Յուրի Վարդանյանի որդին առողջական խնդիրներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ անցկացվող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով դատական նիստը երեկ հետաձգվել է:

Դավիթ Վարդանյանի պաշտպան Վահան Հայրապետյանն այսօր Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նիստի հետաձգվելը կապված էր իր պաշտպանյալի առողջական խնդիրներ ունենալու հետ, իսկ հաջորդ դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ:

«Լուրջ խնդիրներ չկան, երևի ինչ-որ բան է կերել, թունավորվել, հիմա էլ բժիշկների հսկողության տակ է գտնվում»,- հայտնեց Դ. Վարդանյանի պաշտպանը:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երևան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին:

Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ: Բացի այդ՝ ևս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել  է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում:

2013 թ. հոկտեմբերի 12-ին և 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են:

Թմրամիջոցների դեպքում 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ: Ինչ վերաբերում է  Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար:

Տաթև Հարությունյան




Լրահոս