ԱԳ փոխնախարարը քննարկելի է համարում ԵՄ դիտորդների նոր մանդատի հարցը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի, վավերացվի և կայուն խաղաղության նշաններ լինեն, Հայաստանը կարող է քննարկել ՀՀ–ում ԵՄ դիտորդների համար նոր մանդատի հարցը: Այս մասին  ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ստորագրումից հետո ԵՄ դիտորդների դուրս գալու վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը նախ նշեց. «Պայմանագիրն այդքան էլ արագ չի շարժվում: Այդ մանդատը 2 տարով է: Իհարկե, հետագայում, եթե ունենանք այդ առաջընթացը, ստորագրենք, վավերացնենք և իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, կարող ենք քննարկել նոր մանդատ՝ ԵՄ դիտորդների համար: Պարտադիր չէ սահմանափակվել միայն սահմանագծով: Մանդատում կա նաև վստահության միջոցառումների ստեղծումը»:

Նա հավելեց՝ անգամ ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանան գտնել ճիշտ մոդել, որ շարունակեն ԵՄ դիտորդների հետ համագործակցությունը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ վստահություն, որ Բաքուն չի պահանջելու ԵՄ դիտորդներին ամբողջությամբ հանել Հայաստանից՝ Հովհաննիսյանն ընդգծեց. «Եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանո՞ւմ են ուժ: Սա դիտորդական առաքելություն է: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց, իհարկե, բարդ է ասել վստահության մասին»:

Նա նշեց՝ երբ նշվում է երրորդ երկրի ուժ, խոսքը ռազմական ներկայության մասին է: «Թե ինչքանով են դիտորդները համարվում ուժ, սա էլ քննարկման թեմա է»,–եզրափակեց Հովհաննիսյանը:

Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության հասնելու և բանակցությունների ավարտի մասին։  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի տակ: Նախագծի համաձայնեցված տեքստում կա սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու վերաբերյալ դրույթ:




Լրահոս