու համար, թե էլ որ հեռուստաընկերություններն են ենթարկվել պատժամիջոցների, եւ որոնք ունեն չվճարված պարտքեր։ ԲՏԱ նախարարությունից մեզ պատասխանեցին, որ հունվարի 1-ի դրությամբ հանրային մուլտիպլեկսում հեռարձակվող հեռուստատեսություններից 3-ը կուտակել են ժամկետանց դեբիտորական պարտք. «Ա-Թիվի» ՍՊԸ-ն կուտակել է 32 մլն ՀՀ դրամ պարտք, «Ֆրինյուզ» ՍՊԸ-ն՝ 23,3 մլն ՀՀ դրամ, «Ֆորտունա» ՍՊԸ-ն՝ 5,4 մլն ՀՀ դրամ։ «Հարկ ենք համարում նշել, որ 2024 թվականի հունվարի 18-ի դրությամբ «Ա-Թիվի» ընկերությունը 32 մլն ՀՀ դրամ պարտքից մարել է 13,3 մլն ՀՀ դրամ գումարը։ Ընկերությունը պարտքի մյուս մասը կմարի դատարանի սահմանած ժամանակացույցով։ «Ֆրինյուզ» ընկերությունը 23,3 մլն ՀՀ դրամ պարտքից մարել է 1,5 մլն ՀՀ դրամ, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։ «Ֆորտունա» ընկերությունն ամբողջությամբ մարել է պարտքը»:

 

 

 

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանի որդուն՝ Ակսեն Սաֆարյանին: Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանին եւ նրա տիկնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին, հրավիրել են Գլխավոր դատախազություն։ Նրանք ծանուցագիր էին ստացել, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ծանուցագիրը ստանալու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, պետք է ներկայանալ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր։ Բանն այն է, որ «Վերածնունդ» ՍՊԸ-ն ներառված է եղել Ստեփանակերտում բարեկարգման աշխատանք իրականացնող ընկերությունների թվում. այն 2020թ.-ի դրությամբ 263 մլն 981 հազար դրամի աշխատանքներ է իրականացրել: Ընկերության 50.3 տոկոսը պատկանում է գնդապետ Գարրի Սաֆարյանին, 49.7 տոկոսը նրա կնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերում Սաֆարյան Գարրին եւ Բաղդասարյան Ռիտան 2013-2017 թվականներին, աշխատավարձից բացի, այլ եկամուտ չեն ներկայացրել: Թե ինչ գույքերի առնչվող հարցերով են նրանք հրավիրվել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, բաց աղբյուրում նշված չէ։

 

 

Նախորդ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Դեռ դեկտեմբերի 25-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանը «հիանալի հնարավորություն կունենան շփվել համաժողովի ընթացքում եւ առաջիկա միջոցառումների շրջանակներում»: Այդպես էլ տեղեկություն չհաղորդվեց՝ կայացել է արդյոք երկկողմ հանդիպում Փաշինյանի եւ Պուտինի միջեւ, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, որն ասաց, թե նման տեղեկություններ չկան: Մեր ճշտող հարցին, թե լուրեր կան, որ Պուտինը մերժել է Փաշինյանի՝ առանձնազրույցի առաջարկը, եղել է արդյոք առանձնազրույց, թե ոչ, Բաղդասարյանը ասաց. «Ավելացնելու ոչինչ չունեմ»: Իհարկե, մենք ոչ թե վարչապետի խոսնակի տեղեկացվածության մակարդակն էինք փորձում ճշտել, այլ երկու երկրների ղեկավարների առանձին հանդիպման մասին: Այդպես էլ, սակայն, ոչինչ չպարզվեց: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում ոչ պաշտոնական շփումներ էին տեղի ունեցել Փաշինյանի ու Ալիեւի միջեւ։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին՝ հինգշաբթի օրը, գաղտնի այց է կատարել Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ինչը իրարանցում է առաջացրել բուժհաստատությունում: Հոսպիտալի տնօրինությունը, տեղեկանալով Փաշինյանի այցի մասին, հրահանգել է արագ կարգի բերել այն  ու շտկել բոլոր անսարքությունները, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հանկարծ չբարկացնեն ու արժանանան վերջերս պաշտոնանկ արված անձանց բախտին: Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում Վարդենիսի հոսպիտալի փակման մասին: Ահա իր այս այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հոսպիտալի տնօրինության հետ ու հանգստացրել նրանց, որ այն շարունակելու է գործել: Բերդի հոսպիտալի օրինակը «պիլոտային է», ու դեռ պարզ չէ, թե այն ինչ ընթացք կունենա մյուսների մասով:

 

 

 

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱԶԱՏՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քրեակատարողական ծառայությունը հերթական անգամ չկարողացավ ազատվել ծառայության պաշտոնյաներից մեկից։ Այդ պաշտոնյան Վարդգես Ծաղիկյանն է: Վերջինս ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալի պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հունիսի 15-ին՝ հեղափոխությունից հետո։ Դրանից հետո համակարգի ոչ մի պետ չի կարողանում ազատվել նրանից, քանի որ նա Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է, հետեւաբար արտոնյալ կարգավիճակում է գտնվում մյուս գործընկերների նկատմամբ։ Ըստ 2022 թվականի հայտարարագրի՝ Ծաղիկյանը «Ն ԵՎ Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ից բնակարան է գնել Երեւանում 24 մլն 176 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որը նույն թվականի սեպտեմբերին օտարվել է 24 մլն դրամով Արտյոմ Ադիխանյանին։ Տվյալ տարվա սկզբում առկա է եղել մեկ Nissan մակնիշի մեքենա, որը տարվա ընթացքում օտարվել է եւ, որպես նվիրատվություն, հանձնվել է Մկրտիչ Խաչատրյանին, իսկ Մկրտիչ Խաչատրյանի MERCEDES-BENZ մակնիշի մեքենան նվիրատվություն է արվել Ծաղիկյանին։ Բանկային հաշիվների մնացորդները կազմում են 156 հազար դրամ եւ 16 հազար ԱՄՆ դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմում են 6 մլն 700 հազար դրամ եւ 18 հազար 300 ԱՄՆ դոլար։

 

 




Լրահոս