Վրաստանի նախագահի թեկնածու է առաջադրվել նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլիին, հայտարարվել է «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում մեծամասնության և կուսակցության քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։

Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը հաղորդում է, որ նախագահի թեկնածուին ներկայացրել է «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Լրատվամիջոցը նշում է, որ Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է։ 2016-2020 թվականներին եղել է 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր «Վրացական երազանք-ժողովրդավարական ​​Վրաստան» նախընտրական դաշինքից, իսկ 2020 թվականից՝ 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր: 2022 թվականին լքել է «Վրացական երազանք»-ը և միացել «Ժողովրդի ուժ» կուսակցությանը։ 2024 թվականի մարտի 20-ից «Ժողովրդի ուժ» կուսակցության քաղաքական քարտուղարն է։

Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող է։ 1988-1995 թվականներին եղել է Թբիլիսիի «Դինամո»-ի խաղացող և երեք անգամ դարձել Վրաստանի չեմպիոն։ Տարբեր տարիներին նա խաղացել է այնպիսի ֆուտբոլային ակումբներում, ինչպիսիք են՝ «Մանչեսթեր Սիթին», «Գրասհոֆերը», «Ցյուրիխը», «Լյուցեռնը»։ Նա ստացել է շվեյցարական մարզչական կրթության C կարգի արտոնագիր և նաև ՈւԵՖԱ-ի մարզչական կրթության B կարգի արտոնագիր: 2009 թվականին նա դարձել է Վրաստանում Ֆուտբոլիստների համաշխարհային ասոցիացիայի (FIFPro) հիմնադիրն ու պատվավոր նախագահը։

Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։ Նախագահին կընտրի 300-հոգանոց ընտրական կոլեգիան, որի մեջ մտնում են խորհրդարանի բոլոր պատգամավորները, Աջարիայի և Աբխազիայի Գերագույն խորհուրդների ներկայացուցիչները, ինչպես նաև տեղական վարչակազմերի ղեկավարները։




Լրահոս