«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԸ ՀԱՂԹԵԼ Է DJ ՎԱԿՑԻՆԱՅԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ. ՎՃԻՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովորդ» օրաթերթը դատարանում հաղթել է  Արուսիկ Մկրտչյանին՝ Dj Վակցինային:

Սկսենք սկզբից. «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2019թ.-ի հուլիսի 12-ին  «Ինչպես է Արսեն Թորոսյանի ընկեր DJ Վակցինան օգտվում պետական բյուջեից. 20 հազար դոլար՝ նրա ընկերությանը» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որտեղ հստակ փաստերով բացահայտել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի ղեկավարության օրոք ՀՀ առողջապահության նախարարությունը Արուսիկ Մկրտչյանի՝ DJ Վակցինայի հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդաքշն» ընկերության հետ պայմանագիր է կնքել եւ մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրան:

«Ժողովուրդ» օրաթերթը հստակ արձանագրել էր, որ DJ Վակցինան հաճախ էր այդ ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին գովերգում: Հենց պայմանագրի կնքման օրն էլ կիսվել էր մի քաղաքացու գրառումով, որը նշել էր, թե շատ է ցանկանում, որ Թորոսյանը ՀՀ վարչապետ դառնա:

Հրապարակումից մեկ ամիս անց՝ 2019 թվականի օգոստոսի 12-ին, Արուսյակ Մկրտչյանը հայցադիմում էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելու եւ վնասի փոխհատուցման պահանջներով:

Հայցվորը դատարանին խնդրել էր պարտավորեցնել  «Ժողովուրդ օրաթերթ»-ին հրապարակել հերքում «Ժողովուրդ» օրաթերթի առաջին էջում եւ ArmLur.am կայքում, ընդ որում՝ կայքում հերքումը հրապարակել նաեւ տեսանյութ տեղադրելու միջոցով, ինչպես նաեւ պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում։

2022 թվականի դեկտեմբերի 21-ին դատարանը կայացրել էր վճիռ, որով մասնակի բավարարել է հայցադիմումը եւ պատասխանող լրատվամիջոցին պարտավորեցրել է տպագրել հերքում, իսկ հօգուտ հայցվորի՝ բռնագանձել 4000 ՀՀ դրամ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, եւ 150000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն:

«Ժողովուրդ» օրաթերթը բողոքարկել էր այս վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ 2023 թվականի մայիսի 18-ին այս ատյանը վարույթ էր ընդունել բողոքը:

Եվ, ահա, 2024թ.-ի հունվարի 9-ին Վերաքննիչ դատարանը  վերջնական որոշում է կայացրել մերժել DJ Վակցինայի հերքման պահանջը եւ հօգուտ «Ժողովուրդ»  օրաթերթի նրանից բռնագանձել 10.000 դրամ` որպես Վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Դատարանի որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեից «Ժողովուրդ օրաթերթին» վերադարձվել է 24.01.2023 թվականի թիվ 000533 [895251032] վճարման հանձնարարագրի՝ անդորրագրով բողոքի համար վճարված գումարից 5.000  դրամ:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը վերջնականապես հաղթեց դատարանում:

 

 

 

Վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է կադրային հունձ իրականացնել։ 2024 թվականի հունվարի 27-ի դրությամբ արձանագրվել է աշխատանքից ազատման 4 դեպք։ 2024 թվականը բարի չեղավ ՀՀ Լոռու եւ Արմավիրի մարզերի մարզպետների համար, Էդուարդ Հովհաննիսյանը եւ Արամ Խաչատրյանը աշխատանքից ազատվեցին մի քանի օրվա տարբերությամբ՝ Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր այցեր կատարելուց հետո։ Նրանց հաջորդեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ազատումը, որը, ըստ վարչապետ Փաշինյանի, տապալել էր դպրոցաշինության ոլորտը եւ նախկինների գործը շարունակելով՝ գումարներ էր մսխել պետբյուջեից։ Ազատվեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գեւորգյանը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հավատարիմներ է փնտրում կարեւոր պաշտոնների նշանակելու համար, սակայն կուսակցության հայացքներին հավատարիմ մարդկանց թիվը չի ավելանում, կադրեր դեռ չի գտնում։ Հավելենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ թափուր է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հաստիքը, գրեթե մեկ տարի թափուր է Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահի հաստիքը, ինչպես նաեւ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը։ Անցած տարվա նոյեմբերից թափուր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Տարեվերջին կայացած ԱԺ նիստերի ընթացքում ՔՊ-ականները այդպես էլ չկարողացան իրենց «սրտի թեկնածուին» գտնել այս պաշտոնի համար։  Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է իջնել, այդ պատճառով էլ նրանք դժվարանում են գտնել իրենց «սրտի պաշտոնյաներին»։

