Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով՝ Կառավարությունում հանդիպել էին ԱԺ խմբակցությունների պատգամավորները` քննարկելու կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված հարցերը:
Հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին և ներկայացրեց հանդիպման մանրամասները:
«Մենք ներկայացրեցինք մեր մոտեցումները, քաղաքական ուժերն էլ ներկայացրեցին իրենց տեսակետը: Նախատեսվում է կառավարության կողմից պատրաստված ծրագիր ներկայացնել և բարձրացված հարցերին լիարժեք պատասխան տալ»,-նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ խնդիրը երկու մասի է բաժանվում:
«Սա նշանակում է, որ համակարգը պետք է ենթարկվի այնպիսի փոփոխությունների, որը թույլ կտա, որ քաղաքացիները բացառապես իրենց կամքով որոշում կայացնել մասնակցել համակարգին, թե՝ ոչ: Չի լինելու որևէ պարտադրում: Մյուս փուլը լրիվ նոր համակարգի մշակումն է», – նշեց նա:
Մինասյանի խոսքով՝ այն հանգամանքը, որ նոր վարչապետը փորձում է լուծել առկա խնդիրները, խոսում է այն մասին, որ մարդկանց բողոքները տեղ են հասել:
Նա նաև նշեց, թե նոր նախագիծը, թերևս, պատրաստ կլինի առաջիկա ԱԺ նիստի ընթացքում: