ArmLur.am-ի տաղավարում հյուրընկալել էինք «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
Սեյրան Օհանյանի հետ զրուցել ենք գործադիրում տեղի ունեցող պաշտոնանկությունների, Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած ուշագրավ հայտարարությունների եւ ընդդիմության առաջիկա անելիքների մասին։
-Պարո՛ն Օհանյան, վերջին շրջանում, կարծես, ներքաղաքական իրավիճակը շատ լարված է եւ անգամ անվտանգային բազմաթիվ խնդիրներ մղվել են հետին պլան, քանի որ Նիկոլ Փաշինյանը իր աղմկահարույց որոշումներով, կարծես թե, նոր օրակարգ է ձեւավորել: Գիտենք, որ պաշտոնանկությունների մի շքերթ է սկսվել գործադիրում եւ նույնիսկ օրենսդիրում. պատգամավորները մանդատներ են վայր դնում: Նույնիսկ ուրբաթ օրը կայացած իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ մեկ հաղորդագրության միջոցով է տեղեկացրել պաշտոնյաներին հեռացման մասին, եւ այդ որոշումները կայացվել են միանձնյա: Սակայն նա պնդում է, որ սա միայն խնդրանք է եղել եւ ոչ պահանաջ: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կմեկնաբանեք հրաժարականների այս «բում»-ը: Ի՞նչ օրակարգ է ձեւավորում սրանով Նիկոլ Փաշինյանը:
-Նախ եւ առաջ, եթե գնահատական տանք Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի կատարած աշխատանքին, ապա մենք կարող ենք ասել, որ 2018 թվականից առ այսօր ինքն իր գործունեությամբ եւ խոսույթով, ինչպես նաեւ իր տված հարցազրույցներով՝ հատկապես վերջին հարցազրույցով, ապացուցում է, որ ձախողել է երկրի կառավարումը, ձախողել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության առջեւ դրված խնդիրները՝ մեր երկրի թե՛ զարգացումը, թե՛ ապագան ապահովելու տեսանկյունից:
Իր օրակարգը, կարելի է ասել, դուրս է մեր առջեւ ծառացած խնդիրներից եւ հենց իր պատճառով է, որ մենք հայտնվել ենք այս վիճակում: Այդ ձախողման պատճառներից մեկը պետական կառավարման համակարգում հենց մարդկային ռեսուրսների սխալ կառավարումն է՝ կադրային վատ քաղաքականությունը:
Նա եւս մեկ անգամ ապացուցում է, որ կադրային նշանակման ժամանակ ոչ միայն հաշվի չի առնում անձի գիտելիքները, հմտություններն ու ունակությունները, անցած ճանապարհն ու փորձառությունը, այլեւ կադրային նշանակումների եւ ազատումների ժամանակ միանձնյա որոշումներ է ընդունում՝ առանց հիմնավորումների: Ընդ որում, չգիտես ինչ պայմաններում, մատաղն ուտելուց հետո՝ կիրակի օրը, ՍՄՍ-ներով որոշումներ է ընդունում: Նորմալ կադրային քաղաքականության շրջանակում տվյալ անձնավորությունը պետք է ստանա այն հիմքերը, որի համար ազատվում է պաշտոնից: Առհասարակ, հիմքեր պետք է լինեն ցանկացած փոփոխության համար՝ ազատման, պաշտոնի բարձրացման, հավասարազոր պաշտոնի նշանակման. որքան փոփոխություն տեղի է ունեցել՝ մենք այդքան հիմնավորում պետք է լսեինք:
-Պաշտոնանկություններից առաջ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ասաց, որ դժգոհ է հատկապես իրավական համակարգից՝ շեշտելով. «Իմ համբերության բաժակն արդեն լցվում է: Տրամադրել եմ տեխնիկական միջոցներ, բայց դուք տապալել եք այս ոլորտը»:
-Եթե միանգամից մի քանի ոլորտներում են պաշտոնանկություններ լինում, ապա խնդիրը համակարգային է: Սա փաստում է, որ համակարգի ղեկավարն իր տեղում չէ, այսինքն՝ առաջինը հենց Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ArmLur.am կայքում: