Ռուսաստանի Զինված ուժերի զգալի մասը չի տուժել. Գերմանիայի կանցլեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եվրոպացիներին կոչ է արել ավելի ակտիվ օգնել Ուկրաինային եւ այս առումով կողմնորոշվել Միացյալ Նահանգների տրամադրած օգնության ծավալներով, տեղեկացրել է DW-ն։

«ԱՄՆ-ն պատերազմի սկզբից ամեն տարի տրամադրում է 20 մլրդ դոլարի օգնություն՝ ՀՆԱ 28 տրլն դոլար ծավալի դեպքում։ Նման ջանքերի գործադրումը նվազագույնն է, ինչը կարող է անել եվրոպական ցանկացած երկիր»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության կոնֆերանսում շաբաթ, փետրվարի 17-ին։

«Պետք է ցույց տալ Պուտինին, որ Արեւմուտքը դիմացկուն է։ Չնայած վիթխարի կորուստներին՝ ռուսական Զինված ուժերի զգալի մասը չի տուժել»,- ասել է Գերմանիայի ղեկավարը՝ ավելացնելով, որ Պուտինին մինչեւ այժմ չի հաջողվել Ուկրաինայում հասնել իր նպատակներից որեւէ մեկին։

Շոլցն ընդգծել է, որ Ուկրաինայի օգնության ընդլայնումը կարեւոր է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ եվրոպացիների սեփական անվտանգության համար։ Նա նշել է, որ Գերմանիան այս տարի գրեթե կկրկնապատկի օգնությունն Ուկրաինային՝ տրամադրելով ավելի քան 7 մլրդ եվրո։

Շոլցը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի թուլացման հետ կապված։

«Իր անդամ երկրների պաշտպանության մասին ՆԱՏՕ երաշխիքների թուլացման ցանկացած արտահայտություն կօգնի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել մեզ, օրինակ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասել է նա՝ ակնարկելով ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի արտահայտությունները, որը հայտարարել է, որ չի պատրաստվում պաշտպանել ՆԱՏՕ այն երկրներին, որոնք պաշտպանության համար քիչ են ծախսում։

Կանցլերը հավաստիացրել է, որ Գերմանիան թե՛ հիմա, թե՛ 30-ական թթ., թե՛ հետո պաշտպանության համար կտրամադրի իր ՀՆԱ երկու տոկոսը։ «Մենք պետք է  հոգանք, որպեսզի մեր զսպման ուժերը համապատասխանեն ժամանակակից պահանջներին»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին Գերմանիան կուժեղացնի ամենաարդիական գերճշգրիտ զենքի ստեղծումն ու ներդրումը։




Լրահոս