ԳՅՈՒԼԻ ԱՅՑԸ, ՇՈՂԱՑՈՂ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հրապարակած հերթական փաստաթուղթը ՀՀ-ում ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի զեկուցագիրն է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի` Երեւան կատարած այցելության մասին: Ամերիկացի դիվանագետը պատմում է Գյուլի այցի ընթացքում Երեւանում տիրող մթնոլորտի մասին, ներկայացնում բողոքի ակցիաները, նախագահների հանդիպումն ու հասարակության վերաբերմունքն այդ ամենին: Փենինգտոնը հատուկ նշում է, որ ֆուտբոլային հանդիպման ընդմիջման ժամանակ ինքն ու իր կինը հրավիրվել են նախագահների մոտ, զրուցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Դիվանագետը զեկուցագրում ոչ միայն որոշ մանրամասներ է հաղորդում այդ շփումներից, այլեւ ներկայացնում է սեփական տպավորությունները տեղի ունեցած իրադարձության առթիվ:

Խոսելով Թուրքիայի նախագահի այցի շուրջ` փաստաթղթի հեղինակը նկարագրում է Գյուլի մեքենաների շարասյունը` «դրանով անգամ ակնհայտ էր, որ այդ գիշերը չի դասվելու երեւանյան սովորական գիշերների թվին»: Պատմելով բողոքի ակցիաների մասին` Փենինգտոնը նկատում է, որ «ուլտրա-նացիոնալիստ դաշնակ բողոքավորների տարբեր խմբեր, ընդհանուր առմամբ 1000-1500 մարդ, մանր ակցիաներ էին անում Երեւանի կենտրոնում եւ նախագահական նստավայրի շրջակայքում»: Հեղինակն արձանագրում է, որ ցուցարարների մի մասը պահանջում էր ցեղասպանության ճանաչում, իսկ մյուս մասը` սահմանների բացում: Ոստիկանության ուժեղ վերահսկողության ներքո ընթացող բողոքի գործողություններին հետեւող դեսպանատան` քաղաքական գծով ավագ մասնագետը Փենինգտոնին պատմել է, որ «տարբեր անցորդներ մեծ մասամբ հանդիմանում էին բողոքի ակցիայի մասնակիցներին` քննադատելով, թե Թուրքիայի նախագահը մեր հյուրն է, ուստի պետք է հարգանքով վերաբերվել նրան»:
Երկու նախագահների առանձին հանդիպումից ստացած տպավորությունները, հեղինակի կարծիքով, երկուստեք դրական են գնահատվել եւ հույս ներշնչել խնդրի հետագա լուծման համար: ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատարն իր զեկույցի մեջ առանձին տեղ է հատկացրել նախագահների` հանդիպումից հետո ունեցած համատեղ ասուլիսին: Այս համատեքստում կարեւորվել է Սերժ Սարգսյանի խոսքը. «Ես հույս եմ հայտնում, որ մենք կլուծենք մեր երկու երկրների միջեւ առկա խնդիրները եւ չենք թողնի դրանք հաջորդ սերունդների վրա: Ես տեսա պատրաստակամություն եւ ցանկություն տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու առումով, ինչի համար ես շատ գոհ եմ»: Մեր կողմից նկատենք, որ Սարգսյանի «տեսած պատրաստակամությունը» մեկ տարի անց, ըստ էության, չքացավ, երբ նույնիսկ այդ խոսքերի հեղինակը հասկացավ, որ խաբվել է թուրքերի կողմից: Լեգիտիմության խիստ դեֆիցիտ ունեցող եւ միջազգային հարաբերություններում քարե դարի գործիքներով առաջնորդվող իշխանություններին տվյալ պահին հավանաբար թվում էր, թե ի վիճակի են լուծել դարից երկար ձգվող այդ խնդիրը սին ու թրքահաճո հայտարարություններով:
Շարունակելով Գյուլի այցի ներկայացումը` դիվանագետը մասնավորեցնում է, որ երկու պատվիրակությունների համար նախատեսված պաշտոնական ճաշից հետո երկրների ղեկավարներն ուղեւորվեցին «Հրազդան» մարզադաշտ, «որտեղ հավաքված ժողովրդի վերաբերմունքը Գյուլի հանդեպ առավելապես ողջունելի էր: Երբ խաղադաշտում երեւացին երկու երկրների դրոշները, երկրպագուների կողմից լսվեցին սուլոցներ, իսկ ահա արդեն Թուրքիայի հիմնի հնչելուն զուգահեռ սուլոցներն ավելի սաստկացան` զուգորդված բղավոցներով»: Հեղինակն ընդգծում է, որ թեպետ ոստիկանությունը միջոցներ էր ձեռնարկել քաղաքական կամ վիրավորական որեւէ դրսեւորում կանխելու համար, բայց եւ այնպես շուտով մարզադաշտում երեւացին «վերադարձ», «ցեղասպանություն» եւ նման գրություններով ցուցանակներ:
Զեկուցագրից պարզվում է, որ ֆուտբոլային հանդիպման ընդմիջման պահին Փենինգտոնն ու իր կինը հրավիրվել են նախագահների մոտ, ուր «տիրող մթնոլորտը եղել է բավականին տրամադրող, սրտագին եւ դրական լիցքերով լի»: Ամերիկացու ուշադրությունը գրավել է հատկապես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի տեսքը, «ով, կարծում ենք, գտնվելով Սարգսյանի կողմից խիստ ճնշված վիճակում, ուղղակի շողում էր»: Թե՛ Գյուլը, թե՛ Սարգսյանը դիվանագետին հայտնել են իրենց խորը երախտագիտությունն այցի նախապատրաստման գործում ԱՄՆ-ի ունեցած նշանակալի ավանդի համար: Փենինգտոնը զրույցներ է ունեցել նաեւ թուրք եւ հայ տարբեր պաշտոնյաների հետ, ովքեր ոչ պաշտոնական զրույցներում իրենց ուրախությունն են հայտնել դեպքերի զարգացման առթիվ, նաեւ «հույս հայտնել՝ տարողունակ ձեռքբերում արձանագրելու հետ կապված»:
Մեկնաբանությունների բաժնում դիվանագետը, սակայն, նկատել է, որ առարկայական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Անդրադառնալով Երեւանում երեկոյան տիրող մթնոլորտին` Փենինգտոնն ավելացրել է. «Մինչեւ ուշ ժամը Հանրապետության հրապարակի հարակից սրճարանները լիքն էին թուրքերով ու հայերով, ովքեր կիսվում էին իրենց տպավորություններով այն մասին, թե ինչ տեղի ունեցավ, եւ ինչ կարող է այդ ամենը նշանակել»: Իրադարձությունների նկարագրությունն ամփոփելով` Փենինգտոնը տեղեկացնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակնկալիքներ ունեն գլխավորապես հայկական շրջանակները. «Սա փաստ է, որ կարող է ճնշիչ գործոն հանդիսանալ Սերժ Սարգսյանի վրա՝ պահի ոգեւորությունը կոնկրետ քաղաքական արդյունքների վերածելու առումով»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս