
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ:
-Պարո՛ն Սարուխանյան, Գյումրու ընտրություններին մոտ մեկ ամիս է մնացել, տարբեր դեմքեր, որոնք Գյումրիում ճանաչում ունեն, գյումրեցիների կողմից սիրված են, իրենց թեկնածությունն առաջադրել են՝ Ռուբեն Մխիթարյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան եւ այլք։ Ի՞նչ սպասումներ կան այս ընտրություններից, ՔՊ-ն ո՞ւմ է համարում իր հիմնական մրցակիցը։
-Քանի դեռ վերջնական ցանկ չկա, շատ բան չեմ կարող ասել, մենք մեր օրակարգով գնում ենք մասնակցելու ՏԻՄ ընտրություններին։ Մենք բոլորին ենք համարում մրցակից, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր մոտեցման հիմքում մեր կատարած աշխատանքն է առավելապես. փորձելու ենք գյումրեցիներից վստահության քվե ստանալ, որպեսզի Գյումրիում իշխանություն դառնանք։ Բոլոր թեկնածուները հավասար հնարավորություն ունեն, դե ՔՊ-ի ուժն ու հնարավորությունն անհամեմատելի են, մրցակցությունն ավելի շատ մյուս ուժերի մեջ է լինելու։
-Այսինքն՝ արդեն վստա՞հ եք, որ ՔՊ-ն հաղթելու է։
-Միանշանակ, մենք գնում ենք 50-ից ավելի քվե ստանալու եւ հաղթելու համար։
-Ի դեպ, տեղեկություններ կան, որ հաղթելու հարցում իշխանություններին օգնության է հասնելու քրեական ենթամշակույթը, եւ ընտրություններից առաջ ՔՊ-ն ոտքի է հանելու քրեական դեմքերի, որպեսզի ձայներ ապահովեն։
-Իշխանությունները, եթե նման բան անեին, հիմա քրեական հեղինակություններ թեկնածություն չէին դնի, հետեւաբար՝ իշխանությունները քրեական հեղինակությունների հետ առնչություն չունեն, ՔՊ-ն քրեական ենթամշակույթի դեմ պայքարել է, անգամ օրենք ունենք դրա համար։
-Կամ առհասարակ չեն պայքարել քրեական ենթամշակույթի դեմ, կամ էլ անարդյունք է եղել այդ պայքարը, քանի որ հիմա էլ թե՛ Երեւանում, թե՛ մարզերում պարբերաբար հենց քրեական դեմքերի մասնակցությամբ բազմաթիվ վեճեր ու միջադեպեր են լինում։
-Վեճեր բոլոր տեղերում էլ լինում են, անգամ ամենաժողովրդավար երկրում հանցագործություններ լինում են, պայքար է տարվում ամենախիստ միջոցներով։
-Պարո՛ն Սարուխանյան, իշխանությունները, մասնավորապես՝ Գյումրու ավագանու անդամները, գյումրեցի պատգամավորները, անթույլատրելի ու վիրավորական խոսույթով են արտահայտվում ընդդիմադիրների նկատմամբ։ Ինչո՞ւ, հնարավոր չէ՞ առողջ մրցակցություն։
-Իրենք քաղաքական անհատներ են եւ քաղաքական տեքստեր են ասում, այդտեղ որեւէ բան ցենզից դուրս չկա, եթե ցենզից դուրս է կամ վիրավորական, թեկնածուն նեղսրտել է, կարող է դիմել դատարան։
-Դե, հաճախ մեղադրում են, թե այս կամ այն թեկնածուն առնչություն ունի նախկին իշխանությունների հետ. ինչու միայն ՔՊ-ականը կամ իշխանության հետ փոխկապակցված ա՞նձը կարող է առաջադրվել։
-Ով է ասել՝ միայն ՔՊ-ն պետք է մասնակցի։ Եթե չկարողանային մասնակցել, այսքան մասնակցություն չէր լինի, եթե այն իշխանությունը լինեինք, որ չթողնեինք կամ ճնշեինք, այսքան ակտիվ մասնակցություն չէր լինի։ Սա փաստում է այն մասին, որ մենք ամեն ինչ անում ենք, որ արդար ընտրություններ լինեն։ Բոլոր քաղաքական ուժերը, տեսնելով, որ մենք պահում ենք արդարությունը, մասնակցում են ընտրություններին, եւ գնում ենք գյումրեցու ձայնը խնդրելու, իսկ թե ում կընտրի գյումրեցին՝ մեկ ամիս ժամանակ կա։
-Պարո՛ն Սարուխանյան, ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, որը նաեւ համայնքապետի պաշտոնակատարն է այս պահին, ի պաշտոնե հանդիպում է քաղաքացիների հետ, նվերներ բաժանում նրանց։ Սա արդյոք ռեսուրսների չարաշահում չէ՞, ստացվում է՝ մրցակցային անհավասար պայմաններում են պայքարելու թեկնածուները։
