Սկսվել է «խոպանի սեզոնը», և հազարավոր տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Ավիատոմսերի թանկ լինելու պատճառով շատերը գերադասում են Ռուսաստան մեկնել ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով: Սակայն նրանց մի մասին Վրաստանի եւ Ռուսաստանի սահման հանդիսացող Վերին Լարս սահմանային անցակետում տհաճ անակնկալ է սպասում:
Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեց Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնել ցանկացող նոյեմբերյանցին, ինքը երբևէ Ռուսաստանում օրենք չի խախտել, քրեական կամ վարչական պատասխանատավության չի ենթարկվել, չի տուգանվել, սակայն ռուս սահմանապահները իրեն Վերին Լարսից ետ են ուղարկել: Պատճառը չեն նշել, ասել են, որ դա կարող է պարզել Երեւանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից: Նոյեմբերյանցին պատմեց, որ Ռուսաստան մեկնող իրենց ավտոբուսից 8 հայաստանցու Վերին Լարսից ետ են ուղարկել: Հիմա նա պաշտոնապես դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն պարզելու՝ արդյոք ինքն իրավունք ունի՞ մուտք գործել Ռուսաստան:
Մինչ դեսպանատնից ձգձգում են նման հարցումների պատասխանը, ոմանք գտել են այդ հարցի լուծման արագ եւ արդյունավետ եղանակ: Նրանք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում 5 հազար դրամ կանխավճար են մուծում՝ առանց գնելու Ռուսաստան մեկնող օդանավի տոմսը: Օդանավակայանի աշխատողը երկու ժամվա ընթացքում հարցում է կատարում, արդյոք Հայաստանի այդ քաղաքացին կարո՞ղ է Ռուսաստան անարգելք մուտք գործել: Եթե պարզվում է, որ տվյալ անձի մուտքը ՌԴ արգելված է, հայաստանցու համար 5 հազար դրամը կորչում է: Սակայն դա հաստատ ավելի էժան եւ հեշտ տարբերակ է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