Մանկության երազանքից մինչև աշխարհի չեմպիոն․ ինչի մասին է պատմում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին Մարզահամերգային համալիրում պաշտոնապես տեղի է ունեցել «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան: Երեկ տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան Գյումրիում:

Ֆիլմը ավտովթարի հետևանքով լուրջ վնասվածք ստացած Նազիկ Ավդալյանի մասին է, ով 7 տարի դուրս է մնում մեծ սպորտից, ապա վերադառնում և, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Նազիկ Ավդալյանի կերպարը մարմնավորում է Աննա Հարությունյանը: Նա նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը եւ սցենարի հեղինակն է։

Հիմքում իրական դեպքեր և փաստեր են, բայց գեղարվեստական ժանրի կանոններով մատուցված։ Գլխավոր հերոսներին մարմնավորում են նաև Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Արտաշես Ալեքսանյանը և Անահիտ Քոչարյանը:

«Այս ֆիլմում նկարահանվելն առանձնանում է իմ խաղացած բոլոր մյուս դերերից նրանով, որ իմ սիրած ժանրերից մեկն է, և իրական դեպքերի հիման վրա կենսագրական ֆիլմ է: Պատմությունն ինքնին առանձնանում է, սցենարն եմ շատ հավանել: Բացի այդ, կնոջ այդ տեսակը հասարակությանը ներկայացնելը շատ կարևոր է: Ֆիլմը չհանձնվող կնոջ մասին է, ոչ թե կարիերիստ, այլ կնոջ, ով հետևում է իր առաքելությանը»,- նշել է Սոս Ջանիբեկյանը:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Նազիկ Ավդալյանի հետ, սակայն նա նշեց, որ մեկնում է երկրից, և վերադառնալուն պես կպատասխանի բոլոր հարցերին:

Լիլիթ Նալբանդյան




Լրահոս