-Էլի կան թեկնածուներ, որոնք որոշակի դիրք են զբաղեցնում Գյումրիում։ Սարիկ Մինասյանը համայնքապետի պաշտոնակատարն է եւ իր գործառույթն է իրականացնում։ Եթե բակային հանդիպումներ չաներ, հիմա պետք է դժգոհեին, որ Սարիկ Մինասյանը անգործության է մատնված։ Նվերների բաժանում Սարիկ Մինասյանի կողմից չի եղել։ Մարդիկ կարիքի մեջ են եղել, Սարիկ Մինասյանը խնդրել է՝ ովքեր ի վիճակի են՝ օգնեն այդ մարդկանց։
-Այդ նվերներն էլ Սարիկ Մինասյանի անունից են տրվել քաղաքացիներին։
-Սարիկ Մինասյանի անունից չեն տրվել. հիմա ինձ էլ մարդիկ տարբեր հարցերով դիմում են, շատ բաներ ես ինքս չեմ կարողանում լուծել, այդքան հնարավորություն չեմ ունենում, դիմում եմ այլոց, որ օգնեն մարդկանց։ Նույն տրամաբանությամբ էլ լինում են գործարարներ, կազմակերպություններ, որոնց միջոցով լուծվում է հարցը, որից եւ օգտվել է պարոն Մինասյանը։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
«ՉԵՆ ԳՏՆՈՒՄ» ՄԵՂԱՎՈՐԻՆ
2020 թ.-ից Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից ապօրինի կերպով Աղստեւ գետի հունը փոխելու, գետի հունում երկար, մեծ բետոնե պատ կառուցելու հետեւանքով «Դենդրոպարկը» մնացել է առանց ոռոգման ջրի, ծառայգում չորացել են շուրջ 25 000 տնկի, 1500-ից ավելի հազվագյուտ ծառեր ու թփեր, որոնիցից մոտ 250 տեսակը «Դենդրոպարկում» արդեն վերացել է։ 2023թ. փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ՝ նախկին) Լեւոն Գաբրիելյանի եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը «Դենդրոպարկի» մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով։ «Արգելապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ է գտնվում Իջեւանի «Դենդրոպարկը»։ Այդ ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լեւոն Տեր-Ներսիսյանին հարցրել ենք՝ Իջեւանի գինու, կոնյակի գործարանն ունի՞ բուսաբան-մասնագետներ, որպեսզի նրանք այդ 5,7 հեկտար այգու հազվագյուտ, արժեքավոր ծառերի պահպանությունը եւ խնամքն իրականացնեն։ Լեւոն Տեր-Ներսիսյանի պատասխանում նշված է. «Պայմանագրի 2-րդ կետի մյուս պայմանաններով Վարձակալը պարտավոր է չիրականացնել կառուցապատման աշխատանքներ, չվնասել տարածքում աճող ծառաթփերն ու ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն ու կենդանիները, ժամանակին կանխել բուսական եւ կենդանական աշխարհի վնասատուների ու հիվանդությունների տարածումը»։
Անտրամաբանական է, որ գինու գործարանը կարող է «ժամանակին կանխել բուսական եւ կենդանական աշխարհի վնասատուների ու հիվանդությունների տարածումը»։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, առանց շինթույլտվության, հենապատ կառուցելու համար 2021թ. մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով. 2021թ. հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ 2021թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն որեւէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։ Քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ, քրեական գործը քննչական կոմիտեից փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Իջեւանից հայտնում են, որ այդ գինու գործարանի հետ սերտ առնչություններ, բիզնես հետաքրքրություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ երկար տարիներ ընկերություն անող Հայաստանի հայտնի օլիգարխներից մեկը։ Իջեւանից հայտնում են նաեւ, որ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը մոտ երկու տարի առաջ գնել է գինու գործարանից ոչ հեռու գտնվող «Մարմար» ռեստորանը, վերջերս էլ գնել է այդ ռեստորանի հարակից տարածքում գտնվող հյուրանոցը եւ այնտեղ վերակառուցման աշխատանքներ է կատարում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