ՉԱՐԱՇԱՀԵԼՈՎ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ներգրավվել է ընդերքօգտագործմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգմանը, որի ընթացքում նշված մարմնի աշխատակիցների կողմից կազմվել եւ սահմանված կարգով ՀՀ ՊԵԿ է ներկայացվել մասնագիտական եզրակացություն այն մասին, որ ՍՊ ընկերությունը թույլտվությամբ տրամադրված տարածքից դուրս տեղահանել է 40972.5 մ3 բազալտի օգտակար հանածո:

 

«Այնուհետեւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը եւ կառուցվածքային ու գործառույթային ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նպատակադրվել են Ընկերության կողմից կատարված իրավախախտումը թաքցնելու նպատակով կազմել կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր։

Մասնավորապես, ստորաբաժանման ղեկավարը հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, իր ղեկավարի գիտությամբ եւ թույլտվությամբ, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, այն է՝ բնապահպանական վերահսկողության բացակայության պայմաններում, 2020թ. մարտին կազմել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի անունից ՀՀ ՊԵԿ նախագահին հասցեագրված գրություն՝ դրանում ներառելով կեղծ տեղեկություններ այն մասին, թե, իբր, լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 40972.5մ3 բազալտի օգտակար հանածոն, որը եզրակացության մեջ նշվել էր, որ թույլտվությամբ տրամադրված տարածքից դուրս էր արտահանվել, կարող էր բնական տեկտոնական պրոցեսների հետեւանքով առաջացած փլուզումների պատճառով թափված լիներ ՍՊԸ-ին տրամադրված տարածք: Այնուհետեւ հիշյալ գրությունը ստորագրման նպատակով ներկայացրել է տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին, ով էլ իր հերթին, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ստորագրել է այն եւ ուղարկել ՀՀ ՊԵԿ։

Ստորաբաժանման ղեկավարը, շարունակելով չարաշահել պաշտոնեական լիազորությունները, թույլտվությամբ տրամադրված հիշյալ տարածքից դուրս տեղահանված 40972.5մ3 բազալտի հանածոյի, դրանով «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ ՀՀ

ՊԵԿ նախագահի գրավոր հարցադրումներին ի պատասխան՝ բնապահպանական որեւէ տեսակի վերահսկողության բացակայության պայմաններում 2020թ. մարտին կազմել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի անունից ՀՀ ՊԵԿ նախագահին հասցեագրված եւս մեկ գրություն՝ դրանում կրկին ներառելով կեղծ տեղեկություններ այն մասին, թե ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման շրջանակներում ընդերքօգտագործում իրականացնելու փաստ չի արձանագրվել, ուստի օրենքի պահանջի խախտում առկա չէ:

Սույն գրությունը ստորաբաժանման ղեկավարը ստորագրման նպատակով ներկայացրել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին, ով ստորագրել է այն եւ ուղարկել ՀՀ ՊԵԿ։

Հիշյալ գրության հիման վրա ՍՊ ընկերությունում իրականացված ստուգմամբ ՀՀ ՊԵԿ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել, կազմվել է զրոյական ակտ։ Դրա հիման վրա Ընկերության կողմից իրավախախտման համար պատասխանատվության միջոց չի կիրառվել, արդյունահանված օգտակար հանածոների համար բնօգտագործման համարժեք վճարներ չեն հաշվարկվել, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 79.891.700 ՀՀ դրամի գույքային վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին եւ 445-րդ հոդվածի 1-ին մասին): Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԹԻԿՆԱԶՈՐԻ ԱՆԴԱՄԸ՝ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամներից մեկին։

 

Ոստիկանության բաժին տարված քաղաքացու վերաբերյալ հաղորդում եւ համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել Քննչական կոմիտե, ավելի ուշ ՔԿ է ներկայացվել նաեւ տվյալ անձը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի եւ 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։ Քիչ առաջ ՔԿ-ից հայտնեցին,որ մեկ անձ ձերբակալված է։ Նշենք,որ ձերբակալվածը Աշոտ Դանիելյանն է, որը Արցախի նախագահի անվտանգության աշխատակիցն է։ Հիշեցնենք՝ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ էր տեղի ունեցել նշված անձի եւ 24news լրատվական ծառայության լրագրողի եւ օպերատորի միջեւ։ Թիկնապահը խոչընդոտել էր լրատվամիջոցի աշխատանքը եւ հայհոյել նրանց։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Սամվել Շահրամանյանն ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին եւ դատապարտել կատարվածը։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ՝ ԿԱԼԱՆՔ

Ավարտվել է Նոր Հաճնի 25-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պարագայում բազմակի անգամ ավտոմեքենա վարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Նոր Հաճնի 25-ամյա բնակիչը, տեղեկացված լինելով 2023թ. մարտի 3-ին կայացված որոշման մասին՝ 1 տարի ժամկետով իր՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելու վերաբերյալ, 2023թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքում վարելով իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, Չարենց-Թումանյան փողոցների խաչմերուկում ճանապարհը զիջելու հարցի հետ կապված հիշյալ ավտոմեքենայով ձայնային ազդանշան արձակելով, ինչպես նաեւ հեռահար լույսերը միացնել-անջատելով, կանգնեցրել է մեկ այլ՝ «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի հետ սկսել է բարձրաձայն վիճել: Լսելով նրանց ձայները՝ կից շինությունից դուրս են եկել եւ նրանց են մոտեցել մի խումբ անձինք։ «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հեռացել է նշված վայրից, իսկ 25-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել հիշյալ 2 տղամարդկանց՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Այնուհետեւ որոշ ժամանակ անց իր վարած ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ 2023թ. մարտի 3-ի որոշմամբ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից եւ տեղեկացված լինելով այդ մասին՝ 2023թ. մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում 25-ամյա երիտասարդը պարբերաբար վարել է վերոնշյալ ավտոմեքենան։ Իսկ 2023թ. մայիսի 19-ին՝ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ավտոմեքենան վարելիս, կանգնեցվել է հիշյալ վայրում ծառայություն իրականացնող պարեկների կողմից, որի ժամանակ պարզվել է, որ երիտասարդը գտնվում է ոչ սթափ վիճակում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (2 դրվագ), 344-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) եւ 344-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս