Armenian text to speach

«Ամեն ինչ իր ժամանակն ունի»․ Քրիստինե Պեպելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջույն Քրիստինե, տարին ավարտվում է, կուզեի իմանալ ինչպե՞ս եք ձեզ զգում և ի՞նչ հիշարժան պահերով էր առանձնահատուկ այս տարին։

 

2022 թվականն ինձ համար բավական հետաքրքիր և, ինչ-որ առումով, վերագնահատումների տարի էր։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր տարի մեզ ինչ-որ բան է սովորեցնում, բայց կան տարիներ, որոնք առանձնահատուկ հետք են թողնում։ Այս տարին ստեղծագործական առումով կարող եմ համարել ակտիվ, քանի որ տարվա ընթացքում հասցրել եմ նկարահանել չորս տեսահոլովակ, որոնցից մեկն իմ ուսանողների հետ։

 

Անցած տարվա ո՞ր հաջողությունն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը, և ինչո՞ւ է այն հատկապես կարևոր Ձեզ համար։

 

Երբ տարիներ շարունակ ստեղծագործում ես և տեսնում, որ մարդիկ շարունակում են լսել քո երգերը, սպասել նորություններին, դա արդեն մեծ հաջողություն է։ Ինձ համար հատկապես արժեքավոր է այն, որ իմ երգերը շարունակում են մարդկանց կյանքի մի մասը լինել։

 

Ստեղծագործական հաջողությունների հետևում հաճախ մնում են դժվարություններ, որոնց մասին հանդիսատեսը տեղյակ չէ։ Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք անցած տարվա ընթացքում։

 

Ամենից մեծ դժվարությունը բոլորիս համար կարծում եմ քովիդ19-ն էր, որը խառնեց բոլորիս կյանքն ու պլանները։ Մեզանից շատերը կորցրեցին իրենց հարազատներին, մենք ևս ունեցանք անդառնալի կորուստներ, հայկական շոուբիզնեսը կորցրեց իր ամենատաղանդավոր երաժիշտներից մեկին ՝ մեր ընկերոջը ՝ Հայկոյին։

Բեմում՝ Քրիստինե Պեպելյանը, էկրանից՝ Հայկոն։

 

2022 թվականի ընթացքում եղե՞լ է հանդիպում, համերգ կամ երկրպագուի արձագանք, որը Ձեզ առանձնահատուկ հուզել է։

 

Այս տարվա համերգներից կառանձնացնեմ ինձ համար ամենահուզիչ համերգը, որը նվիրված էր Հայկոյի հիշատակին։ Այդ համերգի ժամանակ ես երգեցի մեր համատեղ դուետը, սակայն ես բեմում մենակ էի, Հայկոն երգում էր էկրաններից։ Ինձ համար շատ դժվար էր հաղթահարել այդ հուզմունքը։

 

Տարիների ընթացքում փոխվում են ոչ միայն արտիստի երաժշտական նախասիրությունները, այլև կյանքի նկատմամբ նրա վերաբերմունքն ու առաջնահերթությունները։ Ի՞նչ փոխվեց Ձեր մեջ անցած տարվա ընթացքում։

 

Կարծում եմ՝ տարիների հետ մարդն ավելի ընտրող է դառնում։ Եթե նախկինում կարող էի շատ բաների կարևորություն տալ, այսօր փորձում եմ կենտրոնանալ միայն այն ամենի վրա, ինչն իսկապես արժեք ունի։ Ավելի եմ գնահատում ժամանակս, ներքին խաղաղությունս և հարազատ մարդկանց ներկայությունը։

 

Կա՞ ստեղծագործական նախագիծ կամ երազանք, որը չհասցրիք իրականացնել 2022 թվականին և մտադիր եք կյանքի կոչել առաջիկայում։

 

Կարող եմ ասել, որ կան երաժշտական մտահղացումներ, որոնք ինձ համար շատ հետաքրքիր են, և հույս ունեմ՝ առաջիկայում հնարավորություն կունենամ դրանք ներկայացնելու հանդիսատեսին։ Երբեմն լավ գաղափարին պարզապես ժամանակ է անհրաժեշտ։

Բեմում՝ Քրիստինե Պեպելյանը, էկրանից՝ Հայկոն։

 

2023 թվականն  Ի՞նչ նորություններ կարող են սպասել Ձեր երկրպագուները։ Նախատեսո՞ւմ եք նոր երգեր, տեսահոլովակներ, համերգային ծրագրեր կամ անսպասելի համագործակցություններ։

 

Առաջիկայի համար շատ ստեղծագործական մտքեր ու ծրագրեր ունեմ, որոնց շուրջ աշխատում եմ։ Չեմ ցանկանում ժամանակից շուտ բացել բոլոր փակագծերը, բայց հետաքրքիր անակնկալներ կլինեն։

 

Եթե հնարավորություն ունենայիք 2022 թվականից Ձեզ հետ վերցնելու միայն մեկ կարևոր դաս կամ ձեռքբերում, ո՞րը կլիներ այն։ Եվ հակառակը՝ ի՞նչ կցանկանայիք թողնել անցյալում։

 

Կարծում եմ՝ ինձ հետ կվերցնեի այն գիտակցումը, որ կյանքում ամեն ինչ իր ժամանակն ունի։ Պետք չէ շտապեցնել իրադարձությունները կամ ամեն գնով փորձել վերահսկել դրանց ընթացքը։ Իսկ անցյալում կթողնեի ավելորդ անհանգստությունները և այն իրավիճակները, որոնց վրա երբեմն չափազանց շատ էներգիա ենք ծախսում։

 

 

 

Ո՞րն է այն ամենամեծ նպատակը կամ երազանքը, որի իրականացմանը ձգտում եք առաջիկայում։

 

Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ շարունակեմ ստեղծագործել սիրով և որգեշնչմամբ ։ Իհարկե, կան մասնագիտական նպատակներ, որոնք կցանկանայի իրականացնել, բայց ինձ համար շատ կարևոր է նաև այն զգացողությունը, որով անցնում եմ այդ ճանապարհը։ Չեմ ցանկանում, որ կյանքը վերածվի միայն նպատակների հետևից անվերջ վազքի։ Ուզում եմ կարողանալ վայելել նաև ընթացքը, գնահատել ձեռքբերումները և ժամանակ ունենալ ինձ համար թանկ մարդկանց հետ լինելու։

 

Քրիստինե Պեպելյանը՝ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի (Մենչ) և երգիչ Ռազմիկ Ամյանի հետ։




Լրահոս