ՆՇՎՈՒՄ Է «ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թատրոնի միջազգային օրը մասնագիտական միջազգային տոն է թատրոնի բոլոր աշխատողների պատվին, որը նշվում է ամեն տարի՝ մարտի 27-ին, ամբողջ աշխարհում:

 

Այն առաջին անգամ ողջ աշխարհում նշել են 1961 թվականին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ կյանքի է կոչվել, սակայն առաջին անգամ Թատրոնի միջազգային օրը տոնել են 1948 թվականին Պրահայում: Հայաստանում այն սկսել են նշել դեռեւս ԽՍՀՄ տարիներին: Խորհրդային միությունը Թատրոնի միջազգային օրվա միջոցառումներին մաս է կազմել 1959 թվականին՝ նախքան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից օրվա պաշտոնական սահմանումը. հենց այդ ժամանակ է Մոսկվայում ստեղծվել Թատրոնի միջազգային ինստիտուտի խորհրդային ազգային կենտրոնը:

«Թատրոնը սկսում է կախիչներից». ռուս գրող եւ թատերական ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկիի մտքերից ծնված այս խոսքը ժամանակի ընթացքում թեւավոր ասույթ է դարձել, որը ճիշտ բնութագրում է թատերական աշխարհը: Թատրոնում չկան երկրորդական դերեր եւ մասնագիտություններ, հետեւաբար թատրոնի օրը թատերական ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար է՝ դերասանների, թատերական ռեժիսոր-բեմադրողների, պրոդյուսերների, լուսային օպերատորների, հնչյունային օպերատորների, մոնտաժողների, ձեւավորողների եւ նույնիսկ տոմսավաճառների ու հանդերձարանում աշխատողների:

Թատրոնի միջազգային օրը Հայաստանում նշվում է ոլորտի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությամբ:

Այս տարի 23-րդ մրցանակաբաշխության շրջանակում ներկայացված են մի շարք հայտնի եւ հաջողակ գործեր, անվանի եւ նոր անուններ: Այս տարի, ինչպես արդեն տեղեկացրել էինք, մրցանակաբաշխությունը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին: Այս տարի «Լավագույն տղամարդ  դերակատար» անվանակարգում ներկայացված են Արա Դեղտրիկյանը, Տիգրան Գաբոյանը, Իշխան Ղարիբյանն ու Արսեն Գրիգորյանը, «Լավագույն կին դերակատար» անվանակարգում՝ Թեհմինե Խաչատրյանը, Եվա Զաքարյանը, Արաքսյա Մելիքյանը եւ Սիրանուշ Լազյանը:

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում ներկայացված դերասաններն են Էրվին Ամիրյանը, Վարդան Կուղիանոսյանը, Հովհաննես Օհանյանը եւ Գեւորգ Դավթյանը, իսկ «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգում՝ Ելենա Վարդանյանը, Նառա Սանթոյանը եւ Քրիստինե Ալիխանյանը:

«Լավագույն ներկայացում» անվանակարգում կպայքարեն Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Փոքրիկ ողբերգություններ», Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Ինկած բերդի իշխանուհին» եւ «Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախմբի «Փայլոու» ներկայացումները:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

«ԹՔԱԾ ՈՒՆԻ» ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ

Չնայած այն բանին, որ Երեւանում փակվում կամ մեկ այլ թատրոնի է միացվում  մի ուրիշ թատրոն, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.

 

«Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունը՝ իր վարքականոններով, կենցաղավարությամբ, բարոյահոգեբանական նկարագրով, արժեհամակարգով եւ գեղագիտական ընկալումներով։ Թատրոնը նաեւ այն ճանապարհներից մեկն է, որը հասարակությանը տանում է դեպի կատարելագործում, ինքնակրթում եւ հոգեւոր ապաքինում»։

ArmLur.am-ը այս առթիվ կապ հաստատեց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ նա «թքած ունի» Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքների վրա։

