
Կեսգիշերային SMS-ով ՀՀ Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատված Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա: ArmLur.am-ի տեղեկություններով, նա Ամուլսարի հանքավայր կգործուղվի:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունն այս տարվա փետրվարի 27-ի նիստում որոշում ընդունեց այն մասին, որ մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք է տրամադրում գործադիրը Հայաստանի բանկերից` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։
Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգից այս գումարն ընկերությունը պետք է ներգրավի 6 ամսվա ընթացքում, վարկի մարման ժամկետը 5 տարի է։
150 միլիոն դոլարը «Լիդիան Արմենիա»-ին տրամադրելու են «Արդշինբանկ»-ը, «Ակբա բանկ»-ը, «Այդի բանկ»-ը, «Ինեկոբանկ»-ը և «Էվոկաբանկ»-ը։ Այսինքն՝ եթե հանքավայրը շահագործվի և հանկարծ Ադրբեջանի կրակոցների կամ այլ միջամտությամբ շահագործման գործընթացը խաթարվի, Կառավարությունը պետք է վճարի 150 մլն դոլարի նշած բանկերի վարկերը, որոնք ուղղված են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար:
Հիշեցնենք նաև, որ 2023-ի փետրվարին էկոնոմիկայի նախարարությունը, հանքավայրի սեփականատեր «Լիդիան Արմենիա»-ն և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել էին հուշագիր։
Դրանով սահմանված 150 մլն դոլարի փաթեթից 100 մլն-ը պետք է տրամադրվեր Եվրասիական զարգացման բանկի կողմից, 50 մլիոնը՝ տեղական բանկից, ևս 100 միլիոնը պետք է ներգրավեր «Լիդիան Արմենիա»-ն։
Այս հուշագրով սահմանվում էր նաև, որ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը հանձնվում էր կառավարությանը՝ որպես նվիրատվություն։ Այս կասկածահարույց գործարքներով շահագործվելիք հանքում ՀՀ Կառավարությունն ու ՔՊ-ն կունենան ներկայացուցիչ՝ ի դեմս նախկին բնապահպան-ակտիվիստ, Ամուլսարի հանքավայրի բացման դեմ պայքարած Գնել Սանոսյանի:
Ճիշտ նույն սցենարով, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Նարեկ Բաբայանն է աստղաբաշխական աշխատավարձով, որը ողջ կառավարությունով գաղտնի են պահում: ArmLur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Սանոսյանից, սակայն չհաջողվեց ստանալ մեկնաբանություն:
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․