 

 

 

 

Ինչո՞ւ են ԲԴԽ-ից հեռանում իշխանության հետ սերտ կապեր ունեցող  պաշտոնյաների հարազատները։ Տպավորություն է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նրանցից ազատվում է նախագահի պաշտոնը պինդ պահելու համար, իսկ որոշ անդամներ էլ խորհուրդն օգտագործում են դատական համակարգի «ամենայուղոտ» ատյանում հաստատվելու համար։ Խոսենք փաստերով։ ArmLur.am-ը գրել էր, որ  Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկվել ԲԴԽ-ի 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը։ Առաջարկվել են Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի, Երեւան քաղաքի դատավոր Արման Օհանյանի եւ ՀՀ քաղաքացի Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։ Այսինքն` ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գալու է ԱԺ եւ Վճռաբեկ դատավորների թեկնածուներին ներկայացնի ԱԺ-ին։ Ուշագրավն այն է, որ այս թեկնածուներից մեկը Արթուր Աթաբեկյանն է։ Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եւ Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Տավուշի մարզպետի դատավոր ազգականը ցանկանում է լքել ԲԴԽ-ն։ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է, նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունից։ Եվ, ահա, ստեղծվել է իրավիճակ, որ 2023թ. հոկտեմբերին Վճռաբեկ դատարան էին տեղափոխվել ԲԴԽ անդամներ Նաիրա Հովսեփյանը եւ Դավիթ Խաչատուրյանը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է ու, ըստ դատական համակարգի, նրա եւ ԲԴԽ նախագահի ջրերը մեկ առվով չէին հոսում, եւ Կարեն Անդրեասյանը գործարքի գնաց ու նրան ուղարկեց Վճռաբեկ դատարան։ Ավելի վաղ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Լիպարիտ Մելքիջանյանը, Սերգեյ Չիչոյանն էին ԲԴԽ-ից տեղափոխվել Վճռաբեկ։ Ստացվում է, որ ԲԴԽ-ն որոշ դատավորների համար դարձել է  «գործիք» սեփական կարիերան կառուցելու համար, իսկ ոմանց էլ ուղարկում են գործարքի արդյունքում, որ պինդ պահեն ԲԴԽ նախագահի դիրքերը։

 

 

 

 

 

 

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Մամուլը գրեց, որ նրա լոբբինգը ՔՊ-ում իրականացրել է պատգամավոր Արփի Դավոյանը, որն անձամբ է ԱԺ ամբիոնից ներկայացնելու թեկնածուին։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ով է փաստաբան Կարեն Թումանյանը: Նա 2023թ. մայիսի 25-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնում էր առաջադրվել, սակայն ՔՊ-ն մերժեց նրա թեկնածությունը: Հիմա Արփի Դավոյանը կրկին առաջ է բերել նույն Կարեն Թումանյանին, բայց էլի խնդիրներ են առաջացել: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվ ջանքերով անգլուխ մնացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է բարեվարքության գնահատական տա Կարեն Թումանյանի մասով՝ դրական կամ բացասական: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ սկանդալային բացահայտում է արվել Կարեն Թումանյանի կենսագրության մեջ: Պարզվում է, որ 1976 թ. ծնված Թումանյանը, որի 18 տարին լրացել է 1994թ.-ին, պարտադիր զինվորական ծառյությունից ազատվել է ընտանեկան դրության հիմքով: Այսինքն՝ մինչ բանակ զորակոչվելը հասցրել է ունենալ 2 երեխա եւ այդ հիմքով, օրենքով սահմանված կարգով, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, կամ փաստաթղթերով ամուսնացել է այնպիսի կնոջ հետ, որն արդեն 90-ականներին երկու երեխա ուներ: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։ Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչեւ զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, եւ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 94թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը: Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել:




Լրահոս