«Ժաննա Անդրեասյանը չնչին աղջիկ է։ Ես թքած ունեմ իր շնորհավորանքերի վրա, որովհետեւ ինքը թշնամի է։ Մի բան ասում է, մյուս բանն անում։ Անիմաստ աղջիկ է, կատարածու»,- ասաց գեղարվեստական ղեկավարը։ Սահակյանի խոսքով՝ Անդրեասյանը տեղյակ չէ, որ նա ԿԳՄՍ նախարարի պաշտոնին ժամանակավոր է։

«Գիտե՞ք ինչ, նա տեղյակ չի, որ ժամանակավոր է, բայց նա նաեւ զոհ է։ Վաղն առավոտը բացվելու է, եւ այդ ամենի համար պատասխաններ պետք է տրվեն։ Հիմա այդ աղջիկը պատասխան պետք է տա, բայց ոչ միայն այդ աղջիկը, այլեւ բոլոր այդ մորուքով աղջիկ-տղաները, որոնք հիմա քանդում են ամեն ինչ»,- ասաց Սահակյանը՝ սահմանափակելով զրույցը։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԿԼԻՆԻ

Ապրիլի 4-5-ը Երեւանում առաջին անգամ կկայանա սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն այսուհետ պարբերական բնույթի կկրի:

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

«Երեւանում կայանալիք աշխարհի գավաթը կկրի մշտական բնույթ: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի հենց մեզ է տվել գավաթի անցկացումը: Միջազգային կառույցի ուշադրությունը դեպի Հայաստան բարձր է, եւ ցուցանիշները, որոնք մենք գրանցում ենք, կրկին բարձրության վրա են: Վստահ ենք` մեր սամբիստները միջազգային հարթակներում բարձր արդյունքներ կգրանցեն»,-ասաց Հայրապետյանը:

Վերջինիս խոսքով` աշխարհի գավաթի խաղարկությունը ստուգատես կլինի մարզիկների համար մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:

«Հայաստանի հավաքականը գավաթի խաղարկությանը յուրաքանչյուր քաշում կունենա երկու մասնակից: Դրանից բացի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարզիկներից մի քանիսն էլ հանդես կգան միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո ձեւավորված փախստականների թիմից»,-ասաց նա:

Երեւանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը դեռեւս մասնակցության հայտ չեն ներկայացրել Ադրբեջանի եւ Թուրքիայի թիմերը:

Ապրիլի 2-ից սկսած՝ միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կժամանեն Երեւան: Գավաթի խաղարկությանը, ընդհանուր առմամբ, կմասնակցի 17 երկրի մոտ 300 մարզիկ:

Հայաստանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը մեծ սպասելիքներ ունի երեւանյան մրցաշարից:

«Տղաները ոգեւորված են, եւ ես լիահույս եմ, որ աշխարհի գավաթի խաղարկությունում մենք դրական արդյունքներ կունենանք»,-ասաց նա:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա «Գազպրոմ Արենա»-ում, իսկ մուտքն ազատ կլինի:

 

 

 

ԿԱՊՈՒՄ Է ԻՐ ՀԵՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայից կրած պարտությունը կապում է իր թերի աշխատանքի հետ:

«Խաղացին, ու պարտվեցինք: Միակ դրականն այն է, որ տղաները ջանք չեն խնայում: Ուշադիր լսում են մարզումների ընթացքում եւ անում, ինչ պահանջվում է: Ֆուտբոլում, սակայն, կարեւորն արդյունքն է, բայց արդյունք չկա: Արդյունքը բացասական է, նշանակում է ես՝ որպես գլխավոր մարզիչ, թերի եմ աշխատել»,-ասել է Պետրակովը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի ընկերական երկրորդ խաղում մրցեց Չեխիայի ընտրանու հետ: Հայաստանի թիմը զիջեց 1:2 հաշվով: Ազգային ընտրանու կազմում միակ գնդակը խփեց Էդգար Սեւիկյանը, որը կիսապաշտպանի անդրանիկ գոլն է հավաքականում: Ազգային ընտրանին հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հունիսի 4-ին` հյուրընկալվելով Սլովենիայի հավաքականին:

 

 




Լրահոս