«ԵՍ Ո՛Չ ՍԵՐՈԲԻ ՀԱՐՑԸ ԽՈՍԱԾ ԵՄ, Ո՛Չ ԷԼ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում միակ կին խոշոր գործարար Սիլվա Համբարձումյանը շարունակ հայտնվում է սկանդալային պատմությունների մեջ: Նա վերջերս տված իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Սերոբ Տեր-Պողոսյանի կինն ասել է, որ եթե իր ամուսնուն խիստ պատժեն, ինքը 99-ի դեպքերի մասին կխոսի, քանի որ ցուցակ ունի: Ի պատասխան` Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, ասել էր, որ դիմելու է դատարան:
-Տիկի՛ն Մադլեն, հայտարարել էիք, որ դատի եք տալու գործարար Սիլվա Համբարձումյանին: Սակայն «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում տիկին Սիլվան նորից պնդեց  իր խոսքերը` ասելով, որ այդ խոսակցությանը ներկա են եղել ինչ-որ ընկերուհիներ, այդ թվում եւ քույր Արուսյակը,  եւ անգամ նշեց, որ «ոչինչ, իր ընկերուհին կգա, իր դեմ դատարանում վկայություն կտա»:
-Ես որեւէ բան չեմ ասել, ես չեմ հանդիպած եւ ես չեմ գիտեր, որ իմ ընկերուհիներս տիկին Սիլվայի ընկերուհիներն են:
-Երեւի հիշում եք, որ տիկին Սիլվայի ասելով` դեպքը տեղի էր ունեցել Ձեր ամուսնու ձերբակալությունից տասն օր հետո «Մարիոթ»-ում:
-Ո՛չ: Չեմ եղել «Մարիոթ»-ում:
-Իսկ հնարավո՞ր է` չեք հիշում: Կամ առհասարակ չեք եղել «Արմենիա Մարիոթ»-ում:
-Չէ՛, «Արմենիա Մարիոթ»-ում  ես եղել եմ, շատ, բայց ես ո՛չ Սերոբի հարցը խոսած եմ եւ ո՛չ ալ ուրիշ բաներ խոսած եմ, որ ես ցուցակ ունիմ, կխոսիմ:
-Դուք ասում եք, որ տիկին Սիլվային չեք ճանաչում, հիմա, երբ  նրա  լուսանկարները կան համացանցում, երեւի նայել եք, գուցե հիշեիք, որ նման դեմք տեսել եք:
-Չէ՛, չեմ ճանաչում:
-Իսկ Դուք հարցրե՞լ եք Ձեր  ընկերուհուն կամ  ընկերուհիներին` իրենք ունե՞ն նման ընկերուհի` Սիլվա անունով:
-Ո՛չ, չեմ հարցուցել: Հիմա ես բոլոր ընկերուհիներս հարցնեմ` դուն Սիլվային ճանաչո՞ւմ ես:
-Շա՞տ ընկերուհիներ ունեք:
-Այդչափ չէ, բայց ունեմ:
-Իսկ Ձեր ընկերուհիները Ձեզ չե՞ն զանգահարել` ասելով, որ «մենք կարդացինք տիկին Սիլվայի» ասածը, եւ հանկարծ չկարծես, որ դա ես եմ եւ այլն:
-Ոչ մեկը:
-Այնուամենայնիվ, բացառո՞ւմ եք, որ Ձեր ընկերուհին դատարանում Ձեր դեմ վկայություն տա: Ձեզ համար դա զարմանալի՞ կլինի…
-Զարմանք կլինի, քանի որ որեւիցե  ձեւով չեմ արտահայտված: Ոչ մի բան:
-Հնարավոր է, որ այդ օրը չեք  ասել, բայց մեկ այլ օր ասել եք, ասենք` ավելի նեղ շրջապատում:
-Ո՛չ, երբեք:
-Տիկին Սիլվան նաեւ կասկած էր հայտնել, որ Ձեզ, հնարավոր է, սովորեցրել են նման բան հայտարարել:  
-Ի՞նչ պիտի սովորեցնեին ինձի: Ես չգիտեմ:
-Լավ, ի՞նչ եք կարծում` ի՞նչն է ստիպել այդ նորմալ, գործարար, մեծ կարողության տեր կնոջը նման բաներ հայտարարել, մտնել նման սկանդալի մեջ:
-Չեմ կարող ասել, իսկապես չգիտեմ, ուր մնաց գուշակություն անեմ, թե ինքը՝ գործարար տիկին, խելացի, այդչափ ճանչված… չգիտեմ` ինչու: Հետո ինքն ասել էր, որ Լիճվազք-Թեյի լիցենզիան առել են Սերոբի համար եւ այլն, մենք արդեն բաժնված էինք առաջվա գործընկերներից, եւ այդ Լիճվազք-Թեյի աճուրդը եղել է 2010-ի նոյեմբերին, երբ մենք արդեն իրենց հետ կապ չունեինք:
-Այսինքն` Դուք այդ վարկածը, որ իրեն լիցենզիայից զրկելն է պատճառ դարձել նման բաներ հայտարարելու, հավանակա՞ն եք  համարում:
-Չգիտեմ` ինչն է, բայց մենք կապ չունինք:
-Ձեր ամուսինը տեղյա՞կ է այս դեպքի մասին, գիտի՞, որ դատի եք տվել տիկին Սիլվային:
-Ո՛չ, ես իրեն բան չեմ ասեր:  
-Իսկ Սերոբ Տեր-Պողոսյանի դատի հետ կապված` ի՞նչ կասեք:
-Ոչ մի բան:
-Ձեզ վրա ճնշումներ եղե՞լ են որեւիցե կողմից, սպառնալիք…
-Ոչ մի բան:
-Մեկ հարց` հոկտեմբերի 27-ի հետ կապված, Դուք  տեղյակ էիք, որ Ձեր ամուսնուն` որպես վկա, կանչում էին, չէ՞:
-Ես շատ ուշ իմացա, որովհետեւ մենք դեռ չէինք ամուսնացել: Մենք «Ռոթըրի» ակումբի անդամներ էինք միասին: Իրեն հարցումներ արել եմ, այո՛, բայց մանրամասնություններ չեմ գիտեր:
-Իսկ մամուլից տեղյա՞կ եք այդ վարկածներին, որ Ձեր ամուսինն էլ է ինչ-որ կերպ առնչվել:
-Լսեր եմ, այո՛, բայց որեւէ նման բան չկար, եւ ինքն էլ այդ ամենի մասին պատասխանել է:
-Գիտեմ, որ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյա անձանց հետ եք ընտանիքով մոտ եղել` վարչապետ, նախկին ոստիկանապետ:  Ձեր ամուսնու ձերբակալության ժամանակ, դրանից հետո Ձեզ զանգահարե՞լ են:
-Ես ոչ մեկի հետ շփում չեմ ունեցեր, Սերոբը` ամուսինս էր հետը շփվում: Իսկ ես ընկերային շփումներ չունեի:
-Իսկ հաշվի առնելով Ձեր ամուսնու նկատմամբ մեղադրանքի էությունը` ինչ-որ վատ վերաբերմունք  Ձեր շրջապատից, «Ռոտարի» ակումբից  եղե՞լ է:
-Չէ՛, չի եղել:
-Այսինքն` կարելի՞ է հասկանալ, որ շինծու են համարում այս ամենը:
-Չեմ կարող ասել` իրենք ինչ մտածում են:
-Իսկ ի՞նչ ակնկալիք ունեք դատավճռից:
-Չեմ կարող պատասխանել: Չգիտեմ:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս