ՄԱՐԴԻԿ ՀՈԳՆԵԼ ԵՆ ՀՀԿ-Ի ԿՐԿՆՎՈՂ ԴԵՄՔԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը 2007-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր ավելի կուռ թիմով եւ իրական ձայներ հավաքելու մեծ հնարավորություններով, քան այսօր: ՀՀԿ-ի նկատմամբ հավատը վերացել է: Ընդ որում, ոչ միայն շարքային քաղաքացիների մոտ, այլ հենց ՀՀԿ-ականների ու նրանց մերձավոր անձանց:
Հիմա փորձենք ասվածը ներկայացնել առավել առարկայական: 2007-ին Տավուշի մարզը բավականին լուրջ ձայներ տվեց ՀՀԿ-ին, իսկ հիմա մարզկենտրոն Իջեւանում ԲՀԿ-ն է իշխում` իր նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանով: Միայն այն բանի համար, որ նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից մարդիկ հոգնել էին: Իսկ մարզպետ Արմեն Ղուլարյանի նկատմամբ վաղուց հավատ չկա բնակիչների մեծ մասի մոտ, մարդիկ պարզապես հոգնել են անվերջ նույն դեմքերին իշխանիկ տեսնելու փաստից, ինչը նշանակում է, որ այս մարզում ՀՀԿ-ն ձայներ հավաքելու լուրջ խնդիրներ կունենա:
Նախորդ ընտրությունների ժամանակ ողջ Լոռու մարզը միանշանակ քվեարկեց Հանրապետական կուսակցության օգտին, քանի որ ՀՀ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն իր եղբոր հետ միասին աշխատում էին (չխնայելով միլիոնները) ՀՀԿ-ի համար: Հիմա նրանք չկան ՀՀԿ-ում կամ նրա շուրջ: Նրանց պետք է փոխարինի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կամ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թե ինչքանով նրանց կհաջողվի փոխարինել Կարապետյաններին, արդեն կարելի է պատկերացնել: Ամեն դեպքում` այստեղ տխուր պատկեր է:
Վայոց ձորի ՀՀԿ-ական մարզպետին այսօր փոխարինում է ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, որը թեեւ դժվարությամբ, այնուամենայնիվ, կարող է հակակշռել ինչպես «Ջերմուկ»-ի Արսենյաններին, այնպես էլ տեղի պատգամավոր Սամվել Սարգսյանին: Իսկ հակակշռելու պատճառը ոչ թե այն է, որ Բագրատյանն ավելի լավ մարզպետ է, այլ պարզապես ՀՀԿ-ի ներկայացուցիչները հոգնեցրել են մարդկանց:
Թվում է` Սյունիքի մարզը ՀՀԿ-ի ուժեղ կողմն է, բայց այստեղ մշտապես գոյություն ունեցող կոնֆլիկտային իրավիճակը կարող է իշխող Հանրապետականի համար ցանկալի արդյունքներ չտալ: Մարզի երկու դերակատարները` առաջինը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը եւ մարզպետ Սուրեն Խաչատրյանն անհամատեղելի են: Ու դժվար է ասել, թե սրվող այդ հակասությունն ինչ ազդեցություն կունենա ՀՀԿ-ի մարզային հեղինակության վրա: Բացի այդ, մարզի վասալ Խաչատրյանն առաջվա ջերմ հարաբերությունները չունի Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի հետ, որն էլ կարող է իր «նստվածքը տալ»:
Շիրակի մարզում թվում է, թե Աշոտ Գիզիրյանի նշանակումը կարող էր ուժեղացնել ՀՀԿ-ին, բայց կյանքը ցույց տվեց, որ միայն ուժեղ մարդ նշանակելը հարցը չի լուծում: Հայրաքաղաքի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը միայն բավական է, որպեսզի Շիրակից ՀՀԿ-ն ստանա 0 ձայն: Եթե դրան էլ ավելացնենք երկու առանցքային ԲՀԿ-ականներին` Սամվել Բալասանյանին եւ Մարտուն Գրիգորյանին, որոնց, ի տարբերություն Վարդանիկի, մարդիկ այդքան էլ վատ չեն վերաբերվում, եւ կարող է` ձայներ տան, արդեն կարելի է պատկերացնել, թե ՀՀԿ-ն ինչ ջանքերի գնով պետք է ձայներ հավաքի: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, ապա նա ընտրությունից ընտրություն է լինում Շիրակում:
Կոտայքի մարզում վիճակն առավել քան տխուր է: Մարզի մի մասում տիրապետողը ԲՀԿ-ն է` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մյուսում ընդդիմությունը` ի դեմս Սասուն Միքայելյանի: ՀՀԿ-ի ողջ հույսը Կովալենկո Շահգալդյանն է, որը դժվար թե կարողանա, ընտանիքի անդամներից բացի, այլոց ձայները հավաքել:
Գեղարքունիքի մարզում թեեւ մարզպետը ԲՀԿ-ական է, սակայն, ի տարբերություն Կոտայքի, ՀՀԿ-ի համար այնքան էլ ողբերգական չէ: Այստեղ մեծամասնական ընտրակարգերում են խնդիրները, քանի որ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելիք բոլոր թեկնածուներն աչքի չեն ընկնում հանրային ընկալմամբ եւ դժվար կարողանան կուսակցության համար ձայներ հավաքել:
Գեներալներով հարուստ Արմավիրի մարզում եւս այնքան էլ լավ չեն ՀՀԿ-ի գործերը, քանի որ մարզպետն ու քաղաքապետերը այստեղ էլ են հասցրել մարդկանց մեջ հնարավորինս ատելություն առաջացնել ՀՀԿ-ի հանդեպ:
Իսկ Արարատի մարզում տեր ու տիրական համարվող երկու դեմքերն էլ «ականազերծվել» են: Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանն առաջվանը չեն, եւ դժվար է ասել, թե ՀՀԿ-ի համար ովքեր պետք է աշխատեն մարզում: Նույն տխուր վիճակն է նաեւ Արագածոտնի  մարզում:  
Ինչ վերաբերում է մայրաքաղաք Երեւանին, ապա այստեղ ՀՀԿ-ն կորցրել է առնվազն երկու լուրջ ընտրատեղամաս. նեղացրել է նախորդ ընտրություններում ձայն բերածներին եւ նրանց փոխարեն նորերին չի գտել: Խոսքը Կենտրոն համայնքի մասին է, որտեղ եղած ընտրատարածքներից մեկում լուրջ ազդեցություն ունի Խաչատուր Սուքիասյանը, մյուսում` Գագիկ Բեգլարյանը, որն ինչքան էլ փորձի ՀՀԿ-ին ցույց տալ իր հավատարմությունը, միեւնույն է, նրա թիմն առաջվա ոգեւորությամբ ՀՀԿ-ի համար չի աշխատի: Բոլորն էլ տեսան, թե ինչպես վարվեցին Գ. Բեգլարյանի հետ:
Այսպիսով, եթե ՀՀԿ-ն 2012-ի ընտրություններին գնում է իրենից նեղացածների հոծ բազմությամբ, որոնց դեռ փոխարինողներ չի գտել եւ եթե առաջիկայում շարունակի իր գործունեությունը նույն «հին դեմքերով», ապա հաստատ խնդիրներ կունենա: Թեեւ պետք է նկատենք, որ հանրապետականների կողմից առաջարկած երիտասարդներն էլ առանձնապես «բարի պտուղ չեն»:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս