Արագած Ախոյանը մեղավորությունը չի ընդունում․ ի՞նչ է սպասվում նրան․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ գրել էր ArmLur.am-ը, քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողություններով բացահայտվել են Արագած Ախոյանի կողմից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր:

Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 6 անձանցից 2010-2014թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274.712.000 դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ և հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար։ Այդ կերպ, քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս:

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի փաստաբան Բենիկ Գալստյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք ընդունում է Ախոյանն իրեն առաջադրված մեղադրանքը։

Մեզ հետ զրույցում Ախոյանի փաստաբանն ասաց․ «Մեղադրանքի մասով չի ընդունում մեղավորության մասը, այսինքն նշվում է, որ սա քաղաքացիաիրավական խնդիր է՝ անձանց հետ պարտքային հարաբերություններ ունեն ու այստեղ իրապես ուրիշ խնդիր ունենք։ Տուժողների գերակշիռ մասը, այնպես է, որ գումարները վերցրել է, հետագայում որոշակի գումարներ հետ է վերադարձրել, ընդհանուր շրջանառություն է իրար մեջ տեղի ունեցել, ընդ որում՝ տուժողների մի մասը նշում է, որ բնակարան պետք է տրամադրվեր այդ անձանց, բայց չի տրամադրվել։ Հիմա տուժող կա, որ օրինակի համար 4 բնակարան է գնել, որից օրինակի համար 2 բնակարանը տրվել է այդ տուժողին։ Կամ տուժող կա, որ բնակարանը տրվել է, ավտոտնակը՝ չի տրվել վերջնարդյունքում, ինչը պայմանավորված է հիմնական ընկերության սնանկության գնալով, ընդ որում սնանկությունը եղել է հարկադիր սնանկություն»։

Փաստաբան Գալստյանից նաև հետաքրքրվեցին՝ կարո՞ղ է արդյոք այս ամենը համարվել քաղաքական հետապնդում, ինչին ի պատասխան փաստաբանն ասաց, որ նման գնահատականներ չի ուզենա տալ։

«Չեմ ուզի նման գնահատականներ տալ, որովհետև Արագած Ախոյանի հետ էլ պետք է քննարկեմ ու հասկանամ։ Միգուցե սա կարող է լինել այլատիպ վերաբերմունք անձի նկատմամբ, որովհետև այլ հավասար պայմաններում, օրինակ ես պրակտիկայում չեմ հանդիպել, որովհետև բազմաթիվ դեպքեր կան, որ օրինակի համար բազմաբնակարան շենքերի շինարարության խնդիր է եղել, առաջացել է խնդիր, անձը չի կարողացել իր պարտականությունները կատարել և անձի նկատմամբ նույնիսկ մեղադրանք է առկա, բայց խափանման միջոցը շատ ավելի մեղմ է։ Այսինքն, այսպես ասած այլ մոտեցման խնդիր, միգուցե առկա է այս տեսանկյունից»։

ArmLur.am-ի հհտ զրույցում Բենիկ Գալստյանն անդրադարձավ նաև նրան, թե ինչ կարող է սպասվել նախկին ԱԺ պատգամավորին։

Գալստյանի խոսքով՝ չի բացառում, որ տարբերակված մոտեցում կարող է լինել խափանման միջոցի տեսանկյունից և կոնկրետ քրեական դատավարության տեսանկյունից էլի կան դեպքեր, որ շենքի շինարարությունը խնդիր է եղել, անձինք մնացել են առանց իրենց բնակարանների այսպես ասած ու անձանց նկատմամբ խափանման միջոցները մեղմ են ակնհայտ, այսինքն կալանք չեն առնվազն։

Հիշեցնենք, որ Արագած Ախոյանին բացի վերը նշված մեղադրանքից կան նաև այլ առաջադրված մեղադրանքներ։

2022 թվականի ապրիլի 24-ին Ա.Ախոյանը www.facebook.com սոցիալական կայքի` իր էջում, հանրային հասանելի հարթակով, ուղիղ եթերի միջոցով, հրապարակել է տեսանյութ, որի ընթացքում նկատի ունենալով նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ժամանակ երկու քաղաքացիների միջև, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղի ունեցած ծեծկռտուքը, բռնություն գործադրելու վերաբերյալ հրապարակայնորեն կոչեր է հնչեցրել՝
արդարացնելով նման բռնության հրապարակայնորեն գործադրումը:

Այս առթիվ Ախոյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս