Կոտայքի նորանշանակ մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով ներողություն է խնդրում բնապահպաններից այս տարվա մարտի 25-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի շրջանակներում բնապահպանների հետ ունեցած միջադեպի վերաբերյալ. «Հարգելի բնապահպաններ,ես իրոք ափսոսանք եմ հայտնում, որ Ձեզ հետ մեր հարցուպատասխանը վերածվեց վիճաբանության:
Երկխոսության կառուցման ու քաղաքակիրթ բանավեճի ծավալման մշակույթի ու փորձի պակասը, ցավոք սրտի, հանգեցրեց մի իրավիճակի, որի արդյունքում հնչեցին անհիմն մեղադրանքներ և կոշտ արձագանքներ: Կարծում եմ, որ կողմերը փոխադարձաբար պետք է հայցեն միմյանց ներողամտությունը, ինչը ես անում եմ՝ կրկին անգամ նշելով, որ ոչ մեկի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես փորձել եմ զսպել որոշ անձանց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները: Ես դրական եմ վերաբերվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմանը և գնահատականին՝ նկատի ունենալով, որ վերջապես սահմանվեց և դրվեց այն նշաձողը, որը վերաբերվում է քաղաքացիների հետ շփվելիս քաղաքական գործիչների, կառավարության անդամների, պաշտոնատար անձանց հանրային վարքագծին: Դրանով դուրս բերվեցին այն չափանիշները, որոնցով այսուհետ պետք է գնահատվի հանրային ծառայողի, պետական պաշտոնյայի վերաբերմունքը և դրա հարգալից լինելը:
Կարծում եմ այս որոշումը կարևոր է նաև նրանով, որ ընդգծվեց պաշտոնատար անձանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչը հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց հետ հարաբերվելու որոշակի վարքագծային կանոններ է թելադրում նաև հասարակության անդամներին:
Ես լիահույս եմ, որ հասարակության անդամները ևս կգնահատեն փոխադարձ հարգանքի վրա քաղաքացի-պաշտոնյա շփումների նոր մշակույթի ձևավորմանն ուղղված Հանձնաժողովի ջանքերը, և Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված մոտեցումները համատեղ կյանքի կկոչենք»:
Հիշեցնենք, որ միջադեպի ժամանակ բնապահպանության նախկին նախարարը սպառնացել էր բնապահպան-ակտիվիստին`ասելով. «Չափդ ճանաչի՛, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ»: Դեպքի առնչությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ի թիվ 12-Ա որոշմամբ հարուցել էր վարույթ՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հարցի քննարկման նպատակով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է նախարարի կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքը: